Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Աքիլլես» ավտովարորդների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը և իրավաբան Արմինե Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձան Վարդավառի տոնին շարժական արագաչափերի կիրառմանը և դրանց անհրաժեշտությանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որում զգուշացրել է վարորդներին, որ Վարդավառի տոնին մայրաքաղաքում շատանալու են շարժական արագաչափերը:
Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ իրենք ո\'չ դեմ են այդ արագաչափերի կիրառմանը, ո\'չ էլ` կողմ, սակայն, միանշանակ դեմ են այն երևույթին, որ այդ արագաչափերի առկայության մասին պատշաճ ծանուցում չկա, այսինքն` վարորդները չգիտեն, թե կոնկրետ որ վայրում են գտնվում դրանք:
«Ես չեմ կարող ասել` որքանո՞վ կարող է իրավիճակը բարելավվել այս սարքերի տեղադրումից հետո: Շարժական արագաչափերը գտնվում են ոչ տարբերակիչ նշանով մեքենաների մեջ: Սա մեծագույն խնդիր է: Վարորդները կարող են և չիմանալ, թե որտեղ է արագաչափը: Հարց է նաև այն, թե որտեղ պետք է կանգնի մեքենան: Ենթադրենք` այդ մեքենան Սևանի մայրուղում կոնկրետ որ հատվածում պետք է կանգնի, որ կարողանա ֆիքսել արագությունը»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց նաև, որ չգիտի` արագաչափերի տեղադրման նման մեխանիզմը ավելորդ գումար շորթելու միջո՞ց է, թե՞ ոչ: «Ես հա\'մ կողմ եմ այս սարքերի տեղադրմանը, համ էլ դեմ եմ: Կարծում եմ`պետք է դա արվի ասենք` Վրաստանի պես: Տարբերակիչ նշաններ են պետք: Վարորդները պետք է իմանան, որտեղ են այդ սարքերը: Վարորդները կարող են շփոթության մեջ հայտնվել լարվածությունից: Դե հիմա` ոտք ա, մի քիչ ավելի ես գազ տալիս, ու վերջ»,- ասաց Հովհաննիսյանը ` հավելելով, որ եղած արագաչափերը բավական են:
Ըստ նրա` «Իսկրա 1» արագաչափերը տեխնիկական նորմերով ոչ իրավաչափ են, որովհետև մոնիտորի վրա չկա պատշաճ ծանուցում, թե ինչքան է արագությունը: Հովհաննիսյանի կարծիքով` ավելի արդյունավետ կարող էր լինել այն տարբերակը, որ արագաչափերը տեղադրված լինեին ՃՈ մեքենաների մեջ:
Նույն կազմակերպության իրավաբան Արմինե Մկրտչյանն էլ նշեց, որ անանուն սարքերի տեղադրումը, վարորդներին չզգուշացնելը նպաստում են մարդկանց մանիպուլիացիայի ենթարկելուն: «Մարդիկ մանիպուլիացիայի են ենթարկվում, հանկարծակիի են գալիս և հայտնվում են անելանելի դրության մեջ»,- ասաց նա` հավելելով. «Եթե օրենքով նախատեսված կարգով են ուզում կարգավորել այս ամենը, ապա այնպիսի միջոցներ պետք է ստեղծվեն, որ տարբերակիչ նշաններ լինեն: ՃՈ-ն բավարար քանակով մեքենաներ ունի, և արագաչափ տեսախցիկները կարող են հենց իրենց մեքենաների մեջ տեղադրվել»: