Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը հյուրընկալում է Ռավեննայի հեղինակավոր փառատոնի համերգը Երևանում:
«Բարեկամության շառավիղներ» խորագրով համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին՝ 19.00-ին, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Մաեստրո Մուտին Երևան է ժամանելու իր Լուիջի Քերուբինիի երիտասարդական նվագախմբի հետ։ Համերգին մասնակցում են Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան), մենակատարներ՝ սոպրանո Նինա Մինասյանը, տենոր Ջովաննի Սալան, բարիտոն Գուրգեն Բավեյանը և երգեհոնահար Դավիդե Կավալին։ Ծրագրում կհնչեն Ֆ․ Յ․ Հայդնի, Վ․ Ա․ Մոցարտի, Ֆ․ Շուբերտի ստեղծագործությունները, ինչպես նաև կկայնա Տ. Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը գրվել է Ռավեննայի փառատոնի պատվերով` Դանթե Ալիգիերիի 700-ամյակի կապակցությամբ:
Իրադարձությանը աջակցում են Իտալիայի Հանրապետության մշակույթի և արտաքին գործերի նախարարությունները, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Վենետիկի հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնը:
Նման նշանակալից իրադարձությունը լուսաբանելու նպատակով Իտալիայից Հայաստան են ժամանելու մեկ տասնյակից ավելի հայտնի լրագրողներ և բարձրաստիճան հյուրեր:
Համերգի նախօրեին՝ հուլիսի 3-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ, տեղի կունենա համերգ՝ ի նվիրումն և ի պատիվ Ռիկարդո Մուտիի և Ռավեննա փառատոնի։ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախումբը կկատարի Բեթհովենի թիվ 3 դաշնամուրի կոնցերտը և Բեռլիոզի «Ֆանտաստիկական» սիմֆոնիան: Երեկոյին, որպես մենակատար, հանդես կգա Իտալիայից Հայաստան ժամանած դաշնակահար Մայա Օհանյանը:
«Երևանյան հեռանկարներ» և Ռավեննա փառատոները Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամներ են և դասվում են Եվրոպայի լավագույն փառատոների շարքը: