կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-24 15:54
Քաղաքական

Էապես նվազեցվում են իշխանության վերարտադրության բոլոր այն հիմքերը, որոնք եղել են մինչ այժմ

Էապես նվազեցվում են իշխանության վերարտադրության բոլոր այն հիմքերը, որոնք եղել են մինչ այժմ

Այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք փոփոխվող Սահմանադրությունը չի նպաստելու Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը, ասաց, որ փոփոխվող Սահմանադրությամբ էապես նվազեցվում են իշխանության վերարտադրության բոլոր այն հիմքերը, որոնք եղել են մինչ այժմ:

Ըստ նրա` մարդիկ շատ հաճախ վերարտադրությունը կապում են այն բանի հետ, որ նույն անձը մնում է նախագահի պաշտոնում, բայց դա այդպես չէ: Արմեն Ռուստամյանի խոսքով` վերարտադրություն կա այն ժամանակ, երբ համակարգը թույլ չի տալիս իշխանության փոփոխություն ընտրությունների միջոցով. Հայաստանում փոփոխվում էին նախագահները, մինչդեռ համակարգը վերարտադրվում էր` իշխող ուժը միշտ մնում էր իշխանության գլխին:

«Եվրոպական 28 երկրներից 19-ը խորհրդարանական են: Թող մեկն ասի, որ խորհրդարանական համակարգը նպաստում է այդ երկրներում իշխանությունների վերարտադրմանը»,- ասաց Ռուստամյանը` առաջարկելով համեմատել երկու իրավիճակ` բարեփոխենք համակարգը, երբ Սերժ Սարգսյանն այդ համակարգում լինի որևէ տեղ, կամ չփոխենք համակարգը, որտեղ ցանկացած նախագահ յուրացնում է իշխանությունը և անսանձ ղեկավարում երկիրը, սրանցից ո՞րն է ավելի լավ:

«Մենք տեսել ենք, որ իրավահաջորդների փոփոխությունը որևէ լավ տեղ չի տանում, ու միշտ դժգոհել ենք բոլոր գործող նախագահներից, ուստի խնդիրը ուրիշ տեղ է»,- ասաց նա` հավելելով, որ Սերժ Սարգսյանն այս համակարգում իր իշխանությունը պահելու է մինչև 2018-ը: Երբ Սահմանադրությունը ընդունվի, ապա 2017-ին խորհրդարանական ընտրություններով նախատեսվում է այդ բոլոր կարևոր պաշտոնների նշանակում կամ ուղղակի ընտրություն: Նոր նախագահն անցումային դրույթներով զբաղեցնելու է իր պաշտոնը, որը, ըստ էության, անգլիական թագուհու կարգավիճակի` խորհրդանշական պաշտոն է լինելու:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հավելեց, որ այսօրվա Սահմանադրությամբ ունենք իշխանության գերկենտրոնացում, միանձնյա ղեկավարում` առանց պատասխանատվության, ունենք ընտրական համակարգ, որը թույլ չի տալիս իշխանափոխություն իրականացնել, ունենք քաղաքական որոշումների կայացման ստվերային մեխանիզմներ, ունենք ականներ, որոնք կարող են ցնցումներ առաջացնել երկրում:

«Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Աղվան Վարդանյան, Արմեն Ռուստամյան... Արդեն համակարգի մասեր պետք է լինեն, ոչ թե լինեն համակարգի գլուխ: Մենք չենք դրել և չենք դնելու անձի վերարտադրման խնդիր: Եթե վաղը տեսնենք, որ Ընտրական օրենսգիրքը հանկարծ ինչ-որ առավելություն է տալու որևէ կուսակցության, ապա առաջին պայքարողներն ու թույլ չտվողները մենք ենք լինելու»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Պատգամավորն անդրադարձավ սահմանադրական փոփոխությամբ նախատեսված` խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին: Նրա խոսքով` ՀՅԴ-ի համար առացքային հարցերից է եղել երկրորդ փուլի խնդիրը, որովհետև այն ձևակերպումը, որը տրված էր նախկին տեքստով, հակասում էր պառլամենտարիզի տարրական օրենքներին` կոալիցիա ձևավորելու հնարավորությանը: Վերջնական հրապարակված նախագծում արդեն այլ կերպ է գրված. «Եթե առաջին փուլի արդյունքում կամ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում ու կարգով քաղաքական կայուն մեծամասնություն չի առաջանում, նոր անցկացվում է երկրորդ փուլ: Այսինքն` ակնհայտ է, որ եթե չկա մեծամասնություն, ապա ժամկետ է տրվում, որպեսզի ստեղծվի կոալիցիա»:

Երկրորդ ամենակարևոր սկզբունքը, ըստ Աղվան Վարդանյանի, որ եթե որևէ քաղաքական ուժ կարող է հավաքել 30-35 տոկոս և մտածել, որ կարող է կոալիցիայի չգնալ, երկրորդ փուլով մեծամասնություն ունենալ, ապա ավելացվել է մի ամբողջ պարբերություն, որ երկրորդ փուլի պարագայում առավելագույն ձայներ ստացած առաջին երկու ուժերը կարող են դաշինքներ կազմել հինգ տոկոս արգելապատնեշը հաղթահարած կուսակցությունների հետ: «Այսինքն` որևէ քաղաքական ուժ պետք է չափազանց զգուշանա երկրորդ փուլ գնալուց: Հավասարակշռություն է ստեղծված, որ շատ կարևոր է»,- ասաց Աղվան Վարդանյանը: