կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-31 11:34
Հասարակություն

Ճամբարից հիվանդանոց տեղափոխված 20 երեխաների թունավորման պատճառը պարզ չէ

Ճամբարից հիվանդանոց տեղափոխված 20 երեխաների թունավորման պատճառը պարզ չէ

Տեղեկացրել էինք, որ երեկ կեսօրին Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել 20-ից ավելի երեխաներ, նրանք հիվանդանոց են տեղափոխվել թունավորման ախտանշաններով:

Yerkir.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական վարչության պետ Անուշ Պողոսյանը նշեց, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում գործող ամառային ճամբարից:

«Բանն այն է, որ հիվանդանոց դիմողներ չեն եղել, պարզապես պրոֆիլակտիկ հետազոտման արդյունքում` 20 երեխայի մոտ ջերմություն է նկատվել, որոնց բերել ենք հիվանդանոց: Երեխաներն ունեին թեթև սրտխառնոց և 37,1-37,2 տաքություն: Նրանցից 6-7-ը բուժման կարիք ունեցան, մնացածին առանց բուժման հետ ենք ուղարկել, որովհետև անցել էին արդեն այդ երևույթները»,- ասաց Պողոսյանը:

Ըստ նրա` երեխաներին առաջին բուժօգնություն են ցուցաբերել, և բոլորի վիճակը թեթև է եղել, ծանր կամ միջին ծանրության երեխաներ չեն եղել: «Ավելին` երևի մեր ուշադրությունը շատ չլիներ, այդ երեխաները կարող է անգամ չհոսպիտալացվեին, տեղում օրգանիզմը պայքարեր ու անցներ-գնար: Սա մեր ուշադրության արդյունքն էր: Կարելի է ասել` երեխաներ չունենք արդեն, բոլորը դուրս են գրվել, շատերին անգամ միջամտություն չենք արել, որովհետև շատ թեթև վիճակ է եղել: Մեկն ունենք, որ մի քիչ մրսածություն ունի, մի քանի ժամ հսկողության տակ կպահենք ու նրան էլ դուրս կգրենք»,- նշեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե` ըստ լուրերի` երեխաներից մեկը ջրազրկվել էր, Պողոսյանը պատասխանեց, որ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: Իսկ թե ի՞նչ վարակ էր, դժվարացավ ասել: Ըստ Պողոսյանի` կարող է լինել հազար ու մի պատճառ` սկսած շոգից:

Նա տեղեկացրեց նաև, որ այսօր առավոտյան նորից զննել են երեխաներին, նոր հիվանդներ չեն հայտնաբերվել: