Փոխարժեքներ
16 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.51 |
EUR | ⚊ | € 414.95 |
RUB | ⚊ | ₽ 4.3582 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր երեկոյան այցելել է ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորում ՓԲ ընկերություն, ծանոթացել թունավորման ախտանշաններով բուժհաստատություն տեղափոխված երեխաների առողջական վիճակին: «Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանը պետնախարարին տեղեկացրել է, որ երեխաների վիճակը բավարար է: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմից։
Պետնախարարն այնուհետև հենց բուժհաստատությունում դեպքի հետ կապված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՝ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արթուր Օհանջանյանի, պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ Լևոն Սարգսյանի, ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ գործադիր տնօրեն Օֆելյա Գրիգորյանի, «Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանի, պատասխանատու այլ անձանց մասնակցությամբ:
Պետնախարարին զեկուցվել է իրավիճակը և ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների ընթացքը: Նշվել է, որ ընդհանուր առմամբ բժշկական հաստատություն է դիմել 19 երեխա, որոնց մոտ ախտորոշվել է «սուր գաստրիտ»՝ ենթադրաբար սննդային թունավորման հետևանքով: Դիմորդներից 12-ին ցուցաբերվել է ստացիոնար բուժօգնություն, նրանցից 9-ը շարունակում է ստանալ բժշկական օգնություն հիվանդանոցային պայմաններում:
Հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Գրիգորյանը նշել է, որ կատարվում են անհրաժեշտ լաբորատոր փորձաքննություններ՝ պատճառները պարզելու համար, որոնց արդյունքների մասին կհայտարարվի լրացուցիչ:
Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ Լևոն Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել իրականացվող կանխարգելիչ միջոցառումների մասին:
Պետնախարար Ռուբեն Վարդանյանը պատասխանատու անձանց հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել դեպքի պատճառները պարզելու, կանխարգելիչ միջոցառումները շարունակելու ուղղությամբ: Նա հանձնարարել է նաև վերլուծել իրավիճակը և միջոցներ ձեռնարկել՝ նմանատիպ դեպքերին արագ հակազդելու և համակարգված գործելու առումով: Պետնախարարը կարևորել է նաև հանրությանը պատշաճ իրազեկելու աշխատանքների իրականացումը: