կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-08 13:30
Հասարակություն

Նազարյանը գաղտնազերծեց իր եւ Բիբինի հեռախոսազրույցը

Նազարյանը գաղտնազերծեց իր եւ Բիբինի հեռախոսազրույցը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակել է 14 տարբեր որոշումների նախագծեր, որոնց հանրագումարում պատրաստվում է ՀԷՑ-ին տուգանել 75 միլիոն դրամի չափով: Այսօր ՀԾԿՀ-ն նիստ է գումարվել, որին ներկա է նաև ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը:

ՀԾԿՀ-ի որոշման նախագծում ասվում է, որ ՀԷՑ-ը խախտել է քաղաքացու սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու ժամկետները, բացի այդ` միացման վճարից բացի, քաղաքացիներից պահանջել է նաև սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար փաստացի ծախսումների գումարը՝ նշված գումարը հետագա 5 տարիների ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարների հաշվին մարելու պայմանով: Որպես հիմնավորում` ՀԷՑ-ը ներկայացրել է ընկերության ֆինանսական ծանր վիճակը:

Բնականաբար, ՀԷՑ ներկայացուցիչներն ու իրավաբանները յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ փորձում են ներկայացնել հակափաստարկներ՝ առաջարկելով հանել որոշ դիմումներ: ՀԾԿՀ ներկայացուցիչները մերժեցին գրեթե բոլոր հակափաստարկները և քվեարկությամբ հաստատեցին ՀԷՑ-ին տուգանելու որոշումները:

Գրեթե յուրաքանչյուր դիմումի ու վարչական վարույթի վերաբերյալ ՀԷՑ-ի իրավաբանը ներկայացնում էր գրեթե նույն հակափաստարկները: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի նյարդերը տեղի տվեցին: Նա դիմեց ՀԷՑ-ի իրավաբանին. «Էսօր եք ծանոթացե՞լ վարչական վարույթի հետ, ինչո՞ւ գրավոր չեք ներկայացրել ձեր բոլոր հակափաստարկները»: Իրավաբանը պատասխանեց, որ վարչական վարույթների փաստաթղթերի հետ ոչ թե այսօր են ծանոթացել, այլ երեկ: Ռոբերտ Նազարյանը զայրացավ. «Տեսնո՞ւմ եք, այլևս ոչինչ չեմ ուզում լսել: Գուցե Դուք լավ իրավաբան եք, էսօր էլ մտքի լավ վարժանքով զբաղվեցիք, բայց տվյալ դեպքում Դուք գործին չեք հասցրել լավագույնս ծանոթանալ: Մարդկային պարզ հարց` եթե Դուք ընդամենը երեկ եք հասցրել ծանոթանալ թղթերին, ինչո՞ւ եք ստանձնել այս գործը և այսօր հանդես եք գալիս, երբ մեկ ամսից ավելի գործընթաց է գնում»:

Երբ զեկուցեցին բոլոր դիմումների ու վարչական վարույթների մասին, վերջում խոսեց ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը՝ փորձելով արդարացնել իր ղեկավարած ընկերությանը և պարզաբանելով, թե ինչու են դիմել սպառողների նկատմամբ անօրինական գործողությունների:

«Գաղտնիք չէ, ինչ ծանր ֆինանսական վիճակում է գտնվել ՀԷՑ-ը, մենք իսկապես նման որոշումներ էինք կայացնում, որ ընկերությունը կարողանա անխափան իրականացնել շատ աշխատանքներ: Թե ինչ ջանքեր է մեզանից պահանջվել այդ աշխատանքներն անխափան իրականացնելու համար, մենք դրա մասին բարձրաձայնել ենք, այլ հարց է, որ շատերը չեն ցանկացել լսել մեզ: Բայց մեր այդ որոշումները ժամանակավոր են եղել: Լավ է, թե` վատ, սպառողի համար, հավանաբար, վատ որոշում էր, բայց հիմա մեր ընկերությունն անցել է բնականոն աշխատանքների և այդ մեթոդով այլևս չի աշխատում»,- ասաց նա:

ՀԾԿՀ-ի ներկայացուցիչը, ի պատասխանի, նշեց, որ խոսքը գնում է մենաշնորհային ընկերության մասին, որն օգտվում է մենաշնորհային իրավունքներից, որին ամրագրված են նաև մենաշնորհային պարտականություններ: «Ի՞նչ է նշանակում` ընկերությունը վատ վիճակում է, որոշում է, որ փող է պետք ու սպառողներից փող է վերցնում: Տարիներ շարունակ նման ոճով եք աշխատել, այն դեպքում, երբ կա կանոնակարգված աշխատանք՝ համաձայն ՀՀ օրենսդրության: Մեկը ցանկանում է հրաման ստորագրել, որ սրանից հետո պետք է այսինչ ձևով աշխատի, անընդունելի է ու անօրինական, դա հակասում է ՀՀ իրավական ակտերին: Դուք խախտել եք ՀՀ օրենսդրությունը և տեղին կլինի, որ ձեր ընկերությւոնը ենթարկվի վարչական պատասխանատվության»,- ասաց նա:

Իսկ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հավելեց. «Չէի ուզում ելույթ ունենալ, բայց քանի որ Բիբինն իր ելույթում ասաց, որ իր հրամանն այդ պահի համար արդարացված էր ու ճիշտ, ցանկանում եմ իմ ասելիքը ասել: Եթե ինքներդ պետք է որոշեք` որն է ճիշտը, որը ՝սխալը, ուրեմն գնացեք, ինքներդ հրաման արձակեք ու աշխատեք: Մեր հանձնաժողովը, մեր կարգերը, օրենքները դրեք մի կողմ, ձեր ճիշտ ու սխալով աշխատեք: Նույնիսկ դա ինձ վախեցրեց, որ ասացիք, թե տվյալ պահին այդպես եք ճիշտ համարել: Թող ձեր իրավաբանն ասի՝ իրավական տեսակետից ճի՞շտ է ստորագրել այնպիսի հրաման, որը հակասոււմ է ՀՀ օրենքներին ու իրավական ակտերին: Մի միացման հետ կապված` ես հեռախոսով կապվեցի պարոն Բիբինի հետ, հարցրեցի՝ ինչո՞ւչի կատարում միացումը էներգահամակարգին, նա պատասխանեց, որ նման հրաման է ստորագրել, ես էլ ասացի՝ վերացրեք այդ հրամանը: Հետո ամեն օր զանգում, հարցնում էի՝ վերացրե՞լ եք այդ հրամանը, պատասխանում էր՝ դեռ ոչ, ու այդպես՝ մինչ օրս: Բա ի՞նչ անեին մարդիկ, ում հոսանք էր պետք, ում պետք չէր մեր ձգձգվող վեճը, ու նրանք հարյուր տոկոսով վճարումներ կատարեցին անօրինական հրամանի դիմաց»:

Բիբինը հավաստիացրեց, որ նման խոսակցություն եղել է, բայց իրենք միացրել են հոսանքը: Ռոբերտ Նազարյանը հավելեց. «Չեմ ասում՝ չեք միացրել, բայց մինչև հարյուր տոկոսը չգանձեցիք, միացման աշխատանքները չսկսեցիք, մինչև փողը ձեր հաշվին չնստեց, չսկսեցիք միացման աշխատանքները: Սուտ ե՞մ ասում, կարող եք հերքել»:

«Շատ ճիշտ եք»,- պատասխանեց Բիբինը: