Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունից հետո էլ. էներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի շարունակման առումով ստեղծվել է բոլորովին նոր և երկակի իրավիճակ, որը բխում է մի պարզ հարցի պատասխանի բացակայությունից. ի՞նչ անել հիմա: Այս հարցի պատասխանը շարժումը փորձելու է տալ այսօր երեկոյան Բաղրամյան պողոտայում հրավիրված մեծ հավաքի ժամանակ, որը, փաստորեն, խոստանում է դառնալ շարժման և յոթօրյա նստացույցի հանգուցակետը: Բայց արդյո՞ք ներկայիս Բաղրամյան պողոտան կարող է տալ այդ պատասխանները:
Խնդրն այն է, որ այդպես էլ չստեղծվեց որոշումների կայացման քիչ թե շատ տրամաբանական ձևաչափ: Համակարգող խումբն առաջարկել է իրավիճակը քննարկել փոքր խմբերով և ներկայացնել առաջարկություններ` հետագա անելիքների մասով: Սա, իհարկե, գոնե ինչ որ մեխանիզմ է, որը չեղածից լավ է: Բայց այս մեխանիզմը չի աշխատելու: Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիական շրջանակները չափազանց տարբեր են` թե հավակնությունների, թե շարժման իրական նպատակների մասին պատկերացումների, թե կրթական մակարդակի տարբերությունների առումով, որպեսզի հնարավոր լինի դրանցից հավաքական կարծիք կամ դիրքորշում ձևավորել: Եթե համակարգողները որոշել են դիմել զանգվածին, ապա միայն պետք է էմոցիոնալ ու շատ արմատական արձագանք սպասեն: Մանավանդ երբ 7 օր շարունակ շարժման ղեկավարման և որոշումների կայացման մեխանիզմի պարագայում ձևավորվել է «ես եմ իմ գլխի տերը» համոզմունքը: Եթե հարցը նախագահի ելույթում հնչեցված առաջարկություններն ընդունել-չընդունելու պարզ երկընտրանքին է վերաբերում, ապա ամեն ինչ շատ պարզ է: Կամ ընդունել այն, կամ չընդունել` հաշվի առնելով, որ համակարգող խմբի առաջադրած երեք պահանջներից և որևէ մեկն այդ առաջարկներով չի լուծվում: Կառավարության կողմից սակագնի տարբերությունը վճարելու պարտավորության ստանձնումը ոչ թե ՀԾԿՀ-ի որոշումը կասեցնել է նշանակում, այլ գործարկում` քաղաքացիների կողմից վճարվող հարկերից կամ որ էլ ավելի վատ է` արտաքին պարտքի նման ծավալներ ոնենալու պարագայում` նոր վարկային միջոցներ ներգրավվելու: Թե մեկի և թե մյուս տարբերակի դեպքում անհրաժեշտ է նկատի ունենալ հետևանքները և դրա համար պատասխանատվությունը: Նրանք, ովքեր մասնակցում են շարժմանը որպես մասնակից, իրենց պատասխանատու չեն համարում և չեն համարելու: Պատասխանատվությունը կրում են նախաձեռնող կամ համակարգող խմբի անդամները և առաջին գծում գտնվող ակտիվիստները:
Տարբերակներ
Տարբերակները պարզ են. գնդակը գտնվում է ցուցարարների դաշտում: Եթե պահանջը չի փոխվում և ակցիան շարունակվում է, ոստիկանությունը գուցե այս անգամ էլ, չնայած ցույցը ցրելու հայտարարությանը, կրկին ժամանակավորապես ոչինչ չի ձեռնարկում` սպասելով որ այն ինքնաբերաբար կմարի` մասամբ նաև այն պատճառով, որ ցուցարարների շարքերում այդ երկընտրանքի պատճառով պառակտում է սկսվելու: Եթե դրա փոխարեն Բաղրամյան պողոտայում մարդկանց թիվը գնալով ավելանում է, ապա մեծանում է սադրանքների հավանականությունը` առաջին հերթին ոստիկանության կողմից` ցույցը ցրելու առիթ կամ պատճառ ստեղծելու նկատառումով, կամ այս շարժումը աշխարհաքաղաքականացնելու կողմնակիցների կողմից` շարժումը հայկական «մայդանի» վերածելու, իշխանափոխության, ապա նաև արտաքին օրիենտացիան փոխելու պահանջների դաշտ տեղափոխելու նպատակով: Թե որն է լինելու հետևանքը, թերևս չարժե մեկնաբանել: Արդյունքում պատասխանատվությունը կրելու է ոչ ոստիկանությունը, ոչ էլ այս շրջանակը: Որովհետև ոչ թե նրանք են որոշում կայացնում, այլ այսպես թե այնպես` համակարգող խումբը, որի անդամները, չունենալով բավարար քաղաքական հասունություն և հեռատեսություն` շատ արագ ընկնում են ազդեցությունների տակ: Բայց ամենավատ հետևանքներից մեկը լինելու է այն, որ այս գեղեցիկ, 1988-ից հետո նախադեպը չունեցած շարժումը անփառունակ վախճան է ունենալու` չհանգեցնելով համակարգային որևէ փոփոխության:
Երկրորդ տարբերակը նախագահի առաջարկություններն ընդունելն է: Սա նշանակում է համաձայնել իշխանության խաղի կանոններին, չլուծել սակագնի իջեցման խնդիրը և, ներգրավվելով Կառավարության կողմից իրականացվելիք գործողություններում, իբրև դիտորդ, կամա թե ակամա, լեգիտիմացնել այդ գործողությունները և այն որոշումները, որոնք կկայացվեն թե սակագնի փոփոխման կամ չփոփոխման, թե ՀԷՑ-ի ճակատագրի համար: Շարժման ակտիվիստ հանդիսացող երիտասարդները չունեն մասնագիտական այնպիսի գիտելիքներ, որոնք բավարարեին այդ գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու համար: Կարճ ասած այդ առաջարկություններին լիովին համաձայնելը լինելու է ծուղակ, որում շարժումը արյունաքամ է լինելու նույն կերպ, ինչպես առաջարկներին չհամաձայնելու պարագայում:
Իրականում խնդիրը ցանկացած գնով անհրաժեշտ է հանել այս երկընտրանքի շրջանակից, որովհեևտ ինքնին չափումներն այս դաշտում կատարելը նշանակում է խաղալ իշխանության թելադրած կանոններով: Նախկին շարժումները Սերժ Սարգսյանի կողմից հաղթահարելու հիմնական պատճառը եղել է հենց այն, որ նրա բոլոր օպոնենտներն ընկել են այս ծուղակը, որի խայծի դերը շատ հաճախ, ինչպես այս դեպքում, կատարել է առաջարկությունների լղոզվածությունը, խիստ մեկնաբանելիությունը:
Նման իրավիճակում ամենակարևորը, պրոցեսը կառավարելի պահելն է` ճկունություն հանդես բերելու միջոցով. ցույց տալ, որ շարժումը շարունակելու է գնալ Բաղրամյան պողոտայի թելադրած կանոններով` միևնույն ժամանակ օգտագործել զիջումների գնալու իշխանության հակվածությունը: Դրա համար նախ անհրաժեշտ է կոնկրետացնել նրա առաջարկությունները, դրանց կատարման հարցում իշխանությունների իրական տրամադրվածությունը և կարողությունը, ինչպես նաև կանխել առաջարկություններին բխող որոշ հնարավոր վտանգավոր պրոցեսներ:
Կոնկրետացնել առաջարկությունները
1. Նախագահն այդ խորհդրակցության ժամանակ նշում է, թե «..հաճախ, հասարակության անվտանգությունն ապահովող, իր պարտականությունը կատարող ոստիկանը նույնպես դառնում է ամենաթողության զոհ»: Արդյո՞ք սա նշանակում է արդարացնել հունիսի 23-ի առավոտյան խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության ձեռնարկած օպերացիան, և կանխորոշում ոստիկանությունում հարուցված ծառայողական քննության արդյունքը:
2. Նախագահը նշում է՝ ՀԷՑ-ում միջազգային աուդիտ անցկացնելու տրամադրվածության մասին` առաջարկելով գտնել այնպիսի մի խորհրդատվական կազմակերպություն, որը կարող է աուդիտի արդյունքներից ելնելով` պատասխանել, թե ինչքանով է հիմնավորված սակագնի բարձրացումը և ինչ հտևանքներ կունենա չբարձրացնելը: Միևնույն ժամանակ, նա նշում է, որ «Վարչապետի գլխավորությամբ մեր պատասխանատուները ակտիվ աշխատում են Եվրասիական տնտեսական միության մասնագիտացված կառույցների հետ, որպեսզի նոր-նոր թափ հավաքող այս ինստիտուտները իրենց ակտիվ դերակատարմամբ նոր լուծումներ բերեն Հայաստանի էներգետիկ համակարգի և սակագնի օբյեկտիվ բարձրացման սոցիալական բեռը չեզոքացնելու և ժողովրդի ուսերից վերցնելու համար»; Արդյո՞ք սա նշանակում է, որ աուդիտն անցկացվելու է ռուսական կամ ԵՏՄ-ի շրջանակում որևէ կազմակերպություն: Եթե այո, ապա այդ աուդիտը, խորհրդատվական կազմակերպության տված ցանկացած եզրակացություն դառնում է անիմաստ:
3. Նախագահը հայտարարում է, որ մինչև աուդիտի արդյունքների հայտնի դառնալը Կառավարությունն իր վրա է վերցնում սակագնի բարձրացման ամբողջ բեռը և անում մի շատ տարօրինակ լրացում. «մենք ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից»: Անհրաժեշտ է հականալ` ինչպե՞ս է վերցնելու այդ բեռն իր վրա կառավարությունը և կոնկրետ ինչ աղբյուրերից: Եթե Կառավարությունը բոլոր դեպքերում որոշել է անվտանգության համար նախատեսված միջոցների հաշվին լուծել այդ խնդիրը, ապա որքանով է դա տրամաբանական և արդարացված: Սա նման է շարժման հանդեպ հոգեբանական գրոհի. եթե չեք ուզում վճարել ձեր գրպանից, ուրեմն ստիպված եք վճարել ձեր անվտագության հաշվին: Նախօրդ օրը ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ նախագահի հանդիպման վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրությունից պարզ դարձավ, որ Ռուսաստանը 200մլն դոլարի չափով արտոնյալ վարկ է տրամադրում Հայաստանին` ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու նպատակով: Արդյո՞ք այս ֆոնին անվտանգության համար նախատեսված միջոցներից օգտվելու մասին նախագահի հայտարարությունը նշանակում է, որ հենց այդ վարկային միջոցներն են ուղղվելու ՀԷՑ-ի պարտքը փակելուն: Եթե այդպես է, ապա ո՞րն է դա ռազմական ոլորտի համար տրամադրվող վարկ համարելու իմաստը: Եթե այդպես է, ուրեմն կառավարությունը որոշել է վարկ վերցնել` ՀԷՑ-ի պարտքը փակելու համար, իսկ այդ վարկը, տոկոսներով հանդերձ, փաստորեն շատ ավելի թանկ է նստելու Հայաստանի համար, քան եթե քաղաքացիները սկսեին վճարել բարձրացված սակագնով:
4. Նախագահն ակնարկում է ՀԷՑ-ը ազգայնացնելու և այդ ուղղությամբ կառավարության ձեռնարկած ինչ-որ քայլերի մասին: Ինչի մասին է խոսքը` ոչ մի կոնկրետացում չարվեց: Եթե դա իրատեսական է, ինչո՞ւ է առհասարակ խոսվում մեր անվտանգության հաշվին ՀԷՑ-ի պարտքը փակելու մասին: Ուշադրություն դարձնենք, որ այս միտքը հնչում է որպես հնարավոր, վիրտուալ այսինքն որքան իրականանալի, նույքան էլ ուտոպիստական հեռանկար: Եվ այստեղ ևս հստակեցումների անհրաժեշտություն կա:
Այս բոլոր ուղղություններով իշխանության հետ կոմպետենտ քաղաքացիական շրջանակների միջոցով կոնտակտի մտնելու և շարժումը միայն դրանց արդյունքներով պայմանավորած այս կամ այն ուղղությամբ առաջ տանելու անհրաժեշտություն է առաջանում, որովհետև նման մոտեցումների անտեսումը կարող է ավելի վատ հետևանքներ ունենալ: Այդ կոնտակտները պետք է հանգեցնեն իշխանության կողմից շատ կոնկրետ ձևակերպված հանձնառությունների` հստակ ժամկետներով և դրանց իրականացման նկատմամբ հանրային վերահսկողության հստակ մեխանիզմներով, այն պայմանով, որ դրանց չկատարումը կամ դրանցից շեղումը կարող է կամ, թերևս, պետք է առաջացնի քաղաքական հետևանքներ` ընդհուպ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը: Այս հստակ ուղեգիծը կարող է լինել շարժման կենսունակությունը պահելու հիմնական գրավականը: Այն հանգամանքը, որ դրա առանցքում երիտասադներն են, միշտ հնարավորություն է տալիս արագորեն մոբիլիզացվելու և փողոց դուրս գալու: Անցած 7 օրերը հստակ ահազանգ էին իշխանությանը, որ դա կարող է կրկնվել ցանակցած պահի և որ այդ ներուժն այսօրվա հասարակությունն արդեն ունի: Հայաստանում հիմա քաղաքական օրակարգը, թեկուզ սոցիալական թեմատիկայով, թելադրվում է Բաղրամյան պողոտայից և լինելու է այդպես, քանի դեռ պահանջներ ներկայացնողը միասնական շարժումն է:
Գևորգ Աղաբաբյան