Այսօր Բաղրամյան պողոտայում շարունակվող ցույցի ժամանակ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները կարդացին իրենց հայտարարությունը, ըստ որի, կարևորվում է հետագա գործողություններում պատասխանատվությունը, մանավանդ որ ոստիկանությունը հստակ հայտարարել է ցույցը ցրելու մասին: Նախաձեռնության անդամները նշեցին, որ ով ուզում է մնալ Բաղրամյան փողոցում, դա իրենց գործն է, բայց նախաձեռնությունը վերադառնում է Ազատության հրապարակ, քանի որ ողջախոհ չէ ոստիկանության կողմից բերման ենթարկվել, օրերով մնալ ոստիկանության բաժանմունքներում, երբ բավական լուրջ անելիք կա էներգետիկ համակարգում անելու: Երբ նախաձեռնության անդամենրը գնացին Ազատության հրապարակ, աղբարկղերի վրա և միկրոֆոնների մոտ հայտնվեցին այլ մարդիկ, անելով ծայրահեղական կոչեր, որ պետք է մնալ Բաղրամյան փողոցում:
Հենց այդ ժամանակ էլ եկավ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով խոսեց լրագրողների հետ: Նա զայրացած ասաց. «Այստեղ մնացողները կմաքրվեն ոստիկանական մեթոդներով: Մի քիչ ավելի խիստ կլինենք, քան նախորդ անգամ»: Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ոստիկանապետը արդեն սպառնում է, Վլադիմիր Գասպարյանը հունից դուրս եկավ և սկսեց բղավել լրագրողի վրա ասելով. «Այ տղա, էս երկրի համար մի բան արա գոնե, ոչ թե սպառնալիքից խոսա, ապրածդ կյանքը, լեզուդ շաղ տալով չի, չքվիր աչքիցս»: