Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձել է ՀԷՑ-ի վաճառքի և նոր սեփականատիրոջ թեմային: Նա որոշակի դրական հանգամանք է տեսնում, որ մասնավոր ընկերություն է գնել ՀԷՑ-ը, այն պարզ պատճառով, որ մասնավոր ընկերությունը թույլ չի տա, որ իրենից գողանան, սակայն դա խնդրի արմատական լուծում չէ, որովհետև էներգետիկ համակարգը պետք է բարեփոխումների ենթարկվի:
Հրանտ Բագրատյանը առաջարկում է 9 կետից բաղկացած բարեփոխումների ծրագիր, այն է` վերացնել մեկ ՀԷՑ-մեկ համակարգ կառուցվածքը. պետք է լինի էներգետիկ շուկա, սակագներն ամսվա մեջ պետք է միշտ ունենան ընթացիկ շուկայական փոքրիկ տատանումներ, պետք է վերացնել ՀԾԿՀ-ի կողմից սակագների հաստատման պրակտիկան, պետք է մշակվեն էներգետիկ շուկայական մեխանիզմներ, որոնցով պետք է որոշվի սակագինը:
Հարցին` իսկ ի՞նչ կասի պատգամավորն այն մասին, որ օֆշորային ընկերություն է գնել ՀԷՑ-ը, Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Ճիշտն ասած` ինձ դուր չի գալիս, որ օֆշորային ընկերություն է գնել ՀԷՑ-ը: Օֆշորային լինելը նշանակում է, որ պետք է զգույշ լինենք իրենց գնումների հարցում, բայց դա էլ չէ էականը: Էականն այն է, որ էներգետիկ շուկան կայանա, իսկ այդ ուղղությամբ ես քայլեր չեմ տեսնում»:
Yerkir.am-ի այն հարցին, թե ի՞նչը պետք է ստիպեր Սամվել Կարապետյանին գնել վարկերի ու պարտքերի մեջ կորած ՀԷՑ-ը, Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Վստահ եմ, որ գնորդը փորձառու է և հավանաբար հաշվի է առել, որ այդտեղ հսկայական միլիարդների գողություն է կատարվել, և նա դա դիտարկել է որպես պոտենցիալ շահույթ: Ոչ ոք հենց այնպես 500 միլիոն դոլար չի տա, մարդը հաշվարկել է և գիտի, թե ինչի համար է փող տալիս»:
Ինչ վերաբերում է խնդրին վերաբերող տարատեսակ աուդիտներին, ապա պատգամավորը նշեց` ինքը կողմնակից չի եղել աուդիտի անցկացմանը, քանի որ դա ժամանակի ու գումարի ավելորդ կորուստ է: