Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սաիթ Չեթինօղլու
Ավանդույթ է դարձել Թուրքիայում «սոցիալիստական / կոմունիստական» շարժման սկիզբ համարել Մուստաֆա Սուբխիի և վերջինիս ընկերների հիմնադրած «Թուրքիայի սոցիալիստների կազմակերպության» գործունեությունը։ Այսինքն՝ դրանից առաջ գործած կազմավորումները հաշվի չեն առնվում։ Սովորույթի է վերածվել չանդրադառնալ ոչ միայն ոչ հեռավոր անցյալում սոցիալիստական գաղափարները մեր տարածքներ ներմուծած հայերին, հրեաներին ու հույներին, այլ՝ մինչև իսկ թուրքերի/մուսուլմանների կազմակերպություններին։
Քանի որ քաղաքական ավանդույթները ծագում են իթթիհադական գաղափարներից, Թուրքիայի սոցիալիստների կազմակերպությունը ևս երիտթուրքական ավանդույթի կրող է։
Այդ շարժումն ու ավանդույթը գնահատելիս ստիպված ենք վերանալ Մուստաֆա Սուբխիի և նրա զինակիցների՝ սևծովյան պաղ ջրերում ողբերգական սպանության փաստից։ Մեր ասելիքը պարզ կդառնա միայն այն ժամանակ, երբ անդրադառնանք Մուստաֆա Սուբխիի և Էթհեմ Նեջաթի քաղաքական արմատներին․ Մուստաֆա Սուբխին Միություն և առաջադիմություն կուսակցության գաղափարական հանդեսի՝ ազգային տնտեսության ջատագով «Թյուրք Յուրդու» ամսագրի տնօրենն է։ Եթե նրան Միություն և առաջադիմություն կուսակցության համագումարում տրվեր կրթության նախարարի աթոռը, որն այնքան շատ էր ուզում, ապա այսօր կընթերցեինք բոլորովին այլ Մուստաֆա Սուբխիի պատմության մասին։ Ինչ վերաբերում է Էթհեմ Նեջաթին, ապա նա Իզմիրում (Զմյուռնիա-Ակունքի խմբ․) կրթության տնօրեն է։ Եթե հավելենք, որ Իզմիրը Հայոց ցեղասպանության ճարտարապետ դոկտոր Նազըմի հսկողության տակ գտնվող մի շրջան էր, ապա հուսով եմ՝ լիովին պարզ կդառնա, թե ինչ ենք ուզում ասել։
Դոկտոր Նազըմն այն անձն է, ով երիտթուրքական իշխանության առաջին ամիսներին բացեիբաց արտահայտվել է Միություն և առաջադիմություն կուսակցության մտադրությունների մասին․ «Հարկ է ձեր գլուխը մի լավ մտցնեք, որ մենք նույնիսկ չենք էլ պատկերացնում, որ Թուրքիան երբևէ առանձին ցեղային ու լեզվական շրջանների բաժանված Ավստրիա դառնա և երբեք թույլ չենք տա նման դրության։ Երիտթուրքերը՝ մեկ մարմին դարձած, այսօրվանից սկսած դեմ են հանդես գալու իրենց ցանկություններին հակառակ գնացողներին կամ նման մտքեր արտահայտողներին։ Հանուն համընդհանուր Հայրենիքի բարօրության՝ արմատախիլ ենք անելու այդ լեզվական սահմանագծումները, ցեղային առանձնացումները և ամենակարևորը՝ մինչ այժմ քարտեզներում ցույց տրված և սովորույթի ուժով մուսուլմանական, հունական, հայկական, հրեական համարվող թաղամասերը և ամեն կողմից ճնշելու ենք յուրաքանչյուր ազգության․․․»[1]։
Նազըմի հետ 2 ժամանոց հարցազրույցը կատարվել է Միքայիլ Արգիրոպուլոսի կողմից, մի անգլիական կալվածքում, ԱՄՆ-ի դեսպանի, Անգլիայի հյուպատոսի և լրագրողների, ինչպես նաև՝ բազմաթիվ այլ անձանց ներկայությամբ։ Հարցազրույցը հրապարակվել է Իզմիրում տպագրվող «Genç İzmir» և Աթենքում հրատարակվող «Atina՛dan» պարբերականներում, այն տեղ է գտել հիշյալ օրաթերթի 1908 թ․ սեպտեմբերի 8-ին, 2126-րդ համարում։ Նազըմի համար դպրոցներն ու կրթությունն առանձնահատուկ նշանակություն ունեն։
Կուսակցության հիմնադիրների շրջանում այդ հին երիտթուրքերից բացի կա ևս մեկը։ Խոսքը Սալիհ Զեքիի մասին է, ում վրա ձեր ուշադրությունն ենք հրավիրելու այս հոդվածում։ Սալիհ Զեքին Դեր Զորի նախկին կառավարիչն էր, ակտիվ գործիչ, ամեն դարաշրջանի ներկայացուցիչ, մարդ, ով միջնորդ է եղել Մուստաֆա Սուբխիի և Մուստաֆա Քեմալի միջև․․․ Հետաքրքրվողները Սալիհ Զեքիի կենսագրության մասին կարող են մանրամասներ իմանալ Արսեն Ավագյանի պատրաստած գրքից[2]։
Սալիհ Զեքին աբդուլհամիդյան ժամանակաշրջանում Թիրեբոլուի գավառապետարանում անօրինականություններ էր թույլ տվել, այնուհետև երիտթուրքերը բարձրացրել էին նրա պաշտոնը և նրան նշանակել Ալաշեհիրի գավառապետ։ Սալիհ Զեքին այստեղ 1913-14 թթ․ իրականացված հույների պոգրոմների կազմակերպիչներից մեկն է։ Հետագայում նրան նշանակում են Կայսերիի (Կեսարիա-Ակունքի խմբ․) Դևելի գավառի կառավարիչ։ Սալիհ Զեքին Դևելիի գավառապետի պաշտոնում գտնվելիս հայտնի է դառնում հայ ժողովրդի դեմ կատարված իր բռնարարքներով։ Կայսերիիում Հայոց ցեղասպանության գործընթացի առաջին փուլում նրա իրագործած սարսափելի բռնությունների շնորհիվ նրան Դեր Զորի կառավարիչ են նշանակում Ցեղասպանության երկրորդ փուլում։
Արսեն Ավագյանը Սալիհ Զեքիի՝ Կայսերիում անցկացրած օրերը հետևյալ բառերով է ամփոփում․ «Սալիհ Զեքիի՝ Դևելիում կատարած բռնարարքները հիշատակվում են բազմաթիվ հուշագրություններում։ Այդ պատճառով կարիք չենք զգում մեկ առ մեկ նշել նրա բարբարոսությունները։ Միայն մի բան հայտնենք․ Սալիհ Զեքին չէր բավարարվում միայն սպանելով, այլ նաև՝ հաճույք էր ստանում սպանությունները դիտելիս։ Օրինակ՝ մահվան դատապարտված հայերի մահապատիժը դիտելու համար «հինգ ժամանոց ճանապարհը անհավատալի ժամանակահատվածում կտրելով՝ Կայսերի էր հասել․․․»։ Ավագյանը նաև հավելում է, որ Սալիհ Զեքին, առանց որևէ իրավական հիմնավորման, աքսորել էր Էվերեքում բնակվող Դարդանելի օպերացիայի հերոսներից հարյուրապետ Սարգիս Թորոսյանի ընտանիքին, իսկ օսմանյան խորհրդարանի պատգամավոր՝ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդամ Համբարձում Բոյաջյանին և նրա 8 ընկերներին էլ, կտտանքների ենթարկելուց հետո, մահվան էր դատապարտել և այդ մասին 1915 թ․ հուլիսի 26-ին հեռագրել Ներքին գործերի նախարարությանը․ «Հիմնվելով նրանց՝ հեղափոխության կազմակերպիչ լինելու վրա, նրանց մահապատիժը հաստատվելուց հետո, Քոզան սանջակի (մարզի-Ակունքի խմբ․) նախկին պատգամավոր Համբարձում Բոյաջյանը և Դևելի կազայից (գավառի-Ակունքի խմբ․) 8 հոգի երեկ լիվայի (սանջակի՝ մարզի-Ակունքի խմբ․) կենտրոնում, բերդի մոտակայքում կախաղան բարձրացվելով՝ մահապատժի ենթարկվեցին։ Մյութեսարիֆ Զեքի»։
Ըստ Արսեն Ավագյանի՝ Սալիհ Զեքին Էվերեքի բանտերում անձամբ էր կտտանքների ենթարկում կալանավորված հայերին և չէր թաքցնում իր ատելությունը նրանց նկատմամբ․ «Դուք բոլորդ ձեր գրություններում կարող եք մեր վայրենության մասին պատմել, բայց ես հիմա ուրախ ու երջանիկ եմ։ Ես հայ ցեղի թշնամին եմ․ հոգուս և սրտիս թելերը ձեր հանդեպ բռնությամբ և ատելությամբ են լեցուն։ Հայ և թուրք ժողովուրդների բարեկամությունն անհնար է։ Եթե իմանամ, որ իմ երակներում ձեր նկատմամբ բարեգութ տրամադրված մեկ կաթիլ արյուն կա, ամոթից ազատվելու համար այդ երակս կկտրեմ ու շներին կնետեմ»։
Սալիհ Զեքին Ցեղասպանության երկրորդ փուլում Մեծ եղեռնից մի կերպ մազապուրծ եղած հայերին սպանելու համար ուղարկվում է Դեր Զորի վիլայեթ և հանդես գալիս որպես Ցեղասպանության գործընթացի ամենակարևոր դերակատար։ Հայոց ցեղասպանության պատմության ընթացքում Դեր Զորի կառավարիչ Սալիհ Զեքին հիշատակվում է որպես Ռաս ուլ-Այնում և վերջինիս կենտրոն Դեր Զորում հավաքված հարյուր հազարավոր հայերի սպանությամբ։
Սալիհ Զեքիի՝ Դեր Զորում անցկացրած օրերը մանրամասնորեն ներկայացվում են Արամ Անտոնյանի և Երվանդ Օտյանի կողմից։ Ռաս ուլ-Այնում ու Դեր Զորում Սալիհ Զեքիի կողմից կազմակերպված կոտորածների ժամանակ սպանված հայերի թիվը դեռ չի հստակեցվել։ Երբ հետագայում Սալիհ Զեքիին հարցնում են այդ ջարդերի մասին, նա հպարտանում է իր հեղինակած կոտորածներով․ «Քո մասին ասում են, թե տասնյակ հազարավոր հայերի ես սպանել, ճի՞շտ է», որին ի պատասխան՝ Սալիհ Զեքին հպարտանալով նշում է․ «Ես պատիվ ունեմ, տասնյակ հազարն ի՞նչ է որ։ Մի քիչ էլ ավելացրու»։
Ավագյանը 1915-1916 թթ․ հայերի տեղահանությունն ու Ցեղասպանությունը Հոլոքոստի հետ համեմատելիս հետևյալ շեշտադրումն է անում «Երբ 1915-16 թթ․հայերի տեղահանությունը և Ցեղասպանությունը համեմատում ենք Հոլոքոստի հետ, նկատում ենք մեկ այլ տարբերակիչ առանձնահատկություն, այն է՝ հայերի հայրենազրկման գաղափարը (պատրիոցիդը)։ Այսպես, հայկական նահանգներում կիրառված այս գործադրմանն ակտիվ կերպով մասնակցել են նաև նույն վայրերում ապրած քրդերը, որոնց վերաբերյալ նախ երիտթուրքերը, ապա քեմալիստները կարծել են, թե նրանց կարելի է ավելի դյուրին ձևով ուծացնել։ Եվ քրդերը բռնազավթել են հայկական տարածքները։ Այլ կերպ ասած, անհիմն է այն կարծիքը, թե քրդերը հասարակ գործիք են եղել Հայոց ցեղասպանության հարցում, որովհետև նույն գաղափարի վրա է հիմնված նաև քրդերի՝ հայերին ոչնչացնելու ծրագրում ունեցած դերակատարումը, այն է՝ տեր դառնալ հայերի հողերին»։
Վերոհիշյալ խոսքերով Արսեն Ավագյանը մի շատ կարևոր առանձնահատկություն ընդգծելով՝ երիտթուրքական մտայնության շարունակականության առումով հիշատակում է նաև քեմալիստական շրջանում ևս ազդեցիկ եղած իթթիհադական լրագրող և գրքերի հեղինակ Հյուսեին Ջահիթ Յալչընի խոսքերը, ով իր երախտապարտությունը հայտնելով Հայոց ցեղասպանության ճարտարապետ դոկտոր Բեհաեդդին Շաքիրին՝ նշել է․ «Եթե հարկ լինի Բեհաեդդին Շաքիրի հիշատակն անմահացնել, ապա արևելյան վիլայեթները մեծ հաճույքով կբացեն իրենց դռները՝ նրա արձանն այնտեղ տեղադրելու համար»։
Սալիհ Զեքին Դեր Զորի կառավարչի պաշտոնին մնացել է մինչև 1917 թ․ մարտի 19-ը։ Ստամբուլ կանչվելուց հետո Սալիհ Զեքիին Ներքին գործերի նախարարությունում ոչ մի պաշտոն չեն տվել։ Նա 1917-1918 թթ․ գործազուրկ է եղել։ 1920 թ․ Ստամբուլում Դեր Զորի հայերի սպանության մեղադրանքով հարուցված դատական գործի արդյունքում Սալիհ Զեքին հեռակա կարգով մահվան է դատապարտվել, և նրա մահապատժի մասին դատավճիռը վավերացվել է սուլթանի կողմից։ Սալիհ Զեքիի ստամբուլյան օրերի մասին օսմանյան խորհրդարանի՝ Իզմիրից և Այդընից ընտրված պատգամավոր (1912-1919) Էմանուիլ Էմանուիլիդիսը հայտնում է․ «1917 թ․ Բեյօղլուում կարճահասակ, թխահեր, ներդաշնակ մարմին ունեցող, 30-35 տարեկան մի երիտասարդի հանդիպեցինք, որն արտաքուստ ոչ մի վայրենության հատկանիշ չէր ցուցաբերում։ Նա ինքը մեզ ասաց, որ մուսուլման է, նահանգապետ է եղել, շատ հարուստ է եղել Դեր Զորի անապատներում, որ 60 հազար հայի է սպանել, իսկ նրանց երեխաներին ողջ-ողջ թաղել, խիստ հազվադեպ է տնից դուրս եկել, մարդու դեմք տեսնել չի ցանկացել, որ իր անունը Զեքի է, և որ ինքը մտածում է ինքնասպան լինելու մասին։ Հետագայում թերթերում («Vakit» օրաթերթ, 2-ը մայիսի, 1920 թ․, No. 890) ընթերցեցի, որ նա Օսմանյան կայսրության տարբեր շրջաններից (Դեր) Զորի սանջակ տեղահանված ու վերաբնակեցված բազմաթիվ հայերի, դարձյալ տեղահանության պատրվակով, աքսորել է այլ շրջաններ` հրոսակներից իր իսկ կողմից կազմված հեծյալ և հետիոտն չեթեների միջոցով, և որ նրա պարտադրանքով այս ավազակախմբերը ճանապարհին նրա ներկայությամբ խմբակային հարձակվել են հայերի վրա, հափշտակել վերջիններիս մոտ գտնվող կանխիկ դրամը և իրերը ու հայերից շատերին չափազանց ողբերգական ձևով սպանել և ոչնչացրել Խաբուրի ավազանի հեղեղատներում, և որ Ռազմական դատարանը 1920 թ․ ապրիլի 28-ին կայացրած դատավճռի համաձայն՝ հեռակա կարգով մահվան է դատապարտել նրան»[3]։
Սալիհ Զեքին 1918 թ․ վերջին Ստամբուլից հեռանալով՝ գնում է Բաթում, ապա՝ Թիֆլիսից Բաքու։ 1919 թ․ Դեր Զորի նախկին կառավարչին տեսնում ենք բոլշևիկների շարքերում։
Կարճ ժամանակ անց Սալիհ Զեքին ընդգրկվում է Մուստաֆա Սուբխիի կազմակերպության մեջ՝ որպես կենտրոնական կոմիտեի անդամ։ Տեղյակ ենք, որ Սալիհ Զեքին Մուստաֆա Սուբխիի հետ ծանոթացել է Ստամբուլի Դիվանագիտական ու քաղաքագիտական դպրոցում ուսանելու տարիներին։ Նա դառնում է Սուբխիի ընտանիքի անդամ, ով հանգիստ ելումուտ էր անում նրա տուն։ Կազմակերպության անունից Թուրքիա ուղարկված Սալիհ Զեքին Էրզրումում (Կարին-Ակունքի խմբ․) հրատարակվող «Ալբայրաք» օրաթերթի 1920 թ․ օգոստոսի 9-ի համարում տպագրում է «Նոր հեղափոխություն» վերնագրով մի հոդված, որում ներկայացնում է իր առաջարկները՝ Թուրքիայի փրկության համար։ Սալիհ Զեքին այդ հոդվածում հայ ժողովորդին առանձնացնում է Դաշնակցություն կուսակցությունից և վերջինիս թշնամի է համարում․ «Արևելյան վիլայեթները և սևծովյան ափերի մի մասը ստորության ամենաագահ ներկայացուցիչները եղող դաշնակցական բայղուշներն իրենց հատուկ ձևով ավերակի են վերածել, իսկ այդ ծովի մեկ այլ ափամերձ հատվածում փորձել են վերածնել Պոնտոսի թագավորությունը, որի անունը թեև մոռացության է մատնվել, սակայն պատմական ողբերգությունները դեռևս շարունակվում են այնտեղ»[4]։
Սալիհ Զեքին, որպես կազմակերպության ներկայացուցիչ, Մուստաֆա Սուբխիի հանձնարական նամակով Անկարա ուղևորվելու համար մտել է Անատոլիա, սակայն Անկարա չհասած՝ նրան հետ են ուղարկել։ Թեև նրա այդ ուղևորության մասին տեղեկություններն առկա են Ավագյանի գրքում և Թուրքիայի կոմունիստական կուսակցության փաստաթղթերում, սակայն նրա ճամփորդության ընթացքի և ուղևորությանն առնչվող առաջարկների մասին մանրամասները ներկայացված են Թուրքիայի Ազգային մեծ ժողովին նրա հղած փաստաթղթում[5], որը ներկայացնում ենք ստորև։ Սալիհ Զեքիի մեկնաբանությունն ամբողջական չէ։ Մի հատվածը կամ կորել է, կամ էլ արխիվում նրա գաղտնիությունը չեն վերացրել՝ դա անպատեհություն համարելով։ Ինչպես հայտնի է, թուրքական արխիվներում փաստաթղթերն ընտրովի են ներկայացվում։ Վավերագրերն ընտրելուց հետո են ուսումնասիրողների դատին հանձնում։ Երբեմն կատալոգում 10 էջանոց երևացող փաստաթղթի միայն մեկ էջն է հասանելի լինում։ Որոշ դեպքերում էլ փաստաթուղթը չեն տրամադրում՝ որևէ պատրվակ բերելով։
Այն փաստը, որ (Թուրքիայում-Ակունքի խմբ․) ձախակողմյան շարժման ավանդույթի մեջ առկա են երիտթուրքական արմատներ, ինչպես նաև՝ այն հանգամանքը, որ Ցեղասպանություն իրագործած կադրերն ընդգրկվել են Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի մեջ, այս շարժման ի սկզբանե մեռած ծնվելու ամենագլխավոր պատճառներից են։
Այն դեպքում, երբ միևնույն ժամանակաշրջանում հույն կոմունիստները պատերազմի դեմ ցույցեր ու գործադուլներ էին կազմակերպում[6], թուրք «կոմունիստները» հանդես էին գալիս որպես պատերազմի կողմնակիցներ, և թեև այդ տրամադրվածությամբ Սուբխին ու վերջինիս զինակիցները Ազգայնական շարժման կողքին պայքարելու համար մուտք էին գործում երկիր, սակայն այդ փաստը չի կարողացել արգելք լինել նրանց ողբերգական վերջին։ Թեև այդ կազմակերպությունը թույլ էր և գաղափարապես անբավարար, այնուամենայնիվ «սոցիալիստական / կոմունիստական» հորջորջվող սույն կազմակերպությունն անցանկալի է համարվել Ազգայնական շարժման կողմից։
Այն դեպքում, երբ ի սկզբանե գաղափարապես խոցելի լինելու հետևանքով ձախակողմյան շարժման զարգացումը և արմատավորումը սահմանափակվել են, կարելի է արձանագրել, որ հույն կոմունիստները գաղափարական առումով սկզբունքային են եղել, որը կարևոր և ազդեցիկ հանգամանք է նրանց գործունեության մենկարկի տեսանկյունից։
Ումից՝ Ազգային Մեծ ժողովի Հատուկ գաղտնագրության բաժին no: 157
Կայծակ հեռագիր
Բաքու / Արտգործնախարարություն 26/12.9.1336
Տրապիզոն / 20.8.1336
Ռուսական – Արևելք
Ում՝ Ազգային Մեծ ժողովի նախագահությանը
Սալիհ Զեքի բեյի մոտ գտնվող, կենտրոնական հանձնաժողովի ղեկավար Մուստաֆա Սուբխիի ստորագրությունը կրող փաստաթուղթ է։
Հաղորդվում է, որ Թուրքիայի Սոցիալիստների կազմակերպության կենտրոնական հանձնաժողովի կողմից {տվյալ անձի վրա} հանձնարարություն է դրվել կապ ապահովել Անատոլիայի հեղափոխական կառավարության և Ազգային ուժի ղեկավարության (նկատի ունի քեմալական կառավարությանը-Ակունքի խմբ․) հետ և տեղեկանալ իրավիճակի մասին։
Վերոհիշյալն այդ նպատակով Բաքվից Էրզրում գալով՝ արևելյան ճակատի ղեկավարության հետ հանդիպելուց հետո եկել է այստեղ ու շարժվելու է դեպի Անկարա՝ այդ երևելի անձանց հետ հանդիպելու նպատակով։ Ավելի հարմար է համարվել Բաքվում գումարվելիք համագումարին նրա մասնակցելը, ինչպես նաև՝ արևելյան ճակատի հրամանատարությունից ընդունված ու մի դեպքի պատճառով Տրապիզոնից և Էրզրումից ուղարկված, Սամսունից ու Գիրեսունից ուղարկվելիք պատվիրակների հետ միասին համագործակցելու համար Բաքու վերադառնալը։ Եւ այդ կապակցությամբ Սալիհ Զեքի բեյի դատողությունները բերված են ստորև․
Ազգային Մեծ ժողովի մեծարգո նախագահությանը
Ձեր խոնարհ ծառան Բաթումում գտնվող Թուրքիայի Սոցիալիստների կազմակերպության կողմից Անկարա ուղևորվելով՝ Անատոլիայի Ազգային հեղափոխական հրամանատարության հետ համագործակցելու համար եկել է Նախիջևան-Էրզրում ճանապարհով մինչև Տրապիզոն։ Արևելյան ճակատի ղելավարության հետ այդ հարցով կապ եմ հաստատել։ Բնականաբար դրա մասին կհաղորդվի նաև մեծարգո ղեկավարությանը։ Սակայն քանի որ հաղորդակցվել էի Անատոլիայի վերջին վիճակի հետ և տեսել նրա ներկայիս դրությունը, նորին մեծություն Քազըմ փաշայի (նկատի ունի Քազըմ Կարաբեքիրին-Ակունքի խմբ․) խորհրդով Բաքվում սեպտեմբերի 1-ին գումարվելիք համագումարին մասնակցելու և ներկաներին լուսաբանելու համար իսկույն Բաքու վերադարձա, այնուամենայնիվ, ներկայիս միջոցներին համապատասխան, հաստատեցին, որ ժամանակս անբավարար է դրա համար։ Հետևաբար, 2-3 օրվա ընթացքում Բաքու վերադառնալով՝ համագումարին մասնակցելու և համագումարից հետո Անկարա գնալու համար ստիպված եղա մեծարգո ղեկավարության հետ առայժմ միայն գրավոր շփվել։ Մեր կազմակերպության տեսակետը հետևյալն է․ աշխարհի ամենամոլի իմպերիալիստների ամենաստոր նպատակին ծառայած [շարունակությունը չկա-Սաիթ Չեթինօղլու]․․․»։
[1] Mihail Rodas, Almanya Türkiye’deki Rumları Nasıl Mahvetti, çev. Evdokia Veriopulo, Belge Y. 2011, s 65
[2] Arsen Avagyan, Karanlıkta Kalmış Bir Eylemci İttihatçı Komünist Salih Zeki (kuşarkov) Sosyal Tarih Yayınları,2020.
[3] Emmanuil Emmanuilidis, Osmanlı İmparatorluğu’nun Son Yılları, İstanbul, Belge Yayınları, 2014, s. 146-147.
[4] Salih Zeki, Yeni İnkılâp, Albayrak, 9 Ağustos 336, sayı 104,
[6] Foti Benlisoy, Kahramanlar, Kurbanlar Direnişçiler, İstos, 2019
Թուրքերենից և լատինատառի վերածված օսմաներենից թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net