Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ոչ ոք Չեչնիայի մասին չի խոսում, մենք մոռացել ենք Չեչնիան, մոռացել ենք, որ պատերազմի հարցը դեռ լուծված չէ. այսօր լրագրողներին ասաց կինոռեժիսոր Նիկոլա Բելուչին, որի «Գրոզնի բլյուզ» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Միջազգային վավերագրական մրցույթ» ծրագրում:
Բելուչիի ներկայացմամբ` ֆիլմի պատմությունը մի խումբ կանանց մասին է, կանանց, քանի որ կանայք միշտ ամենաճնշված խավն են:
Ֆիլմը ծավալվում է չորս կնոջ շուրջ. նրանք տարեցտարի վատթարացող պայմաններում պայքարել են մարդու իրավունքների համար, բայց ավելի ու ավելի հիասթափվել երկրում տիրող իրավիճակից: Այն շենքում, որտեղ նրանք աշխատում են, գտնվում է նաև երիտասարդների հավաքատեղի` «Բլյուզ» ակումբը: 90-ականների Չեչնիայի պատերազմից միայն աղոտ հուշեր ունենալով՝ նրանք փորձում են հասկանալ այն դեպքերը, որ կատարվում են իրենց երկրում:
«Մարդկանց դժվար էր խոսել իրենց կյանքի մասին: Ինձ համար էլ շատ դժվար էր համոզել նրանց: Արդյունքում` ֆիլմը դարձավ տրագիկոմեդիա: Ուզում էի ցույց տալ նաև, թե ինչպես են մարդիկ հիմա ապրում Չեչնիայում, քանի որ իշխանությունը ցույց է տալիս, թե ինչպես է քաղաքը զարգանում: Այս ամենը նման է թատրոնի` բոլորը գիտեն` ինչ դեր են խաղում: Անհատների կորուստն եմ փորձել ցույց տալ»,- ասում է կինոռեժիսորը:
Ի դեպ, ֆիլմի նկարահանման աշխատանքները երեք տարի են տևել, և ռեժիսորն անկեղծանում է` ասելով, որ մարդիկ, որոնց նկարահանում էր, իր ընկերներն են դարձել, հերոսների հետ կապի մեջ է մինչ օրս:
«Սա նաև մեր բլյուզն է: Չեչնիայում էլ սովորական մարդիկ են` իրենց հոգսերով և ուրախություններով: Ուզում էի ցույց տալ խաղաղություն, որտեղ չկա խաղաղություն, որովհետև մարդիկ տանջվում են, տառապում: Ֆիլմի վերջում հույս կա` մարդիկ նորմալ ապրելու հույս ունեն»,- ասում է ռեժիսորը: