կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-17 11:53
Քաղաքական

Ֆինանսների նախարարը մանիպուլյացիայի է ենթարկում

Ֆինանսների նախարարը մանիպուլյացիայի է ենթարկում

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը վստահ է, որ կառավարությունը և նրա առանձին անդամներ ցնցումների մեջ են, դա արդեն ակնհայտ է, և, չկարողանալով պատասխանել քաղաքացիական ակտիվիստներին եւ քաղաքական ուժերին, վերջիններիս մեղադրում են չեղած կամ կեղծ գործողությունների մեջ: Yerkir.am-ի հետ զրույցում Մինասյանը նշեց, որ թե' մարտի 7-ի բողոքի ակցիայի, թե' մնացած բոլոր բողոքի ակցիաների հիմնական կազմակերպիչը «Դեմ եմ պարտադիրին» քաղաքացիական շարժումն է, և այդ գործընթացում չկա որևէ կուսակցական միջամտություն:

 

Պատգամավորը շեշտեց, որ բոլորին է հայտնի, որ ԱԺ չորս կուսակցությունները աջակցում են այդ քաղաքացիական շարժման մասնակիցներին և պատրաստ են մինչև վերջ պայքարել այս ուղղությամբ: Ըստ Արծվիկ Մինասյանի` ակնհայտ է, որ «Դեմ եմ պարտադիրին» շարժումը չի կարող միայն հասարակական հնչեղություն ունենալ և ի սկզբանե քաղաքական է: «Հավանաբար, կառավարության շատ անդամներ կուսակցական և քաղաքական հասկացությունները շփոթում են իրար հետ: Եթե իրենց թվում է, որ անպայման ինչ-որ տեղից պետք է հրահրվի քաղաքացիների կողմից իշխանությանը ճնշելը, ուրեմն նրանք չարաչար սխալվում են: Այս պայքարը չի կարող դադարել այնքան ժամանակ, քանի դեռ հստակ պատասխան չի տրվել պարտադիր բաղադրիչի դեմ թե' ընդդիմացողներին, թե' քաղաքական ուժերին»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ֆինանսների նախարարությունը պատրաստ է հստակ պարզաբանումներ տալ կուտակային բաղադրիչի վերաբերյալ ցանկացած հարցի, Արծվիկ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ ո'չ ֆինանսների նախարարը, ո'չ էլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը չեն կարող հստակ պարզաբանումներ տալ, իսկ իրենց պատասխաններից էլ ակնհայտ է դառնում, որ կառավարությունն անտեսել է Սահմանադրության աշխատակարգային որոշումը, ուստի այդ շրջանակներում որևէ բացատրություն կամ պարզաբանում չի կարող լինել օրինական և ըստ էության:

 

«Ֆինանսների նախարարը, փորձելով հիմնավորել պարտադիր բաղադրիչի ներդրման անհրաժեշտությունը, մանիպուլյացիայի է ենթարկում թե' գործատուների և թե' աշխատակիցների վարքագիծը, որոնցից շատերը պարտադրված, ստիպված են եղել էլեկտրոնային հաշվետվության ներկայացման ժամանակ կատարել այդ պահումները: Դա հակաօրինական գործընթաց է»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Մեր այն հարցին` իսկապե՞ս դժվար ընթացակարգ է էլեկտրոնային հաշվետվության համակարգչային ծրագիրը փոփոխելը, ինչպես պնդում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, պատգամավորը պատասխանեց, որ թեև ինքը մասնագետ չէ, բայց փոխարենը պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող բազմաթիվ քաղաքացիներ ՏՏ ոլորտի մասնագետներ են, ովքեր նշում են, որ այդ ամենը, ինչը անհրաժեշտ է հայեցողական որոշում ընդունելու համար, 20-30 րոպեի գործ է: «Ներկայացնում են, թե ընթացակարգը պետք է անցնի կառավարման խորհրդով, բայց եթե դա էլ վերածենք գործողությունների, կրկին կարճ ժամկետում իրականացվող քայլ է: Պարզապես շատ բացահայտ է, որ կառավարությունը արհամարհում է հայաստանյան օրենսդրության պահանջները, և այս հարցը միանշանակ քննարկվելու է նաև ՍԴ-ում»,- ասաց պատգամավորը: