Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
9 ամիս է անցել 24-ամյա Լևոն Բունիաթյանի սպանությունից, սակայն մինչ օրս շատ հարցեր մնում են չպարզաբանված:
Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալը Տարոն Գալուստովն է, ով նախկինում դատապարտված է եղել ՀՀ ՔՕ 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով: Հիշյալ հոդվածը վերաբերում է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրմամբ կամ այն գործադրելու սպառնալիքով կողոպուտ իրականացնելուն:
Դատարանում, սակայն ամբաստանյալը հայտնեց, թե դատապարտված չի եղել, իսկ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դժվարացավ դիրքորոշում հայտնել:
Այս գործով նախաքննական տվյալների համաձայն ՝ «Աբովյան» ՔԿ-ում պատիժ կրելու ընթացքում Լ. Բունիաթյանը ծանոթացել է Տ. Գալուստովի հետ և ազատ արձակվելուց հետո շարունակել նրա հետ շփումները: Սակայն yerkir.am-ի հետ զրույցում Լևոն Բունիաթյանի հարազատներն այլ բան հավաստիացրեցին: Նրանց խոսքով` Լևոնն ու Տարոնն իրար ճանաչել են մանկության տարիներից, սակայն հետո շփումը դադարել է:
«Տարիներ առաջ, երբ որ Լևոնն ընտանիքի հետ Հալաբյանում վարձով էր բնակվում, ընկերուհու հետ անցնելուց ա եղել, երբ տեսել ա Տարոնին: Լևոնն ընկերուհուն ասել ա` արի` շրջվենք, հավես չունեմ, բայց եկել՝ երեխուն կպել ա…»,- yerkir.am-ի հետ զրույցում պատմեց Լևոնի քեռակինը և հավելեց, որ Լևոնը Տարոնի հետ երկու ամիս է շփվել մինչ դեպքը:
Լևոնի քույրը՝ Թամարա Բունիաթյանը, ով եղբոր սպանության գործով դատաքննությանը մասնակցելու համար Չինաստանից ժամանել է Հայաստան, նկարագրելով եղբորը՝ նշեց, որ նա շատ հանգիստ երիտասարդ էր և երբևէ խնդիրներ չի ունեցել: «Ինքը շատ բարի, լուսավոր, ժպտերես տղա էր, անգամ բակում ածական ուներ՝ Ժպիտ էին ասում»,- ասաց նա:
Թամարայի խոսքով՝ եղբայրը «Հայբուսակ» համալսարանն է ավարտել, Մոսկվայում հայկական ռեստորանում էր աշխատում՝ հմտացել էր բարմենի գործի մեջ, հետո եկավ Հայաստանում մոնտաժ սովորեց, տեսանկարահանումներ էր անում, ֆիլմեր պատրաստում, ցանկացել է գալ իր մոտ, բայց չի ստացվել:
Ըստ Թամարայի՝ Տարոնի և Լևոնի շփումը հիմնականում եղել է վերջին երկու ամիսներին: Տարոնը գալիս էր իրենց տուն, ընտանիքի հետ հաց կիսում:
«Լևոնը շատ զուսպ էր, չարտահայտվող, հնարավոր է` ներքին ինչ-որ բաներ են եղել, որ մեզ հետ չի կիսվել»,- ասաց քույրը:
Նշենք, որ, համաձայն նախաքննության, Լևոնը, տեղեկանալով, որ Գալուստովի ընկերը զբաղվում է ոսկյա զարդերի առևտրով, իր ընկերոջ և Տ. Գալուստովի հետ համաձայնության է եկել նրանից ոսկյա զարդեր պարտքով վերցնելու հարցի շուրջ՝ կրկնակի եկամուտ ստանալու ակնկալիքով: Քննության տվյալներով՝ երիտասարդների միջև հետագայում գումարային պարտք ու պահանջի պատճառով առաջացել է անհամաձայնություն:
Լևոնի հարազատները, սակայն, չեն հավատում, որ նա ցանկանար ոսկի գնել կամ այլ գործարքներ անել, քանի որ, եթե նման մտադրություն ունենար` իրենց կասեր, մանավանդ, որ ինքը գումար չուներ: Հարազատները պատմեցին, որ դեպքի մասին «Ֆեյսբուք»-ից են տեղեկացել: Մինչ այդ Լևոնը 2 օր որոնվել է` որպես անհայտ կորած:
Նկարագրելով դեպքը՝ քույրը պատմեց, որ, իր տեղեկություններով, Տարոնն ու Լևոնը տաքսիով պետք է տուն գային, այնպես է եղել, որ Լևոնի ձեռքին գումար չի եղել, մայրը պետք է վճարեր, եկել են շենքի մուտքի մոտ, կանգնել, որ Լևոնն իջնի, այդ ժամանակ էլ, հավանաբար, Տարոնը կրակել է Լևոնի գլխին:
Հարազատների կարծիքով՝ Գալուստովը հանցանքը նախապես ծրագրել է: «Տարոնն ընտանիքի տղա չի, մայրը մահացած էր, ու ըստ իրա՝ սպանելուց հետո գնացել է մոր գերեզմանին»,- մեզ հետ զրույցում պատմեց Լևոնի քեռակինը և հավելեց, որ դեպքից հետո իրենք գնացել են Տարոնենց տուն՝ բացատրություն պահանջելու, սակայն ապշել են: «Գնացինք, Տարոնի տատիկը հրաժարվեց թոռից, ասաց` ես թոռ չունեմ»,- պատմեց կինը:
Հարազատներն ուշադրության հրավիրեցին մի ուշագրավ հանգամանքի վրա, որը վրիպել է քննիչների աչքից: Նրանց խոսքով՝ դեպքից առաջ Լևոնը պետք է մեկներ Ռուսաատան, սակայն վերջին պահին Գալուստովի և ընդհանուր ընկերոջ՝ Նարեկի հետ ինքնաթիռի տոմսերը փոխել է, և նրա փոխարեն Նարեկն է մեկնել Մոսկվա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նարեկից մինչ օրս լուր չկա, հարազատները կասկածում են, որ այդ ընկերն ինչ-որ բանից տեղյակ է և փախել է երկրից:
Լևոնի հարազատները հույս ունեն, որ դատաքննության ընթացքում կգտնեն իրենց տանջող հարցերի պատասխանները, իսկ գործով մեղադրյալ Գալուստովին ցանկանում են, որ ցմահ ազատազրկման դատապարտվի:
«Վերևն Աստված կա, ամեն օր գլուխը բարձին դնելուց ինքը պետք է մղկտա, թե ինչպես մի ամբողջ ընտանիք քանդեց»,- ասաց Լևոնի քույրը: