Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԲՀԿ կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունենալու ԱԺ ԲՀԿ խմբակցության նիստը, որին մասնակցելու է նաեւ կուսակցության նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ խմբակցության նիստի ժամանակ քննարկվելու է կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող հարցը:
Նախքան նիստը, Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ խորհրդարանական ուժերի երեկվա հանդիպմանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այս պահին կառավարության կողմից դեռեւս որեւէ արձագանք չկա:
«Ուստի մինչեւ չլինի իրենց արձագանքը, ու մինչեւ այսօր խմբակցության նիստում խնդրի վերաբերյալ չունենանք քննարկում, ես այս պահին ձեռնպահ կմնամ որեւէ տեսակետ հայտնելուց: Ամեն դեպքում' այն, ինչ երեկ քառյակի նիստից հետո հայտարարեց Լեւոն Զուրաբյանը, որ կուտակայինի պարտադիր էլեմենտը որեւէ ձեւով, որեւէ քողարկված կամ չքողարկված ձեւով չպետք է գործի, դա մեր սկզբունքային դիրքորոշումներից մեկն է: Բայց ես կրկնում եմ' առավել համապարփակ ու վերջնական որոշում խնդրի վերաբերյալ, վստահաբար կունենանք խմբակցության նիստից հետո»,- ասաց նա` հավելելով, որ մինչեւ իրենց մասնագետ-տնտեսագետները խմբակցության նիստում համապարփակ տեսակետներ չներկայացնեն, ինքը իրավասու չէ հրապարակային դիրքորոշում հայտնել կենսաթոշակայինի վերաբերյալ:
Զոհրաբյանն ասաց նաեւ, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ որոշակի առաջարկություններ արվել են, բայց քառյակը սպասում է, որ կառավարությունն ԱԺ ներկայացնի իր վերջնական նախագիծն, ու այդ ժամանակ իրենք իրենց վերջնական գնահատականը կտան:
«Մենք չգիտենք, թե ինչ է լինելու վերջնականում, որովհետեւ այն, ինչ ներկայացրել են մեզ, դա նախագիծ չէ, այլ, ինչպես իրենք էին գրել, առաջարկների սցենար էր: Վերջնական նախագիծ կառավարությունը դեռեւս չի ներկայացրել: Բայց մենք մեր վերջնական, հիմնավոր առաջարկները' քննարկված քառյակում, ներկայացրել ենք, ու մեր առաջարկների պատասխանը դեռեւս չունենք»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:
Հետաքրքրվեցինք` եթե կառավարությունն առաջարկի ինչ-ինչ կոմպրոմիսային տարբերակներ, պատրա՞ստ է ԲՀԿ-ն կոմպրոմիսի գնալ, Նաիրա Զոհրաբյանը կտրուկ պատասխանեց, որ «եթե»-ներով հարցերին երբեք չի պատասխանում' երբ կառավարությունից կստանան իրենց առաջարկների պատասխանը, այդ ժամանակ իմաստ կունենա այդ հարցը քննարկել: Վերջում, սակայն, նա հստակեցրեց. «Մեր հիմնական, սկզբունքային առաջարկներից չենք նահանջելու ու դրանց շուրջ կոմպրոմիսի չենք գնա»:
Իսկ մնացած առաջարկությունների վերաբերյալ ասաց, որ կարող են քննարկել կոմպրոմիսային տարբերակներ, երբ կառավարությունը կտա իրենց առաջարկությունների վերջնական պատասխանը: