Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ծնունդով գյումրեցի` 46-ամյա «օրենքով» գող, Զապ մականվամբ հայտնի Անդրանիկ Սողոյանի ձերբակալման և նրա` վերջին շրջանում Հայաստանում ծավալած գործունեության մասին:
Մեր տեղեկություններով` Սողոյանը նոր չէ, որ ժամանել է Հայաստան, նա այստեղ է 2013-ի հունվարից: Ըստ որոշ տեղեկությունների` Զապն այս ընթացքում բնակվել է Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանին պատկանող «Մետրոպոլ» հյուրանոցում, որտեղ և հիմականում ընդունել է իր հյուրերին:
Հիշեցնենք, որ շորթում կատարելու և գործարարի սպանության համար Չեխիայի դատարանի կողմից 46-ամյա Սողոյանը հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: Սողոյանի ձերբակալման մասին տեղյակ են պահել ՀՀ գլխավոր դատախազությանը եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին: Ներկայումս Սողոյանը գտնվում է ՀՀ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրում:
Անդրանիկ Սողոյանի նկատմամբ հետախուզումն իրականացվում է Եվրոպական կալանքի սանկցիայի (EAW) հիման վրա: Չեխիայի իրավապահ մարմինների կողմից համապատասխան միջնորդություն (հանձնման, դատավճռի ի կատար ածման) ստանալու դեպքում ՀՀ գլխավոր դատախազությունը միջոցառումներ պետք է ձեռնարկի` նրան Չեխիա ուղարկելու համար, սակայն այս պահին Չեխիայից նման միջնորդություն չի ներկայացվել:
Բացի այդ` ներկայումս ճշտվում է նաև Սողոյանի քաղաքացիության հարցը, և եթե պարզվի, որ նա ՀՀ քաղաքացի է, դատախազությունը հնարավոր է դիմի Չեխիայի համապատասխան մարմնին` Զապի վերաբերյալ քրեական գործը Հայաստան ուղարկելու խնդրանքով, իսկ նման պարագայում գյումրեցի «օրենքով» գողն իր պատիժը կկրի այստեղ: Սակայն չի բացառվում, որ նա այլ երկրի քաղաքացիություն ունենա (Ռուսաստանի կամ Չեխիայի), իսկ այդ դեպքում հայկական կողմը պարտավոր է նրան հանձնել տվյալ երկրի իրավապահներին:
Նշենք, որ գյումրեցի Անդրանիկ Սողոյանը, ով մեծ հարգանք է վայելում հատկապես Ռուսաստանում, համարվում է «օրենքով» գող Դմիտրի Չանտուրիայի` Միրոնի հովանավորյալը: Yerkir.am-ի տեղեկություններով` Սողոյանը ջերմ հարաբերություններ ունի նաև քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի` ներկայումս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվող Թևոս Սաֆարյանի հետ: Շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն` վերջին շրջանում որոշակի լարվածություն էր առաջացել Զապի և «օրենքով» գող Օշականցի Գևորիկի՝ Գևորգ Մելիքյանի միջև:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին տեղեկություններ տարածվեցին, թե Գևորիկին ծեծի են ենթարկել քրեական հեղինակություններ` Տույ մականվամբ Քանաքեռցի Արթուրը և Երրորդմասցի Լյովիկը, ինչն իսկական խառնաշփոթ ստեղծեց և «ռազբորկայի» առիթ դարձավ, քանի որ քրեական աշխարհում ընդունված չէ առանց լուրջ պատճառի «օրենքով» գողի ծեծելը: Նման պարագայում Գևորիկը պետք է հաշվեհարդար տեսներ իրեն ծեծողների հետ, սակայն բանը դրան չհասավ, ավելի շուտ հարցը լուծվեց խաղաղ ճանապարհով` կողմերին իբր հաշտեցրեց Զապը: Տարածված լուրերի համաձայն` Զապի` Հայաստանում ունեցած կարգավիճակը (այդ պատմությունից հետո Զապն ընդգծեց, որ այստեղ ինքն է պարագլուխը) դուր չի եկել Գևորիկին:
Այն, որ Զապը տևական ժամանակ է` Հայաստանում է, հստակ իմացել են նաև մեր երկրի իրավապահները, սակայն, չունենալով նրան ձերբակալելու իրավական հիմքեր, որևէ քայլ չեն ձեռնարկել: Ուշագրավ է, որ անգամ հոկտեմբերի 20-ից հետո, երբ հայտնի դարձավ, որ Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա և հայտարարվել միջազգային հետախուզում, նրան չշտապեցին ձերբակալել: Բանն այն է, որ կատարվածը դեռևս մեր երկրում այդչափ հնչեղություն չէր ստացել:
Այս խնդիրը «լուծվեց» երեկ, երբ համապատասխան մարմիններն ապահովեցին տեղեկատվական արտահոսքը: Զապի` Հայաստանում գտնվելու փաստի վերաբերյալ մամուլի հրապարակումներից ժամեր անց ոստիկանությունը ձերբակալեց «գողին»` ցույց տալով, իբր այլևս անհնար է թաքցնել այդ իրողությունը:
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները` ենթադրվում է, որ Սողոյանի ձերբակալման փաստն ուրախացրել է նաև Գևորիկին, ով հույս ունի, որ Զապին կհանձնեն Չեխիայի իրավապահներին, և նա իր պատիժը կկրի այնտեղ, ինչի պարագայում ինքը հանգիստ կարող է հաշվեհարդար տեսնել Տույի հետ: Սակայն մեր դատախազությունը հնարավոր է շուտով հիասթափեցնի Գևորիկին, երբ հայտնի դառնա, որ Զապը կմնա Հայաստանում և պատիժը կկրի այստեղ: