կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-23 12:31
Սպորտ

Հայաստանի մարզական ֆեդերացիաները. ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍ

Հայաստանի մարզական ֆեդերացիաները. ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍ

Yerkir.am-ը շարունակում է իր նոր` «Հայաստանի մարզական ֆեդերացիաները» նախագիծը: Այս անգամ անդրադարձել ենք Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիային:

 

 Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիա

 Ֆեդերացիայի նախագահ` Ֆելիքս Սարգսյան

  Ֆեդերացիայի փոխնախագահ` Կարեն Հակոբյան

 

Պատմությունը

 Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան մեծ պատմություն ունի: Այն հիմնադրվել է 1949 թվականին: Առաջին նախագահն է եղել Բորիս Սևոյանը:  1946 թվականին մի խումբ հայրենադարձների հետ Հայաստան է եկել նաև Հարություն Հակոբյանը, ով  1945 թվականին հռչակվել էր Ռումինիայի պատանիների չեմպիոն: Բնակություն հաստատելով Հայաստանում` նա անցնում է և\' մարզական, և\' մարզչական գործունեության: Նրա գլխավորությամբ` 1950 թվականին հայ թենիսիստները մեկնում են Մոսկվա` մասնակցելու միջազգային մրցաշարի, և բացարձակ առավելության հասնում մրցակիցների նկատմամբ:

1951-ի նոյեմբերին անցկացվում է ԽՍՀՄ անդրանիկ առաջնությունը, որի հաղթող է դառնում Հարություն Հակոբյանը, և հենց նրա ջանքերով 1954 թվականին հիմնադրվում է Երևանի սեղանի թենիսի մարզադպրոցը:  \"\"

 

ԽՍՀՄ տարբեր տարիքային առաջնությունների չեմպիոններ

 

 

 Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ

Հարություն Հակոբյան

Սյուզաննա Զաքարյան

Էլմիրա Անտոնյան

Նարինե Անտոնյան

Ֆելիքս Փիլոսյան

Ֆելիքս Սարգսյան

Գոհար Խանզրադյան

Արմինե Մակինյան

Աննա Պողոսյան

 

Գեղամ Վարդանյան

Անիտա Զաքարյան

Սամվել Վարդանյան

Սարգիս Սարխոյան

Էլմիրա Անտոնյան

Նարինե Անտոնյան

Բագրատ Բուռնուզյան

 

 

 Անկախությունից հետո

1991 թվականին ստեղծվեց նոր ֆեդերացիա, որը գլխավորեց Ռոբերտ Ասատրյանը: Այնուհետև ֆեդերացիան գլխավորել են Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, Հրանտ Ավագյանը,  Սամվել Դիլոյանը, Լևոն Գրիգորյանը, սպորտի ներկայիս նախարար Գաբրիել Ղազարյանը, իսկ 2014-ից մինչ օրս այն գլխավորում է ԽՍՀՄ չեմպիոն, սպորտի վարպետ, վաստակավոր մարզիչ Ֆելիքս Սարգսյանը, ով նաև Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների գլխավոր մարզիչն է:

«Պատանիները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը: Պետությունից տարեկան  11 միլիոն դրամ է տրամադրվում մեզ, որը ծախսվում է պատանիների և փոքր տարիքային թենիսիստների` միջազգային մրցումներին մասնակցության համար:  Այս տարի 10 պատանի մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, իսկ փոքր տարիքայինները  3  հոգանոց խմբով են մասնակցել ու կարողացել տեղ գտնել 32 ուժեղագույնների մեջ», -ասում է Սարգսյանը:

\"\"

Սեղանի թենիսի նկատմամբ հետաքրքրությունը հիմա մեծացել է, բայց դա այնքան էլ չի ուրախացնում Ֆելիքս Սարգսյանին, քանի որ չկան անհրաժեշտ պայմաններն ու ֆինանսավորումը, որպեսզի մարզիկները կարողանան զբաղվել միայն տվյալ մարզաձևով և բարձր արդյունքներ ցույց տալ միջազգային մրցաշարերում:  

«Հիմա աշխուժություն կա, բայց իմ սրտով չէ: Շատ մրցաշարեր ենք անցկացնում, բայց դա քիչ է: Մի կողմից էլ` մեր աշխարհագրական դիրքն է վատ, մրցումների մասնակցելու համար մեծ գումար է պահանջվում, քանի որ մենք բավականին հեռու ենք եվրոպական երկրներից և երկար  հեռավորություն պետք է անցնենք` մրցումներին մասնակցելու համար: Ճիշտ է, հիմա չունենք բարձրակարգ թենիսիստներ, բայց հետաքրքրությունը մարզաձևի նկատմամբ մեծացել է, իսկ մեր հեռանկարային մարզիկները լքել են երկիրը: Էլիզաբետա Աբրահամյանը, ով  այժմ ընտանիքի հետ ապրում է Ռուսաստանում, փոքր տարիքայինների աշխարհի առաջնությունում 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել»,- ասում է մարզիչը:

\"\"

 Մարզադպրոցներ

Ներկայացնելով  Հայաստանի տարբեր քաղաքներում գործող` սեղանի թենիսի մարզադպրոցների վիճակը` ՀՍԹՖ-ի նախագահն ասում է. «Սեղանի թենիսի մասնագիտացված դպրոց կա նաև Գյումրիում, Վանաձորում, Արցախում և Սևան քաղաքում: Բոլոր քաղաքների մարզիկներն էլ մասնակցում են Հայաստանի առաջնությանը, որն անցկացվում է ամեն տարի: Առաջներում լավ դպրոց ուներ Վանաձորը, բայց հիմա հիմնական չեմպիոնները Երևանից են: Հիմա մարզաձևով զբաղվում է մոտ 3 հազար հոգի, իսկ «Հայաստան» մարզադպրոցում մարզվում է շուրջ 300 թենիսիստ: «Երևանի «Հայաստան» մարզադպրոցի գույքը հիմա բավականացնում  է մարզվելու համար: Գույքն ամբողջությամբ դպրոցին է տրամադրել «Խրոնիմեդ» բարեգործական ընկերությունը: Մյուս դպրոցներում գնդակները և մյուս պարագաներն իմ անձնական միջոցներով եմ գնում: Ֆեդերացիային հատկացված գումարը ծախսվում է միայն մրցումներին մասնակցելու համար:  Գյումրիում մասնագիտացված դպրոց կա, սակայն դահլիճը համարություններ չունի: Վանաձորում և Արցախում վիճակը համեմատաբար լավ է: Կան մարզվելու համար որոշակի պայմաններ:

Եթե այս տեմպերով շարունակվի կարող ենք կորցնել մեր մարզաձևը, եթե արդեն չենք կորցրել: ԽՍՀՄ ժամանակներում մենք ունեցել ենք աշխարհահռչակ սեղանի թենիսիտներ: Հիմա հեռանկարներ չեմ տեսնում, քանի որ հիմնականը կախված է ֆինանսներից: Կան 1-2 խոստումնալից երեխաներ, հիմա շեշտը դրել ենք նրանց վրա: Եթե ամեն մարզիչ կարողանա մեկ կամ երկու լավ կադր պատրաստել, մարզաձևը մեծ առաջընթաց կապրի»: 

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ