|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական պատվիրակության ղեկավար Եվրոսիմա Պեյովիչը մայիսի 22-23-ը կգտնվի Երևանում՝ հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրությունների դիտարկման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԵԱՀԿ-ն։
Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա պետական մարմինների, ընտրական վարչակազմի, քաղաքական կուսակցությունների և դաշինքների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, ինչպես նաև արդեն Հայաստանում տեղակայված ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաքելության ներկայացուցիչների հետ։
Հաղորդագրության համաձայն՝ այցի նպատակը նախընտրական իրավիճակի և ընտրությունների նախապատրաստական գործընթացի վերաբերյալ պատկերացում կազմելն է։
Նշվում է նաև, որ Պեյովիչը կաշխատի Ֆարա Քարիմիի հետ, որը նշանակվել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող։
ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը համագործակցելու է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունների հետ։
Հաղորդագրությունում նշվում է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը երկարամյա փորձ ունի Հայաստանում ընտրությունները դիտարկելու հարցում և առաջին առաքելությունը երկիր է ուղարկել դեռևս 1995 թվականին։
Ակնկալվում է, որ դիտորդական առաքելությանը կմասնակցեն ԵԱՀԿ տարածաշրջանի ավելի քան 30 երկրների ավելի քան 100 խորհրդարանականներ և աշխատակիցներ։