կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-30 23:53
Առանց Կատեգորիա

«Ապատեղեկատվության» մասին

«Ապատեղեկատվության» մասին

 Հայաստանցիների մի խմբի կարծիքով, երբ ամեն օր առավոտյան արեւը ծագում է, դա ոչ թե նորմալ բնական երեւույթ է, այլ ինչ-որ մեկի պատվերը: Համենայնդեպս, ըստ այդ խմբի, բոլորը, բացի իրենցից, անշուշտ, պատվեր են կատարում, ինչ-որ մեկինն են, եւ ամեն ինչ անում են, որ ազգը չբարգավաճի, երկիրը չհզորանա. անում են, բայց բացառապես իրենք:

Հենց իրենք են, որ մինչեւ հիմա Բաղրամյանում են, հենց իրենք են, որ բոլորից լավ են պատկերացնում, թե ինչպես է պետք պայքարել, իսկ ով իրենց հետ չէ, սրիկա է: Այդ «սրիկա»-ներից մեկն էլ մենք դուրս եկանք, ինչպես ասում են` «ջրի գող» դարձանք: Պարզվում է, որ ինչ-որ գերբնական եւ զիլ ուժերի պատվերով մենք ապատեղեկատվություն ենք տարածում Բաղրամյանում տեղի ունեցածի մասին: Հիշեցնենք, որ երեկ շտապօգնության մեքենան փորձել է մահամերձ հիվանդին տեղափոխել հիվանդանոց, ճանապարհն անցնելիս է եղել Բաղրամյանով, բայց հանդիպելով ցուցարարների սուլոցներին,մեքենայի վարորդը շրջվել է եւ այլ ճանապարհով փորձել հիվանդին հասցնել հիվանդանոց:

Արդյունքում մեքենան շրջանցել է Բաղրամյանը, երկարացրել ճանապարհը, սրտի կաթված տարած հիվանդին հասցրել հիվանդանոց, որտեղ էլ վերջինս, ցավոք, մահացել է: Բժիշկները հայտնել են, որ կնոջ վիճակը շատ ծանր է եղել, այսինքն, այնպես չէ, որ «բաղրամյանցիներն» են մեղավոր հիվանդի մահվան մեջ, քանի որ թույլ չեն տվել արագ տեղափոխել հիվանդին, բայց, այդուհանդերձ` «Մեքենան երկար ճանապարհ է եկել»,- հայտնել են բժիշկները:

 Հիմա, ինչ պետք է անի նորմալ լրատվամիջոցը այս իրադարձության մասին տեղեկանալուց հետո: Բնականաբար, գոնե մենք ենթադրում ենք, որ այդ մասին պետք է բարձրաձայնի. գոնե դրա պարտականությունը ունի: Ինչը եւ արել է Yerkir.am-ը: Եւ քանի որ երկրում ընդհանրապես եւ Բաղրամյան պողոտայում հատկապես իրենցից տարբերվող մտածողությամբ մարդկանց սրիկա պիտակավորելու մթնոլորտ է ձեւավորված, վախենամ` արմատավորված, բնականաբար մեզ անվանեցին սրիկա եւ սա դեռ` մեղմ ասած: Մենք, պարզվեց, ապատեղեկատվություն ենք տարածել, «մուտիլովկաներով» եւ քաղաքական պատվերներով ենք զբաղված, խարդախության անդունդում անգամ փրկության հույս եւ ձգտում չունենք, քանի, որ ինքներս ենք հայրենական դարավոր խարդախության “պապա”-ն:

Այս համատեքստում, կրկնում ենք, երեկ Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարները սուլելով հասկացրել են, որ պատրաստ չեն բացել բարիկադները: Ճիշտ է, սուլելու առումով Ստյոպա Սաֆարյանը մի սենսացիոն նորություն է հայտնել, թե սուլում են ոչ միայն ի նշան արհամարհանքի, այլեւ ի նշան ողջույնի, բայց, մենք գոնե փողոցում իրար սուլելով ողջունող մարդկանց չենք հանդիպել:

 Կամ, ցուցարարները ինչո՞ւ պետք է ողջունեին շտապօգնության մեքենային, հոսանքի սակագինը նույնը թողնելու որոշո՞ւմն էր բերում: Հիմա, եղե՞լ է արդյոք այս փաստը, եղել է, եւ դա չեն թաքցնում այդ պահին Բաղրամյանում ներկա ցուցարարները: Ուրեմն մենք այս առումով ապատեղեկատվություն չենք տարածել: Հաջորդը: Արդյոք մահացե՞լ է այդ կինը հիվանդանոց նոր մտած: Եւս այդպես է, այս մասին էլ հաստատում են մեզ հետ զրուցած բժիշկները, ուրեմն այստեղ եւս մեր կողմից ապատեղեկատվություն չկա: Մյուսը: Ներկայացրե՞լ ենք մենք արդյոք բժշկի խոսքերը այն մասին, որ այդ կինը, իր կարծիքով քիչ հնարավորություն ուներ ապրելու եւ… ներողություն ենք խնդրում կնոջ հարազատներից, այդպես էլ եղել է: Ներկայացրել ենք, ինչը նշանակում է, որ այստեղ էլ ապատեղեկատվությամբ չենք զբաղվել: Ցուցարարները նշում են, թե Բաղրամյանը շրջանցող այլ փողոցներ կան, եւ շտապօգնության մեքենայի վարորդը, այդ ծառայությունը իհարկե գիտեր, որ Բաղրամյանը փակ է: Բայց, եղբայր, շտապօգնության ծառայությունը պարտավոր չէ իմանալ կամ հաշվի առնել, թե քաղաքի որ կետում են ընթանում բողոքի ակցիաները. նա պարտավոր է հիվանդին հիվանդանոց հասցնել ամենակարճ ճանապարհով, ինչը եւ արել է տվյալ մեքենայի վարորդը` փորձելով հատել Բաղրամյանը, ի դեպ, իջնելով «Մերգելյանից»:

Մենք, կրկնում ենք, այս ամենի մասին ենք գրել, ուրիշ ոչինչ: Մենք չենք գրել, որ Բաղրամյանում մարդասպանություն է եղել, որ Բաղրամյանի ցուցարարները մարդ են սպանել, ոչ էլ մարդու մահվան պատճառ են դարձել: Պարզապես, եթե հիվանդը հիվանդանոց հասներ ամենակարճ ճանապարհով, նա գուցե երեք րոպե երկար ապրեր: Իսկ երեք րոպեն եւս կյանք է:

Հովիկ Աֆյան