կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-04 12:21
Քաղաքական

Դատախազությունը աչքերն էլ ա փակում, ականջներն էլ. Փաշինյան

Դատախազությունը աչքերն էլ ա փակում, ականջներն էլ. Փաշինյան

ԱԺ-ում «Դատախազության մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ հանրության մոտ կարծիք է ձևավորված, որ դատախազությունը ոչ թե հանցագործության բացահայտմանը նպաստող մարմին է, այլ՝ հանցագործության կոծկմանը նպաստող: «Ինչպիսի՞ փոփոխություններ պետք է կատարել այս օրենքում, որ դատախազությունը, ի վերջո, ՀՀ-ում դադարի հանցագործություններ կոծկել»,- ասաց Փաշինյանը։

Նա հիշատակեց «Զիբիլիքս»-ի գործը, որը, ըստ նրա, փաստեր էր պարունակում, որ ՀՀԿ-ն ընտրակաշառքի համակարգված մեխանիզմներ է գործարկել։ Փաշինյանը նշեց, որ թե՛ դատախազությունը, թե՛ ՀՔԾ-ն հրաժարվել են փաստերը պատշաճ համադրել՝ պնդելով, որ նախաքննության արդյունքում պարզվել է՝ դա հավաք-միջոցառման ցուցակ է եղել։

«Պետք է պարզվեր` սա հավա՞ք ա, զորահավա՞ք ա, դրամահավա՞ք ա, թե՞ ընտրակաշառքի հավաք ա։ Օրը կա, ժամը կա, հեռախոսի համարը կա, Արաբկիրի ոստիկանությունից դուրս ա եկել ֆաքս, ու ոստիկանությունը չի ուզում պարզի, թե էս ցուցակը էդ ֆաքսից ո՞ր ֆաքս ա գնացել։ Մենք ասում ենք, որ սա ՀՀԿ նախընտրական շտաբ է գնացել, ու սա մեր պետության խայտառակությունն է, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատողների անհատական տվյալներով` ՍԱՍ սուպերմարկետի ախռանայի պետին ֆաքս ա անում, իսկ դատախազությունը, դատախազի գլխավորությամբ, աչքերն էլ ա փակում, ականջներն էլ», - ասաց նա։

Հարցով հարակից զեկուցող` ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանն արձագանքեց` Փաշինյանի ներկայացրած մտահոգություններից ոչ մեկը կապ չունի դատախազության օրենքի հետ։ «Էս օրենքը ընդունենք-չընդունենք, փոխենք-չփոխենք, սա կապ չունի։ Եթե դատախազության մասին օրենք չլինի էլ, ձեր ասած բոլոր մտահոգությունները դրանով չեն փարատվում։ Դրանք բացառապես քրեադատավարական օրենքի կարգավորման առարկա են»,- նշեց նա։