Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն ու իր պաշտպանը չեն բողոքարկելու Պերմյակովի կողմից դասալքության, զենքի հափշտակության և ապօրինի կերպով զենք կրելու գործով ռուսական ռազմական դատարանի կայացրած վճիռը: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Ռուսաստանի փաստաբանների պալատի անդամ, Պերմյակովի հանրային պաշտպան Արթուր Դանելյանը:
Հիշեցնենք, որ երեկ Գումրիում տեղակայված 5-րդ կայազորային ռազմական դատարանի դատավոր Ալեքսանդր Շելդյաևի վճռով Պերմյակովը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Նա իր պատիժը կկրի խստացված ռեժիմով բանտում: Պերմյակովի գործով ռուսական կողմի իրականացրած քննության, գործում ազգությամբ հայ պաշտպանի ներգրավման և այլ հարցերի մասին զրուցեցինք ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի Դանելյանի հետ:
-Ե՞րբ եք ներգրավվել գործում:
- Նախաքննության ընթացքում՝ փաստաբան Թամարա Յայլոյանից հետո: Ի սկզբանե մեր դիրքորոշումն այն էր, որ արդարացի կլինի, որ սպանության գործը քննի հայկական կողմը, քանի որ սպանությունը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում, իսկ դասալքության մասով՝ ռուսական կողմը. փաստորեն այդպես էլ եղավ:
-Ինչպե՞ս ստացվեց, որ համաձայնեցիք ստանձնել Պերմյակովի պաշտպանությունը:
-Ինձ նշանակել է Ռուսաստանի հանրային պաշտպանի գրասենյակը և ես, որպես փաստաբան, Ռուսաստանի ներկայացուցիչն եմ: Ես Պերմյակովին պաշտպանել եմ զուտ ռուսական կողմի ներկայացրած մեղադրանքի մասով : Ես ցանկացա ներգրավվել գործում հենց նրա համար, քանի որ հայ եմ: Չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր ոք ունի սահմանադրությամբ իրեն տրված պաշտպանության իրավունք: Շատ են եղել դեպքեր, երբ անմեղ մարդիկ հայտնվել են ամբաստանյալի աթոռին և պաշտպանի ոչ ճիշտ աշխատանքի, ոչ պատշաճ մակարդակի պաշտպանության պատճառով տուժել:
-Ի՞նչ կասեք ռուսական կողմի իրականացրած նախաքննության մասին:
- Նախաքննությունը ՌԴ նախագահի անմիջական վերահսկողության տակ էր: Այսինքն, առաջին հերթին Ռուսաստանն էր շահագրգռված, որպեսզի գործը բազմակողմանիորեն քննվի: Մենք գործ ունեինք պրոֆեսիոնալ քննիչների հետ: Ավելին, քննչական խմբի կազմում ներգրավված էին ազգությամբ հայ իրավաբաններ ու քննիչներ, որպեսզի քննության օբյեկտիվությունը կասկածի տակ չդրվեր:
-Ձեր պաշտպանյալը երբևէ դժգոհություն հայտնե՞լ է նախաքննության ընթացքում իր նկատմամբ խորթ մեթոդներ կիրառելու մասին:
-Ո’չ, բացառվում է, որ նախաքննության ընթացքում նրա նկատմամբ բռնություն գործադրած լինեն:
-Ձեր գործունեության ընթացքում եղե՞լ է դեպք, որ նման ծավալների գործը մեկ օրում քննեն:
-Նորմալ է, որ դատաքննության ժամկետները սեղմ էին, քանի որ Պերմյակովին առաջադրված երեք հոդվածները բարդ չէին և քննության հետ կապված ոչ մի դժվարություն չկար:
-Ռուսական դատարանն աննախադեպ վճիռ կայացրեց, երեք հոդվածներով նրա նկատմամբ առավելագույն պատիժ նշանակելով: Պատրաստվու՞մ եք այն բողոքարկել:
-Ես խոսել եմ իմ պաշտպանյալի հետ, նա չի ցանկանում բողոքարկել վճիռը:
-Հնարավո՞ր է` Պերմյակովի շահերը ներկայացնեք նաև հայկական դատարանում՝ սպանության մասով գործի քննության ընթացքում: -
Ո’չ, հայկական դատարանում Պերմյակովի շահերը հավանաբար հայաստանցի պաշտպան կներկայացնի: Ես հույս ունեմ, որ հայկական կողմը նույնպես օբյեկտիվ քննություն կիրականացնի, քանի որ Հայաստանում նույնպես իրավաբանությունը բարձր մակարդակի վրա է:
-Իսկ ի՞նչ կասեք սպանության գործի մասին, հավատու՞մ եք, որ Պերմյակովը կարող էր միայնակ նման հանցանք կատարել:
-Այդ հարցին պատասխանելն իմ կողմից ոչ կոռեկտ կլինի, բացի այդ դա նախաքննական գաղտնիք է: Հայկական կողմի նախաքննության արդյունքները հրապարալկվելուց հետո նոր միայն պարզ կլինի: Ես միայն կարող եմ ասել, որ սա հրեշավոր հանցագործություն էր, Հայաստանում իմ հիշողության մեջ նման բան չի եղել:
Զրուցեց՝ ԹԱԳՈՒՀԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ