| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան 55-ամյակի կապակցությամբ:
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է. «Հարգելի՛ պարոն Սահակյան,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 55-ամյակի կապակցությամբ:
Արցախի ազատագրական պայքարը, որին Դուք շարժման առաջին իսկ օրերից անմնացորդ նվիրվեցիք, փարոսի պես լուսավորեց Ձեր կյանքի ուղին: Ինչպես ազատամարտի դժվար օրերին, այնպես էլ հրադադարի պայմաններում, երբ Արցախը հնարավորություն ստացավ վերադառնալու խաղաղ կյանքին, Դուք երբեք չխուսափեցիք պատասխանատվությունից և ջանք ու եռանդ չխնայեցիք Արցախ աշխարհը ամրապնդելու և շենացնելու համար: Այսօր էլ Ձեր ղեկավարության ներքո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է իր հաստատուն ընթացքը դեպի կայունություն և բարգավաճում:
Կրկին շնորհավորելով այս հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արևշատություն և նոր հաջողություններ՝ ի բարօրություն Արցախ աշխարհի և Ձեր ամուր ու գեղեցիկ հայկական ընտանիքի»։