Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին շրջանում «Ռոսիա» կինոթատրոնի շենքի հարևանությամբ շինարարությունները չեն դադարում: Ավելին` 500 000 դրամ շահույթով «կրեատիվ» մրցույթ է հայտարարվել՝ շենքի ճակատային հատվածի մի մասը խճանկարով պատելու համար: Համաձայն հայտարարության` մրցույթի վերջնաժամկետը վաղն է լրանում, իսկ արդյունքների մասին կհայտարարվի փետրվարի 20-ին:
Շենքի ճարտարապետներից ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենից՝ որպես հեղինակի, ոչ ոք դեռևս թույլտվություն չի ստացել շենքի արտաքին տեսքում փոփոխություն կատարելու համար: Նա ասաց նաև, որ եթե իր համաձայնությունը չհարցնեն, ու ինչ-որ փոփոխման ենթարկվի շենքի տեսքը, այն անօրինական պետք է համարվի: Թեև, Պողոսյանի խոսքով, շենքն արդեն իսկ շատ է փոփոխությունների ենթարկվել, և իրեն ոչ ոք չի էլ հարցրել:
«Հայաստանում հեղինակային իրավունքի մասին օրենքը ոչ ոք հաշվի չի առնում, ով ինչ ուզում՝ անում է: Ժամանակին մենք դիմեցինք մշակույթի նախարարություն՝ պահանջով, որ «Զվարթնոց»-ը ու «Ռոսիա»-ն մտցնեն պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակում, սակայն նախարարության կողմից ոչ մի քայլ չարվեց: Մարդիկ տեսնում են, որ հուշարձանների պահպանությամբ զբաղվողներն անտարբեր են, իրենք էլ քանդում են ու աղճատում տեսքը»,- ասաց ճարտարապետը:
Նրա խոսքով՝ «Ռոսիա»-ն նախագծելիս՝նպատակ էր դրված շուկայի տեղում կառուցել մշակութային կենտրոն: Ժամանակին «Ռոսիա»-ում կար երկու դահլիճ՝ 1600 և 1000 տեղանոց, ևս մեկ՝ 200 տեղանոց դահլիճ, ճեմասրահ, ցուցասրահ, պարասրահ, բար, ռեստորան: Համալիրը զարդարում էին Արա Շիրազի, Երվանդ Գոջաբաշյանի, Յուրա Պետրոսյանի, Օհան Պետրոսյանի, Հենրիկ Էլիբեկյանի, Էդիկ Խարազովի, Դավիթ Երևանցու մեծածավալ քանդակները: «Տպավորություն է, որ առաջ գնալու փոխարեն հետ ենք գնում»,- ասաց Պողոսյանը:
Նկարիչ, քանդակագործ Սահակ Պողոսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ կոչ անելով չմասնակցել մրցույթին: «Այդ կառույցը հեղինակներ ունի, ու, իմ խորին համոզմամբ, շենքի տերը միշտ ճարտարապետն է, ոչ թե նրա կադաստրային տերը, ու ինչ- որ բան փոխելու համար նախ պետք է հեղինակի համաձայնությունը... Կոչ եմ անում իրենց նկարիչ համարող մարդկանց` չմասնակցել մրցույթին: Ամոթ է: Այդ փողը չի ուտվի»,- գրել է նա:
Ըստ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ շենքի արտաքին տեսքը ձևափոխելու իրավունք շենքի սեփականատերը չունի: Ըստ ընթացակարգի՝ նա պարտավոր է նախ դիմել Երևանի քաղաքապետարան, որն էլ պետք է հեղինակի, այսինքն՝ Հրաչ Պողոսյանի թույլտվությունը ստանա:
Ի դեպ, «Ռոսիա» կինոթատրոնը, ի պատասխան սոցիալական ցանցում օգտատերերից շատերի զայրույթին, թե ինչպես կարելի է առանց հեղինակի թույլտվության նման բան նախաձեռնել, արձագանքել է, որ խճանկարը տեղադրվելու է ընդամենը դեպի գետնանցում իջնող պատի մի մասի վրա. «Այն «Այրարատ» կինոթատրոնի ճարտարապետական մասը ոչ մի կերպ չի փոխում, այլ ընդամենը ավելի գեղեցիկ և վառ շեշտադրում է կատարելու գետնանցման բանուկ հատվածի վրա»: