կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-13 17:24
Քաղաքական

Վարչապետն ունի կոռուպցիայի դեմ պայքարի քայլերը

Վարչապետն ունի կոռուպցիայի դեմ պայքարի քայլերը

Այսօր լրագրողների հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, մեկնաբանելով Հովիկ Աբրահամյաի երեկվա հայտարարությունը խնայողական ռեժիմի անցնելու, մենաշնորհների ու կոռուպցիայի դեմ պայքարելու գործնական քայլերի անհրաժեշտության մասին, ասաց, որ ամեն մանրուք պետք է ուսումնասիրվի, և պետք չէ գնահատականներ հնչեցնել փողոցային մակարդակի արված հարցադրումների շուրջ:

Լրագրողների դիտարկմանը, թե կան պաշտոնյաների կողմից հայտարարագրված միլիոններ, և դա արդեն փողոցային մակարդակի խոսակցություն չէ, ի՞նչ կասի դրա մասին, նախարարը պատասխանեց.«Նպատակն այն չէ, որ չլինեն միլիոններ ունեցող մարդիկ, նպատակն այն է, որ նրանք օրինական ձևով ունենան այդ միլիոնները: Կհիշեցնեի հին դեկաբրիստական պատմություն. մի անգամ փողոցով ցույց է անցնում, մի երեխա իր տատիկին, ով դեկաբրիստ է եղել, հարց է տալիս` ովքեր են, ինչի համար են հավաքվել, տատիկն էլ պատասխանում է, որ մարդիկ ցույց են անում` բողոքելով հարուստների դեմ, այնինչ ժամանակին իրենք՝ դեկաբրիստներով, պայքարում էին, որ աղքատներ չլինեն:

Դավիթ Հարությունյանը հավելելց, որ վարչապետն արդեն իր մտքում ունի այն քայլերը, որոնք պետք է կիրառել կոռուպցիայի դեմ պայքարում: Նա վստահեցրեց, որ կառավարությունը միշտ էլ պայքարել է կոռուպցիայի դեմ, այլ հարց է, որ հասարակությունը ոչ միշտ է դա նկատում, որովհետև այդ փոփոխությունները, օրինակ` էլեկտրոնային կառավարման համակարգ, էլեկտրոնային հաշվետվություն և այլն, դանդաղ են արդյունք տալիս:

Նախարարը միաժամանակ խոստովանեց, որ պետք են քայլեր, որոնք անմիջապես պետք է արդյունք ցույց տան, լինեն լուրջ և շոշափելի:

Հարցին, թե ինչպե՞ս պետք է հավատա հանրությունն այդ հայտարարություններին, եթե բազմաթիվ պաշտոնյաներ հսկայական ռեսուրսների ու բիզնեսների են տիրապետում, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ բիզնեսը վատ բան չէ, պարզապես բիզնեսով պետք է զբաղվել օրենքի շրջանակում և թափանցիկ: «Կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը ոչ թե որոշ անձանց, այլ երկրում ընդհանրապես բիզնեսը զարգացնելն է»,- ասաց նախարարը: