կարևոր
4300 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-30 18:19
Արցախ Քաղաքական

Չի’ լինելու ոչ մի խաղ ժողովրդի մեջքի հետևում. Դավիթ Բաբայան

Չի’ լինելու ոչ մի խաղ ժողովրդի մեջքի հետևում. Դավիթ Բաբայան

Բոլորս միասանական պաշտպանելու ենք Արցախը, հնարավորությունը կա փրկելու Արցախը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Արցախի Վերածննդի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

«Այն, որ բոլորդ կանգնած եք այստեղ, պատգամ է ամբողջ աշխարհին, մարդկությանը: Մենք ապրում ենք օրհասական ժամանակահատված՝ առերեսվելով գոյաբանական վտանգների: Նաեւ Մայր Հայաստանը եւ Սփյուռքն են առնչվում նման գոյաբանական վտանգների: Այս ամենը հաղթահարելու համար պետք է աշխատենք եւ ներքին,եւ արտաքին ոլորտներում: Ամենակարեւորը անտարբեր չլինելն է: Հենց անտարբերությունը մեզ կարող է կործանել: Կարծես թե անմեղ բան է երբ ասում ենք՝ ի՞նչ է կախված ինձնից: Ոչ, յուրաքանչյուրիցդ է կախված մեր ապագան, լինելո՞ւ է հաղթանակ, թե՝ պարտություն»,- ասաց Բաբայանը:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ արտաքին ոլորտում պետք է լինել սկզբունքային, տեղ տալ արհեստավարժությանը եւ հայրենասիրությունը: Նա հիշեցրեց, որ անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որտեղ Արցախը կարող է դիտարկվել որպես Ադրբեջանի մաս:

«Մենք մերժելու ենք նման ցանկացած առաջարկ: Եթե նման բան մեզ ներկայացնեն միջազգային ատյաններից, դիտարկելու ենք որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում:  Հավատացեք՝ ի վիճակի ենք պաշտապանել Արցախը, կա այդ ներուժը, այն ձեզնից յուրաքանչյուրի մեջ է: Մեր ճակատագիրը միասնական է: Չի լինելու ոչ մի խաղ ժողովրդի մեջքի հետեւում: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերակատարությունը տարածաշրջանում եւ խաղաղապահ առաքելության բարդ աշխատանքը: Երբ մենք ասում ենք, որ հայ եւ ռուս ժողովուրդները եղբայրական են, դա ուղղված չէ այլ ժողովրդի դեմ: Եկեք համախմբվենք ու չհուսահատվենք. կան բոլոր շանսերը պահելու մեր երկիրը»,- հայտարարեց Դավիթ Բաբայանը: