կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-07 11:21
Հասարակություն

Օգոստոսի 10-ից ջերմաստիճանը կրկին կբարձրանա. սպասվում է մինչև 42 աստիճան տաքություն

Օգոստոսի 10-ից ջերմաստիճանը կրկին կբարձրանա. սպասվում է մինչև 42 աստիճան տաքություն

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ այսօրվանից սկսած, օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով նվազելու է, իսկ արդեն ամսի տասից կրկին բարձրանալու է: Սուրենյանը, ամփոփելով 2015 թվականի հուլիս ամիսը, նշեց, որն այն դասվում է պատմության ընթացքում ամենաշոգ հուլիսների շարքին: Մասնագետը նշեց, որ նախորդ ամսվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է երկու խոշոր ջերմային ալիք:

«Առաջին ջերմային ալիքը հուլիսի մեկից տասն ընկած ժամանակահատվածում է եղել, և այդ ժամանակահատվածում գրանցվել է մինչև 40,5 աստիճան:

Երկրորդ ջերմային ալիքը գրանցվել է հուլիսի 25-ից: Այդ ժամանակահատվածում գրանցվել է 39-41 աստիճան: Սյունիքում եղել է 41-42 աստիճան»,- ասաց Սուրենյանը` հավելելով, որ նման ջերմային ռեժիմ եղել է նաև 2011 հուլիսի 31-ին և գրանցվել է 42 աստիճան: Սուրենյանը նշեց նաև, որ հանրապետությունում առկա է խոնավության պակաս և գյուղատնտեսներին խորհուրդ է տրվում կատարել ինտենսիվ ոռոգում: Մասնագետի բնորոշմամբ` նկատվել են նաև անոմալ երևույթներ. 41 աստիճան շոգից հետո ունեցել ենք անձրև, որը աննախադեպ և անոմալ երևույթ է:

«Այսօր արդեն տաք օդային ալիքը նահանջում է: Այսօրվանից օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով նվազելու է: Մինչև ամսի 9-ը կդիտվի 36 աստիճան տաքություն: Օգոստոսի տասից Իրաքից նոր ջերմային ալիք է մոտենում: Օգոստոսի 11-ին կգրանցվի 39 աստիճան, իսկ մնացած մի քանի օրերին` մինչև 42 աստիճան»,- նշեց Սուրենյանը` հավելելով, որ առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, իսկ արդեն ամսի իննից կդիտվի չոր օդային եղանակ: «Ազգաբնակչությանը հորդորվում է զգոն լինել, որովհետև հանրապետությունում հինգերորդ կարգի հրդեհավտանգ իրավիճակ է: Աշխարհի ողջ մասշտաբով է այդ շոգը: Օրինակ` Իրաքում, Ճապոնիայում, Ֆրանսիայում: Կլիմայի գլոբալ փոփոխության հետ է կապված այս ամենը:

Սա մոլորակի պատասխանն է մեզ»,- ասաց մասնագետը: Նա նշեց նաև, որ առաջիկա երեք օրերին սպասվում են բավականին ուժեղ քամիներ և ողջ օգոստոս ամսին կդիտվի նորմայից բարձր ջերմաստիճան: