ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է իր՝ «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկվելուն.
«Մեզ բոլորիս գրեթե համոզել են, որ կարևորը ոչ թե մեր ընդհանրությունները, այլ մեր տարբերություններն են։ Մեզ համարյա համոզել են, որ եթե մենք որոշ հարցերում ունենք տարաձայնություններ, ուրեմն իրար հետ ընդհանրապես քննարկելու բան չունենք։ Կարծում եմ՝ իսկապես ժամանակն է սկսել միմյանց լսել և համատեղ լուծումներ փնտրել։ Կարծում եմ ժամանակն է հայկական օրակարգ ձևավորել, որը չպետք է լինի որևէ նեղ խմբինը, այլ պետք է դառնա բոլորինս։
Այսօր հրապարակվել է
Հայաստան դաշինք-ի նախընտրական ցանկի մի մասը, որտեղ կա նաև իմ անունը։ Սա եղել է մինչև այժմ կայացրած իմ ամենաբարդ անձնական որոշումը, միաժամանակ ամենագիտակցվածը։
Չեմ ուզում ավելորդ անգամ նշել այն հանգամանքները, որոնք անձամբ ինձ համար վճռորոշ են դարձել հիմա նման որոշում կայացնելու համար, կարծում եմ դրանց բոլորս ենք ծանոթ։
Ցավոք, սրանք սովորական ընտրություններ չեն ու իսկապես ուրախանալու քիչ բան կա (եթե ընդհանրապես կա) ու ինձ համար պարզ է, որ այլ պետք է լինի բոլորիս գործողությունների տրամաբանությունը։
ՈՒրեմն հայացքս ուղղում եմ բոլոր այս գրառումը կարդացողներին և հարցնում.
․ կարո՞ղ ենք արդյոք այս օրերի ընթացքում միասին հնչեցնել մեզ հուզող հարցերը։
․ կարո՞ղ ենք արդյոք բոլորս դուրս գալ նեղ անձնական մտածողության կաղապարներից և փորձել գտնել մեր ընդհանուր և օրհասական խնդիրների լուծումները։
․ կարո՞ղ ենք առնվազն սկսել խոսել իրար հետ։
Ես իմ պարտքն եմ համարում այս ընթացքում ներկայացնել իմ թիմի տեսակետներն ու առաջարկները։
Շնորհակալ կլինեմ ցանկացած առաջարկի, կարծիքի կամ այլ արձագանքի համար»։