կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-26 14:13
Հասարակություն

«Պատերազմի և հաղթանակի մասին». լույս է տեսել Լևոն Մելիք-Շահնազարյանի երկհատորյակը

«Պատերազմի և հաղթանակի մասին». լույս է տեսել Լևոն Մելիք-Շահնազարյանի երկհատորյակը

Այսօր տեղի ունեցավ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի նոր` «Պատերազմի և հաղթանակի մասին» գրքի շնորհանդեսը:

Լրագրողների հետ զրույցում քաղաքագետի որդին` քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, նշեց, որ գրքում ներկայացված են հայ-ադրբեջանական հարաբերությունները` ամբողջ փաթեթով:

«Գիրքն առանձնանում է հենց այդ փաստով` հակամարտության մասին ամբողջական մոտեցմամբ: Գրքում կան նաև նախկինում չհրապարակված փաստեր, որոնք վերաբերում են պատերազմի ժամանակ Ադրբեջանի գործողություններին: Դրանք հատուկ ծառայությունների կողմից գաղտնի պահվող փաստաթղթեր էին, որոնք հաջողվել է հրապարակել: Բացի այդ` գրքում բավական շատ հիշողություններ կան նրա մասնակցությամբ տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումների մասին` հենց Արցախյան պատերազմի տարիներին»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:

Խոսելով հոր ակնկալիքների մասին` Արցախյան հակամարտության լուծման հետ կապված, նա նշեց, որ հայրը շատ լավատեսական չէր այդ հարցում և երբևէ չի եղել այն կարծիքին, որ քաղաքական լուծում ունի համակարտությունը: «Սա քաղաքակրթական հակամարտություն էր, և հայրս կարծում էր, որ խաղաղության ապահովման լավագույն տարբերակն ուժեղ բանակ ունենալն է: Նա իր ողջ կյանքը տրամադրել է հակամարտության` հայկական կողմին ձեռնտու լուծումը գտնելուն և եկել այն եզրակացությանը, որ լուծումը ազատագրված տարածքների վերաբնակեցումն է, յուրացումը, սեփականության զգացումը ուժեղացնելը և այդ տարածքները ծաղկեցնելը»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ իր հերթին նշեց, որ Մելիք-Շահնազարյանն իր ավագ ընկերն է եղել և նրանից շատ բան է սովորել` վարակվելով հայրենասիրությամբ: «Նա ոչ միայն պատմում էր, թե ինչ է եղել, այլ նաև բացատրում` ինչպես է եղել, և ինչ պետք է անել, որպեսզի չկրկնվի: Նա իր գործի նվիրյալն էր, և ես չէ, որ պետք է գնահատականներ տամ: Ես իմ ուսանողներին միշտ տալիս եմ կարդալ նրա գրքերը, քանի որ մենք խնդիր ունենք նախ մեր հասարակության մեջ, քանի որ շատերը չգիտեն դեպքերի մանրամասները»,- ասաց նա` հավելելով, որ քաղաքագետը գիտակցաբար իր կյանքը նվիրաբերել է հայրենիքին, մինչև վերջին օրը, պայքարելով հիվանդության դեմ, գրում էր` այդ գրիչը հայրենիքին ծառայեցնելով: