Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի կողմից ուղերձներ են հղվում, թե մենք պետք է խաղաղության պատրաստվենք, մյուս կողմից` ակնհայտ է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների պատարաստությունը: Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը` ընդգծելով, որ հանրությանը պարտավոր ենք տեղեկացնել, որ ամեն ինչ այնքան էլ անամպ ու վարդագույն չէ, ինչպես փորձում են ներկայացնել որոշ խմբեր: Ըստ նրա` մինչ մենք ադրբեջանցի զինվորի աչքերն ենք քննարկում, ադրբեջանցի զինվորները շատ կոնկրետ, նպատակաուղղված պատրաստվում են ռազմական գործողությունների, ու դա փաստ է:
Հարցին` միտումնավո՞ր է տարվում այդ քարոզը, թե՞ անգիտակցաբար, Վրթանեսյանը պատասխանեց. «Հայաստանում դեռ 2000-ականների սկզբից կան կազմակերպություններ, որոնք հետևողական ձևով խաղաղասիրական քարոզ են վարել: Լավ եմ հիշում, որ ֆիլմեր են նկարվել, սեմինար է կազմակերպվել և այլն: Ասում էին` դա խաղաղություն կառուցելու մոտեցում է, որ երկու կողմի շարքային քաղաքացիներն իրար հետ շփվեն, որ թշնամությունը որոշ չափով մեղմվի: Բայց մենք տեսանք, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ նմանատիպ միջոցառումների մասնակցած հարյուրհազարավոր ադրբեջանցիներից և ոչ մեկը որևէ բառ չասաց ընդդեմ պատերազմի: Երևի հատուկենտ` մեկ-երկու մարդ գտնվեց, այն էլ` Ադրբեջանից դուրս ապրող, որ ապշած ասում էին, թե` այսքան տարի մարդասիրական արժեքներ ենք քարոզել, բայց այն մարդիկ, որ խոսում էին կյանքի իրավունք ու այլնի մասին, երջանիկ էին, որ Ալիևը պատերազմ է սկսել: Այո, նպատակաուղղված է, որովհետև առնվազն 20 տարի այդ ամենը ֆինասավորվել է, ու դրա վրա միլոնավոր դոլարներ են ծախսվել»:
Նա նշեց նաև, որ Հայաստանում մարդկանց մի խումբ կա, որը, անտեսելով տարածաշրջանային իրականությունը, արդեն երկար տարիներ բանակի դեմ քարոզչություն է վարում: Ավելին` կազմակերպութուններ կան, որ ադրբեջանցու անիրական, գոյություն չունեցող կերպար են ստեղծում, թե նա միայն ու միայն խաղաղության մասին է մտածում: «Բայց ադրբեջանցու հետ խաղաղության մասին ցանկացած խոսակցություն ավարտվում է այնտեղ, երբ նրանց հարցնում եք` իսկ, հանուն խաղաղության, պատրա՞ստ եք Արցախի` Ադրբեջանի կազմից դուրս մնալուն, ու այդ պահին խաղաղության մասին բոլոր խոսակցությունները վերջանում են: Այսքան տարի զբաղվում եմ այս հարցով, շփվում են նրանց հետ ու ոչ միայն` սոցցանցերով, և երբևէ չի եղել, որ որևէ ադրբեջանցի ընդունի Արցախն Ադրբեջանից դուրս տարբերակը»,- հավելեց Վրթանեսյանը:
Հարցին` կարելի՞ է ասել, որ խաղաղության քարոզ տանող այդ ուժերը վայելում են իշխանության հովանավորչությունը, հատկապես` երբ իշխանության ներկայացուցիչները, ի դեմս վարչապետի, անձամբ են խոսում խաղաղության պլատֆորմի ձևավորման մասին, ռազմական փորձագետն արձագանքեց` իշխանության ներսում պացիֆիստ չինովնիկներ կան, ու չգիտի` ինչքանով է փոխվել նրանց տեսակետը: «Նրանք այժմ իրենք իրական քաղաքականության մեջ են մտել, գուցե որոշակի ինֆորմացիա են ստացել իրականության մասին ու այլևս կախված չեն Ադրբեջանում կոնկրետ շահեր հետապնդող միջազգային շրջանակների ֆինանսավորումից: Բայց ուզում եմ նշել, որ Հայաստանում խաղաղասիրություն քարոզող այդ ուժերն անտեսեցին Ապրիլյան պատերազմը, լռեցին, սպասեցին, անցավ ինչ-որ ժամանակ, ու 2018-ին`իշխանափոխությունից հետո, սկսեցին խոսել խաղաղության ակնկալիքների մասին: Ադրբեջանում նման ակնկալիքներ, տրամադրություններ ընդհանրապես չկան: Հայը նրանց համար համար, անկախ հանգամանքից` իշխանամետ է, ընդդմադիր, հին կամ նոր իշխանության ներկայացուցիչ, գյումրեցի, երևանցի, արցախցի, թե գլենդելահայ, ատելության թիրախում է»,- ամփոփեց Կարեն Վրթանեսյանը: