կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-28 11:52
Հասարակություն

Մինչև 2100 թվականը Հայաստանի բնակչությունը կկազմի 1,8 միլիոն

Մինչև 2100 թվականը Հայաստանի բնակչությունը կկազմի 1,8 միլիոն

Այսօր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը և ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը լրագրողներին ներկայացրեցին Հայաստանի ժողովրդագրական պատկերի վերաբերյալ ՄԱԿ-ի` 2015թ. նոր զեկույցը:

Գարիկ Հայրապետյանը նշեց, որ ՄԱԿ-ի զեկույցում 5 տարվա կտրվածքով կան կանխատեսումներ ինչպես գլոբալ, այնպես էլ Հայաստանի ժողովրդագրական պատկերի վերաբերյալ, և հաշվի են առնվել մարդահամարի տվյալներ ևս: Ըստ այդմ` աշխարհում ներկայումս բնակվում է 7,3 միլիարդ մարդ, հետագա տարիներին բնակչության թիվը կաճի, և հիմնական աճը կապահովի Աֆրիկան: Ասիան, այդ առումով, իր դիրքերը կսկսի զիջել, իսկ Եվրոպայի բնակչությունը կսկսի պակասել:

Ինչ վերաբերում է Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Իրան, Թուրքիա տարածաշրջանին, ապա մինչև 2100 թվականը Հայաստանի բնակչությունը կկազմի մոտ 1,8 միլիոն, Ադրբեջանի բնակչությունը  9,5 միլիոն, այսինքն` Հայաստանի ու Ադրբեջանի բնակչության թիվը կսկսի նվազել, Իրանում ու Թուրքիայում նույնպես բնակչության որոշակի նվազում կնկատվի:

 «Եթե այսօր Հայաստանում ապրում է 3 միլիոնից մի քիչ ավելի մարդ, ապա 2100-ին  այն կկազմի 1,8 միլիոն, իսկ վատատեսական կանխատեսմամբ` 1 միլիոնից ավելի պակաս»,- ասաց Գարիկ Հայրապետյանը` հավելելով, որ կանխատեսման մեջ արտացոլված գլխավոր գործոններն են ծնելիությունը, միգրացիան, բնակչության ծերացումը: