Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2014-ին Տավուշի մարզ էի գնացել` սահմանամերձ գյուղերից մեկը: Սահմանին իրավիճակը լարված էր: Գյուղի` իմ տարեկից հարսներից մեկի հետ էի զրուցում` առանց տեսախցիկի, ուղղակի զրուցում: Հետաքրքիր էր` ինչպե՞ս է օրն անցնում: Այդ ընթացքում աղջկա 5-6 տարեկան Նարեկը մեծ-մեծ աչուկներով ուշադիր ինձ էր տնտղում: Երեխայի հետ էլ խոսեցի, սիրեցինք իրար: Վերջում, երբ նրանց տնից դուրս էի գալիս, Նարեկը նվնվաց. «Մնա, կխաղանք միասին, բոլոր խաղալիքներս կտամ քեզ»:
Ժամեր անց, երբ հարևանի տանն արդեն նկարահանում էինք կատարում, շնչակտուր ներս մտավ Նարեկն ու ինձ դուրս հրավիրեց` «երկու րոպեով»:
-Աչքերդ փակիր, բուռդ բաց,- ասաց Նարեկն ու ձեռքս ինչ-որ բան դրեց` հազար տակ ցելոֆանապատ:- Էս քեզ` հիշատակ, չէ` նվեր: Չբացե՞ս, հա՞, մինչև տուն կհասնես: Ես եմ գտել, իմ սենյակից, երբ շատ փոքր էի, այսինքն` մի քանի ամիս առաջ, էլի: Ոչ ոքի ցույց չեմ տվել, պահում էի, որ պապայիս տամ, բայց միշտ մոռանում էի: Գիտե՞ս, չէ՞, պապաս զինվոր ա: Երբ մեծանամ, ես էլ եմ զինվոր դառնալու, կռվող զինվոր: Հաստատ չես մնա՞ մեր տանը… Ես քույրիկ չունեմ, է:
-Չէ, Նարե՛կ, ո՞նց մնամ, ես էլ եղբայր ունեմ, ճիշտ է, մեծ է, բայց ինքն էլ ինձ է հետ խաղում: որ մնամ, նա մենակ կմնա:
-Լավ, գնա, թող ապերդ չտխրի: Նվերն իրեն ցույց կտա՞ս: Կասես, հա՞, որ ես եմ քեզ տվել ու ես եմ գտել:
-Լավ, խոստանում եմ:
***
Երեկ լողավազան պիտի գնայի, հարմար պայուսակ էի փնտրում: Պայուսակներիցս մեկում հանկարծ Նարեկի նվերը տեսա` թափ տալիս ընկավ: Քրոջս աղջիկը վերցրեց, տնտղեց:
-Կարի՛ն, կարո՞ղ եմ բացել:
-Ըհը, Մա՛ր, կարող ես, բացիր,- ասացի ու սկսեցի պատմել, թե ով է նվիրել այն:
Քրոջս աղջիկը, տեսնելով կրակված փամփուշտը, նախ մի լավ ուսումնասիրեց, հետո էլ, թե. «Կարի՛ն, սա ի՞նչ է»:
***
Անկախությունը կրակված փամփուշտ երբեք չտեսած զարմուհուս զարմացած աչքերն էին:
Կարինե Հարությունյան