Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տեղեկացրել էինք, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Գեղամ Գրիգորյանը, ով տարիներ առաջ թատրոնում նույն պաշտոնին էր:
Լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը նշեց, որ թատրոնում մի շարք անելիքներ կան: Ըստ նրա` պիոներպալատի մակարդակ է տիրում թատրոնում, և ինքը եկել է շտկելու բացը:
«Հեռացել էի, որովհետև չէի կարող դառնալ ողորմություն խնդրող, ես չեմ սիրում ողորմություն խնդրել, դրա փոխարեն ես կարողանում եմ լավ աշխատել: Թե ինչքանո՞վ տուժեց թատրոնն իմ բացակայության ժամանակ, չեմ ուզում մեկնաբանել, բայց ուզում եմ նշել, որ երիտասարդների մի մեծ բանակ անուշադրության մատնվեց: Ուզում եմ հպարտանալ իմ թատրոնով»,- ասաց նա:
Գրիգորյանը նշեց, որ վերջերս կոնսերվատորիայում ավարտական քննությունների նախագահն է եղել և կարող է հավաստիացնել, որ երիտասարդների շատ լավ բանակ ունենք, որոնց հարկավոր է համապատասխան աշխատանք տալ:
Խոսելով առաջիկա անելիքների մասին` նա հայտնեց, որ տարեկան ամենաքիչը 4-5 ներկայացում պետք է ավելացնել երիտասարդների համար, թատրոնը պետք է կոնսերվատորիայի հետ համագործակցություն սկսի` իր «ռեզերվը» ձեռք բերելով:
«Շատ բան չեմ կարող ասել, քանի որ դեռ պետք է ուսումնասիրեմ` ինչ ունեմ ձեռքիս տակ: Շատ շուտով հանձնարարություններ կտամ, որպեսզի տեսնեմ` ով ոնց է աշխատում և ինչքանով է նվիրված թատրոնին: Իսկ կադրային փոփոխությունների մասին այդ ամենից հետո նոր կմտածենք: Կաշխատեմ, որ լավ լինի ամեն ինչ»,- ասաց Գրիգորյանը:
Նա նշեց, որ պետք է նաև բյուջեն ուսումնասիրի, որպեսզի հասկանա, թե ինչ հնարավորություններ ունի: «Պետք է մեր յորղանի գյորա ոտներս մեկնենք, ոչ մեկին զարմացնելու տեղ չունենք»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարը: