Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչև ապրիլի 5-ը կարող է ևս մի 10 այսպիսի գործ գտնեն՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում։
Խոսքը «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ օտարման մասին է, որը իրականացվել է կառավարության կողմից։ 2002 թ-ին այն փոխանցվել է ՊՆ-ին և 2010 թ-ին օտարվել։
«Բնականաբար, ես և ՊՆ-ն այդտեղ որևէ շահագրգռություն չէինք կարող ունենալ։ Կառավարության որոշմամբ՝ փոխանցվել է և կառավարության որոշմամբ՝ օտարվել։ Իսկ կառավարության որոշումները, գիտեք, որ անցնում են միջգերատեսչական համաձայնություն և պետության կարևոր մարմինների կողմից համաձայնություն ստանում։ Սրանով ավարտվում է ֆորմալ մասը, որ վերաբերում է ՊՆ-ին»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Նա տեղեկացրեց, որ հիմնական օտարման գործընթացը իրականացրել է Էներգետիկայի նախարարությունը․ «Որովհետև մասնագիտական առումով՝ «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ-ի աշխատանքի արդյունավետությունը, վիճակը, դերը ՀՀ էներգետիկ համակարգում և նրա զարգացման ընթացքն ու օտարման անհրաժեշտությունը որոշում է մասնագիտական գերատեսչությունը և նրանք էլ իրականացրել են»։
Սեյրան Օհանյանն ասաց, որ նրանք են ընտրել գնորդ կողմին և հետագայում նաև փորձագիտական խմբի գնահատմամբ՝ գինը որոշվել է նրանց կողմից։
«Դեռ ավելին, ես կարող եմ ասել, որ այն ժամանակվա օտարման գինը եղել է 10 միլիոն դոլար, այսօրվա կուրսով կազմում է 9,5 միլիոն դոլար․ այսինքն, ՊՆ-ն որևէ շահագրգռվածություն չուներ։ Ես այդ կասկածանքը չեմ ընդունում, որովհետև ինձ հետ որևիցե կապ չունի»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Նա, իբրև պաշտպանության նախկին նախարար, ներգրավվել է իբրև կասկածյալ, քանի որ ՊՆ-ն է կառավարության որոշումը ներկայացրել․ «Ես այդ կասկածանքը չեմ ընդունում»։
Սեյրան Օհանյանի համար անհասկանալի է նաև, թե ինքը քանի անգամ կարող է ՀՔԾ-ում ստարգրություն տալ չհեռանալու մասին այն դեպքում, որ Մարտի 1-ի գործով արդեն տվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։
«Ես ցուցմունք չեմ տվել, ստորագրություն չեմ տվել, որովհետև ՀՔԾ-ում քանի՞ անգամ ես կարող եմ ստորագրություն տալ»,-ասաց նա։
Սեյրան Օհանյանը վրդովմունք հայտնեց, որ ՀՔԾ-ն վերջին տարիների գործելաոճի շրջանակում խախտում է նախաքննական գաղտնիությունը՝ առանց կասկածանքը ապացուցելու հայտարարություններ է անում այս կամ այն նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հասցեին։
«Տեղեկատվական դաշտում ամբողջ այս թատրոնը, կարծում եմ, անտեղի է, քանի որ իրենք գիտեն գնորդ կողմին՝ քանի՞ անգամ է վերավաճառվել, ի՞նչ գներ են տվել, գնորդ ընկերությունների ղեկավարներն են բանակցություններ տարել Էներգետիկայի նախարարության հետ»,-ասաց նա։
Լրագրողի հարցին՝ Միքայել Մինասյանի՞ն է օտարվել, Սեյրան Օհանյանը պատասխանեց․ «Ոչ, ես Միքայել Մինասյան անուն այնտեղ չեմ տեսել»։
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքի՝ առանձնապես խոշոր չափերի՝ 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով:
Դեռ անցյալ մայիսին դատախազությունը քրգործ էր հարուցել «ՁորաՀԷԿ» հիդրոէլեկտրոկայանը 2010 թվականին «Ձորագետ Հիդրո» ընկերությանը վաճառելու հարցով, որն, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, առնչվում է Միքայել Մինասյանի անվան հետ: Մինչև 2010 թվականը այն ՀՀ ՊՆ ենթակայության 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների ցանկում էր: Դատախազությունը հայտնել էր, որ պաշտպանության նախարարության կազմում գտնվող և շահույթով աշխատող «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ն 2010 թվականին շուկայական արժեքից մի քանի անգամ էժան օտարվել էր․ Պաշտպանության նախարարության կազմում գտնվող և 2006-2010 թվականներին պաշտպանական համակարգին ավելի քան 2,5 միլիոն դոլարի շահույթ ապահոված ՀԷԿ-ի թողարկած էլեկտրաէներգիայի միավորի սակագինը 2009 թվականին 13,9 դրամից իջեցվել է 2,7 դրամի։ Ըստ դատախազության, սա արվել էր «առանց շահույթի աշխատող ընկերությունը շուկայական արժեքից ավելի ցածր արժեքով վաճառելու առերևույթ հիմնավորումներ ստեղծելու համար»։ Այդպես ընկերությունը շուրջ մեկ տարի գործել էր փաստացի առանց շահույթի։ Արդյունքում, պետական սեփականություն հանդիսացող՝ 2010թ. դրությամբ շուրջ 8 միլիարդ, իսկ 2018 թ․-ի դրությամբ շուրջ 12 միլիարդ դրամ արժեքով, բարձր եկամտաբերությամբ «ՁորաՀԷԿ» ՓԲԸ գույքն օտարվել էր ընդամենը 3 մլրդ 600 մլն դրամ արժեքով, «ինչով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ»:
Դեռ անցյալ սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին ձերբակալելու մասին նրա փեսա Միքայել Մինասյանի հայտարարությունները կապեց այն բանի հետ, որ Մինասյանը ստացել է ինֆորմացիա, որ որոշ քրեական գործերով արդեն քննությունը հասել է իրեն, «և շատ մեծ հավանականություն կա, որ ինքը որպես մեղադրյալ կանցնի, մասնավորապես, Հայաստանի ստրատեգիական նշանակության օբյեկտներից մեկի սեփականաշնորհման գործով»:
Մանրամասն՝ տեսանյութում․