Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խորհրդի երեկվա նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդվարդ Շարմազանովը հայտարարել է, թե ամեն գնով սահմանադրական բարեփոխումների անցկացումը կուսակցության համար գերնպատակ չէ: Նույն նիստից հետո կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ ասել է, թե Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Սահմանադրությունը փոխվելուց հետո նա չի զբաղեցնելու նաև ԱԺ նախագահի պաշտոնը:
Այս երկու հայտարարությունները հավակնում են երկրում ստեղծել բացարձակապես նոր քաղաքական իրավիճակ: Թվում է, թե Շարմազանովը խոսում է աբսուրդի մասին. եթե նոր Սահմանադրության ընդունումը ՀՀԿ-ի առաջնային նպատակը չէ, ապա ո՞րն էր այս նախաձեռնությունն սկսելու իմաստը: Մինչդեռ` ՀՀԿ խոսնակի հայտարարության բուն ուղերձն այն է, որ ՀՀԿ-ն ապագա իշխանության ձևավորման հարցը չի կապում սահմանադրական հանրաքվեի ելքի հետ: Այսինքն` ՀՀԿ-ի համար ոչ մի տարբերություն չկա` իշխանության մնալու հարցը փորձելու է լուծել նոր խորհրդարանական կառավարման համակարգի անցնելո՞ւ միջոցով, թե՞ գործող կիսանախագահականի:
Չի բացառվում, որ այս ուղերձը հղվում է նախագծի շուրջ կրքերը թուլացնելու, քաղաքական ուժերին նախագծի բովանդակային քննարկումներին մասնակցելու հարցում շահագրգռելու, այս նախաձեռնությունը իբրև կոնսենսուսային ներկայացնելու նպատակով: Սակայն անցած տարվա ապրիլին սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. « ...Ես` Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»: Քանի որ այս հայտարարության մեջ նա չէր խոսել պառլամենտական համակարգին անցնելու պարագայում նաև ԱԺ նախագահի պաշտոնին չհավակնելու մասին, համոզմունք էր ձևավորվել, թե Սերժ Սարգսյանը փորձելու է անձամբ «վերարտադրվել» ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի հետ մեծամասնություն ձևավորելու և ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու միջոցով:
Եվ ահա պարզվում է, որ նա հրաժարվում է նաև այդ խողովակից: Գործող նախագահը, փաստորեն, այսպիսով, հայտարարում է առնվազն պետական իշխանությունից իր հեռանալու մասին: Տեսականորեն չի բացառվում, որ սահմանադրական հանրաքեն կազմակերպվում է այն սահուն տապալելու նպատակով: Այսինքն` խնդիրը ոչ թե կառավարման համակարգ փոխելն է, այլ նախ, այս հարցը արհեստականորեն օրակարգ մտցնելով, քաղաքական ուժերին մաշելն ու նրանց համապետական ընտրություններին ընդառաջ ուժերի վերախմբավորում կատարելու հնարավորությունից զրկելը և, սահմանադրական փոփոխությունները օրինական, լեգիտիմ անցկացված հանրաքվեի միջոցով տապալելով, թե\' ՀՀԿ-ի և թե\' ընտրական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացումը: Բայց դա նշանակում է մնալ գործող Սահմանադրության հույսին:
Տեսականորեն չի բացառվում նաև, որ այս խոշորամասշտաբ օպերացիան կազմակերպվում է գործող Սահմանադրության շրջանակներում «վերարտադրում» ապահովելու համար` վարչապետի պաշտոնն ստանձնելու, այսինքն` ռուսական պուտինյան սցենարը կրկնելու միջոցով: Բայց սա քիչ հավանական է երկու պատճառով: Նախ` Հայաստանը Ռուսաստանը չէ, և որևէ վարչապետ չի կարող վստահ լինել, որ «դրածո» նախագահը չի փորձելու իշխանությունն ամբողջությամբ վերցնել իր ձեռքը` օգտվելով Սահմանադրությամբ իրեն տրված լիազորություններից: Երկրորդ` վարչապետի պաշտոնին գնալը տրամաբանական է դառնում միայն այն դեպքում, եթե նա ցանկանում է ռուսական օրինակով` որոշ ժամանակ անց կրկին զբաղեցնել նախագահի պաշտոնը: Բայց դա հակասում է 2014թ. նրա արած վերոնշյալ հայտարարության հատկապես այն հատվածին, որում շեշտում է. «Մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին»: Այս հանգամանքը քաղաքական դաշտում իսկական քաոսային իրավիճակ է ստեղծում: Արդեն ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչի՞ է փորձում հասնել Սերժ Սարգսյանը, ո՞րն է նախագահի նպատակը` նախ` անձամբ իր, ապա` նաև ՀՀԿ-ի համար:
Ըստ էության` նախագահը քաղաքական դաշտն ու հասարակությանը տեղափոխում է բազմաթիվ անհայտնելով հավասարման մի հարթություն, որտեղ բոլոր հարցերի պատասխանը թերևս գիտի միայն ինքը: Կառավարելի քաոսի մի վիճակ, որտեղ կարելի է կատարել չափազանց բարդ բազմաքայլ կոմբինացիաներ, ընդ որում` ունենալով ընտրությունների` գործնականում անսպառ հնարավորություններ:
Միակ բանը, որ գոնե հայտարարությունների մակարդակով հիմա նա հասկանալի է դարձնում, հետևյալն է` իշխանության վերարտադրության խաղը տարվում է ոչ թե անձամբ իր` Սերժ Սարգսյանի իշխանությունը պահպանելու տրամաբանությամբ, այլ` ժառանգորդին հանձնելու: Եթե ավելի պարզ` ապա գործողության մեջ է դրվում, այսպես կոչված, «ժառանգորդ» օպերացիան: Հետևաբար, հարցադրումները տեղափոխվում են հենց ժառանգորդի` ով լինելու և նրան իշխանությունն ինչպես փոխանցելու տիրույթ, որտեղ կառավարման համակարգի ինչպիսին լինելն ընդամենը այս օպերացիան իրականացնելու տարբերակների, ընտրանքների դեր է կատարում: ՀՀԿ-ի` իշխանության մնալու անընդհատության կամ իշխանությունը բարեհաջող կերպով ժառանգորդին հանձնելու հարցի լուծումը կախված է ոչ թե նրանից, թե երկրում կառավարման համակարգի որ մոդելն է գործում, այլ թե որքանով է առկա ընտրությունները կեղծելու և դրա համար պատասխանատվություն չկրելու, չպատժվելու հնարավորությունը:
Գևորգ Դարբինյան