կարևոր
2728 դիտում, 10 ամիս առաջ - 2023-11-30 11:35
Քաղաքական

Նման հասարակություն և իշխանություն ունեցող ժողովրդին հաղթելը խաղ ու պար է․ նման երկիրն ի սկզբանե պարտված է ստյոպաների առատության պատճառով․ Իշխանյան

Նման հասարակություն և իշխանություն ունեցող ժողովրդին հաղթելը խաղ ու պար է․ նման երկիրն ի սկզբանե պարտված է ստյոպաների առատության պատճառով․ Իշխանյան

Ուշացումով, միայն երեկ կարդացի Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանին և արցախցիներին ուղղված հայհոյանքներն ու լուտանքները։ Մետաքսե Հակոբյանն առաջարկել էր, որ Արցախի Աժ պատգամավորներն իրենց  աշխատավարձերը Հայաստանում շարունակեն ստանալ։

Մետաքսե Հակոբյանի այս խոսքն առիթ է հանդիսացել, որ տարբեր մաստի գործիչներ իրենց ատելությունն արտահայտեն իրենց հազարամյակների հայրենիքից տեղահանված մեր հայրենակից արցախցիների հասցեին։ Բայց ամենազարմանալին այն է, որ այդ գործիչներից շատերը հանրությանը հայտնի, իրենց առաջադեմ, արևմտյան արժեքներին նվիրյալ համարող մարդիկ են, ինչպիսիք են՝ Ստյոպա Սաֆարյանը, Լևոն Բարսեղյանը, Ռուբեն Մեհրաբյանը, Մուշեղ Եկմալյանը։

Կարդալով նրանց գրառումները, չդիմացա և որոշեցի անուն առ անուն անդրադառնալ նրանց բարոյական կերպարներին։

1․ Ահա Ստյոպա Սաֆարյանի խոսքերը․ «Հա, գիշերները չէի քնել, որ կրկնակի հարկ վճարեմ աշխատավարձի համար… էշն էր պակաս, պարախոդով եկավ»: «Մի հատ էլ պարգեւավճար չտա՞նք հողը լքելու համար», «Իրո՞ք, ձեր աղբ Շահրամանյանից ուզեք», «Սրան նույնիսկ Հայաստան մուտքը պետք է արգելվեր», «30 տարի քերեցին, հլը էլի են ուզում քերել», «Խի՞ են թույլ տվել մտնի ՀՀ տարածք, պիտի մնար ինտեգրվեր», «Ընդհանրապես ոչ մի արցախցի ղեկավարի չպետք է թողնեին ստեղ գա», «Հավաքարարի գործ եմ առաջարկում», «Նամուս ունենայիր՝ Հայաստան չէիր գա», «Քո տեղը բերդն ա», «Օրենքով սրանց աշխատավարձը Ալիեւը պիտի տա», «Ում հաշվին, Հայաստանի հարկատուների՞, վեր ընկի տեղդ», «Այ чушка-ներ, բա ասում էիք՝ Հայաստանը թող չխառնվի Արցախի գործերին, ի՞նչ եք ուզում մեզանից», «Գնացեք ձեր սպիտակ պապայից ուզեք», «Լրիվ էշի տեղ են դրել Հայաստանի իշխանությանը», «Ձրիակերներ, դուք պիտի ամաչեիք աշխատավարձ ստանալուց»։

 Ստյոպա Սաֆարյան, մարդ, որը 2008 թ․ մարտի 1-ին հրապարակային ստեց, թե ոստիկանները մանկահասակ երեխա են սպանել։ Հետագայում «Wikileaks»-ը հրապարակեց Ստյոպա Սաֆարյանի հաղորդած տեղեկությունը ԱՄՆ դեսպանատուն․ «Արդեն 3 մարդ է զոհվել՝ մի մանկահասակ մի տղա և երկու տարեց մարդ։ Նրանք նաև նշել են, որ ոստիկանը ծեծել է տարեց մարդուն և սպանել նրան։ Ըստ այս երկուսի՝ այդ պատճառով է զայրացած ամբոխը հավաքվել դեսպանատների մոտ» (Երկրորդը Անահիտ Բախշյանն է):

Քաղաքակիրթ հասարակություն ունենալու դեպքում, այս բացահայտումներից հետո նման հանրային գործիչ բացառվում է, որ Հայաստանում  շարունակեր գործել։ Բայց, Ստյոպա Սաֆարյանը հանգիստ շարունակում էր և է իր ստահոդ և քայքայիչ գործունեությունը։

«Մոռանալով» 2008թ մարտի 1-ի ստախոսությունները, Ստյոպա Սաֆարյանը հաջողությամբ փոխեց իր քաղաքական կողմնորոշումը և դարձավ ՀՀԿ-ի քաղաքական դպրոցի դասընթացավար։

Երբ Ադրբեջանի նախագահի պահանջով  փակվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Ստյոպա Սաֆարյան խոշոր վերլուծաբանը բացահայտեց, որ իրականում գրասենյակը փակվել է Ռուսաստանի պահանջով։ Իսկապես հզոր գուշակ։

2․ «Ֆաքի մեջ ենք again, լրիվ լավրովի խելքից է…»: Սա էլ հանրահայտ Լևոն Բարսեղյանի խոսքերը։ Ինձ համար ամենացավալին է քննադատել Լևոն Բարսեղյանին։ Նրա հետ ծանոթացել եմ, նրա վաղամեռիկ կնոջ, ազնվաբարո Ռուզան Մովսիսյանի միջոցով, որից հետո Լևոն Բարսեղյանի  հետ եղել ենք շատ մտերիմ հարաբերությունների մեջ։ Մի քանի անգամ, Գյումրի այցելելիս, գիշերել եմ նրանց տանը։ 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո, կամաց-կամաց մեր հարաբերությունները սառեցին և այժմ զրոյական մակարդակի են։ Ինձ հավաստի տեղեկություն հասավ, որ իմ քննադատություններին ներկա իշխանությանը, Լևոն Բարսեղյանն արձագանքել է․ «Էդ ի՞նչ ուզեց , որ չտվեցին»։ Պարզվում է, Լևոն Բարսեղյանի ողջ գործունեությունը կապված է միայն իր հասանելիքը ստանալու պայմանով։ Նրա մասնակցությունը 2015թ․«Էլեկտրիկ Երևանին», 2016թ․ աջակցությունը «Սասնա Ծռերին», 2018թ․  մասնակցությունը «Մերժիր Սերժին» շարժմանը,2021թ․ ֆարսը արդար ընտրություններ հայտարարելը, կապված են եղել միայն իր հասանելիքը ստանալու պայմանով։Ի՞նչ սկզբունք, ի՞նչ արժեք, ի՞նչ լրագրություն։

3․ «Էդ 22 դեպուտատ ստահակները պիտի ստանան ոչ թե աշխատավարձ, այլ լեն չափալախ, ընդ որում՝ մարդաշատ տեղերում»: Ահա թե ինչ է գրում, «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։ Այն կուսակցության, որը հիմնադրել է և որի նախագահն է փաստաթղթեր կեղծած, բանակից ապօրինի ազատված, սեփական մոր դեմ ցուցմունք տված, ըստ էության բարոյական արժեքներից  զուրկ, դավաճան Արման Բաբաջանյանը։ Ռուբեն Մեհրաբյանը թունդ ուկրաինապաշտ է, այն երկրի, որը ողջ արցախյան հակամարտության ընթացքում Ադրբեջանի դաշնակիցն էր և շնորհավորեց 44-օրյա պատերազմի հաղթանակի առթիվ։

4. «Գնա պեսկովից ուզե։ Էս մետաքսեն սարսափելի կերպար է»։ Սա էլ Բրյուսելում հանգրվանած, իրեն իրավապաշտպան, խոշտանգումների դեմ պայքարող Մուշեղ Եկմալյանի խոսքերն են։ Ըստ ականավոր իրավապաշտպանի, հոգեբանական, ատելություն արտահայտող խոսքը խոշտանգում չի համարվում։ Ցավալին այն է, որ ինչպես Լևոն Բարսեղյանի, այնպես էլ Մուշեղ Եկմալյանի հետ շատ մտերիմ հարաբերություններ եմ ունեցել։ Ի՞նչ արած, ես իմ սխալներն ընդունում եմ և դրանց համար ամբողջ հոգով զղջում։

Եվ այս ականավոր գործիչներին ակտիվորեն աջակցել են և իրենց առավել սուր հայհոյանքներով արցախցիներին ուղղված, լրացրել բազմաթիվ այլ ոչնչություններ։

Երբ կարդում էի, թե ինչպես են արևելյան Հայաստանում ընդունել  1915թ․ ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին, նրանց անվանելով «կեղտոտ գաղթականներ», հավատս չէր գալիս։ Ցավոք, այսօր մեր սերունդն էլ նույն ձևով է ընդունում, շուրջ մեկ տարի շրջափակմանը դիմակայած, փախստական դարձած, արցախցի մեր քույրերին և եղբայրներին։ Հետաքրքիր է, որ ոչ միայն ողջ արաբական աշխարհն է գրկաբաց ընդունում պաղեստինցի փախստականերին, այլև այլ, ոչ միայն մուսուլմանական երկրներ։Այո՛․ 1915 թ․ ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին արաբներն ավելի լավ ընդունեցին, քան արևլյան Հայաստանի նրանց հայրենակիցները։

Նման մտածողության տեր մարդկանցով, հնարավո՞ր է ունենալ քաղաքակիրթ հասարակություն, ժողովուրդ, իր արժեհամակարգով և վերջապես՝ պետություն։ Միանշանակ պատասխանում եմ՝ ո՛չ և ևս մեկ անգամ՝ ո՛չ։Հակառակ դեպքում, այս մարդիկ չէին համարձակվի նման մտքեր արտահայտել, քանի որ հասարակությունը նրանց չէր հանդուրժի և այո՛, հենց փողոցում նրանց հետ հաշվեհարդար կտեսներ։ Իսկ սրանք հանգիստ խղճով  շարունակում են իրենց գործունեությունը՝ քննարկումներ, սեմինարներ, ինչպես նաև ցանկալի հյուրեր են մերձիշխանական լրատվամիջոցների։ Ի՞նչ ասեմ, նմանները հենց այսօրվա վարչապետ կոչեցյալիհենարանն ու կողմնակիցներն են և իրենց բաժինն ունեն Արցախի վաճառքից։ Հիմա էլ, նրանք կատարում են, նույն վարչապետ կոչեցյալի հանձնարարականը, որ արցախցիները հեռանան նաև Հայաստանից, դառնալով կրկնակի փախստականներ։Այդ դեպքում, իրենց պաշտելի վարչապետ կոչեցյալը կազատվի արցախցիներին նյութական օգնություն տալու բեռից և միջազգային ողջ օգնությունը կբաժանվի յուրայինների մեջ և իրենց էլ բաժին կհասնի։ Նրանց համար, ինչպես միշտ, կարևորը  իրենց բաժին գումարը ստանալն է․ «Ի՞նչ ուզեցինք, որ չտվեցին»։

Արդեն որերոդ անգամ  անհարմար եմ զգում , ոչ միայն որ նրանցից ոմանց հետ ջերմ հարաբերություններ եմ ունեցել, այլև նման մարդկանց հետ նույն ազգին պատկանելու համար։

Նման հասարակություն և իշխանություն ունեցող ժողովրդին հաղթելը, ցանկացած թշնամու կողմից խաղ ու պար է, քանի որ նման երկիրն ի սկզբանե պարտված է ստյոպաների առատության պատճառով։ Դժվարանում եմ ասել, թե ադրբեջանցիներն են ավելի շատ ատում մեզ, թե՞ ինքներս  մեզ։ Կրկնեմ, չեմ ընդունում այն վարկածը, թե բոլոր ազգերն իրար նման են։ Ո՛չ, համոզված եմ, որ որևէ այլ ազգ չէր հանդուրժի նմաններին։

Էհ, նորից ու նորից հիշենք մեծն Գարեգին Նժդեհին․ «Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի»:

Ավետիք Իշխանյան