Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ջվախանց Լևոնը կամ Պետրարկայի բարդույթը
Ներածություն
Սովորաբար մարդու ճակատագիրը գաղտնի է պահվում այդ նույն մարդուց: Եւ կարծես դիտավորյալ այնպիսի տեղում է գրված՝ ճակատին, որ մարդ կարդալ չկարողանա: Ոչ մի կերպ: Բայց կան մարդիկ, որոնք, ինչ-որ բան լսած լինելով ճակատագրի կարևոր դերակատարության մասին, փորձում են գուշակել, թե ինչ է գրված, իսկ ավելի հետաքրքրասերներն ու իրենց մասին լուրջ կարծիք ունեցողները դիմում են գուշակներին, իհարկե, եթե մինչ այդ նրանց մայրերն արդեն դա չեն արել իրենց զավակների համար:
Մաս առաջին. Պատմություն
Ես չգիտեմ, թե իտալացի մեծ բանաստեղծ Ֆրանչեսկո Պետրարկայի մայրը իր մանկան ճակատագիրն իմանալու համար արդյոք դիմե՞լ է որևէ գուշակի: Տեղեկություններ չկան նաև այն մասին, որ Պետրարկան ինքը դիմած լինի նման քայլի, քանի որ սուրբ ինկվիզիցիան ճշմարիտ ուղուց շեղված գուշակներին կախարդի անվան տակ այրում էր: Այրում էր նաև նրանց ծառայություններից օգտվողներին:
Ճիշտ է, նոր էր սկսել այրելու գործը, բայց արդեն բավական փորձ ուներ:
Պետրարկան ծնվել է 1304-ին և այս աշխարհը կամովին լքել 1374-ին, այսինքն՝ նրան չեն հասցրել այրել: Ինչու՞ եմ կարծում, որ նրան էլ կարող էին այրել: Բանն այն է, որ թեև գուշակներին դիմելու վերաբերյալ տեղեկություն չունենք, բայց ճակատագրին հավատում էր, այն էլ՝ կուրորեն: Կարելի է ենթադրել, որ փոքր տարիքում նրան ինչ-որ մեկը՝ հավանաբար մայրը, ներարկել էր այդ հավատը: Ինչևէ:
Նա վստահ էր, որ ինքը նոր Վերգիլիոսն է կամ նրա նման մի բան և համառորեն դա փորձում էր ապացուցել Վերգիլիոսի «Էնեականի» նման մի հերոսական ու մեծածավալ պոեմ գրելով, որը հայտնի դարձավ «Աֆրիկա» վերնագրով և նվիրված է Սցիպիոն Աֆրիկացուն:
Դա աշխատատար գործ էր, և երկար տևեց, շա΄տ երկար: Հանգստի պահերին զբաղմունք էր դարձրել կյանքում մի անգամ, այն էլ՝ հեռվից տեսած Լաուրա անունով մի կնոջ, ավելի ճիշտ՝ ուրիշի բազմազավակ կնոջը սիրավառ սոնետներ, կանցոններ, սեքստիններ, բալլադներ և մադրիգալներ նվիրելը։
Վստահ էր, սակայն, որ իր հիմնական գործը դա չէ. ճակատագրով իրեն սահմանված Էր դառնալ նոր Վերգիլիոս:
Մաս երկրորդ. Ճակատագիրը
Կարճ ասած՝ ժամանակին նրա հռչակված և փառաբանված «Աֆրիկա» մեծ պոեմն աստիճանաբար մոռացության մատնվեց՝ վերածվելով մեծածավալ պոեմի. այժմ, գրականության պատմաբաններից բացի, երևի ոչ ոք այն չի կարդում:
Իսկ Պետրարկան մեծ բանաստեղծ ճանաչվեց հատկապես ուրիշի կին Լաուրային նվիրված մանր-մունր (նկատի ունեմ ծավալը՝ պոեմի համեմատ) սոնետներով, կանցոններով, սեքստիններով, բալլադներով և մադրիգալներով, որոնք նրա համար «պարապ վախտի խաղալիքներ» էին:
Մաս երրորդ. Մեկ այլ պատմություն
Պետրարկայի ժամանակներում՝ 14-րդ դարում, Մամիկոնյան նախարարական տան մի ճյուղը բնակվում էր Ջավախքում: 1390 թ. Ջավախքի իշխաններից Ջավախ(ք) Վարդան Մամիկոնյան զորավարը Վրաստան ներխուժած Թամերլանի թուրքական բանակի դեմ ճակատամարտում աչքի ընկավ խիզախությամբ, որի համար վրաց Բագրատ 5-րդ թագավորը նրան իշխանական պատիվներների հետ շնորհեց նաև տոհմական զինանշան ունենալու իրավունք՝ նվիրելով նաև զինանշանը:
Վրաստանում բնակվող Մամիկոնյան տոհմի այս ճյուղը կոչվեց Ջավախիշվիլի, որը տվել է նշանավոր գրողներ, գիտնականներ և արվեստի գործիչներ: Ռուսաստան տեղափոխված Ջավախիշվիլիները դարձան Ջավախովներ, իսկ Հայաստանում՝ Ջավախյաններ: Ջավախյանները հիմնականում բնակվում են իրենց պապենական տարածքներում՝ Լոռում. Լոռին և Ջավախքը եղել են Գուգարաց աշխարհի գավառները:
Մաս չորրորդ. Մեկ այլ ճակատագիր
Լոռվա Ջավախյաններից մեզ հատկապես հետաքրքրում է, մեղմ ասած, ամենանշանավորը՝ Լևոն Ջավախյանը: Եւ ահա թե ինչու: Նա աշխարհ եկավ հատուկ նշանով. աջ ականջի հետևում մի սպիտակ մազափունջ կար, որը թաղի գուշակը համարեց նշան ու Լևոնի մորը որոշ գաղտնիքներ բացեց մանկան ապագայից և, որ ամենակարևորն է, խոհրդավոր կերպով աջ ու ձախ նայելով, շշնջաց՝ ՆՇԱՆՈՎ է ծնվել. ՆՇԱՆԱՎՈՐ մարդ է դառնալու:
Այդ նշանը ուրվագծով նման էր Կամչատկա թերակղզուն. Լևոնի մայր այդպես էլ անվանեց՝ Կամչատկա, և հաճախ այն հարևաններին կամ մտերիմներին ցույց տալիս հատուկ շեշտում էր այդ անունը՝ կարծես աշխարհի քարտեզի վրա Կամչատկան ցույց տալիս լիներ:
Մայրն անհամբերությամբ էր սպասում գուշակությունն իրականանալու նախանշաններին, բայց Լևոնի պետքը չէր: Առաջին մի քանի տարին գավառական քաղաքի միջնակարգ դպրոցում ոչ մի նշան զգացնել չէր տալիս, որ պատանի Լևոնը բավարարից բարձր գնահատական կարող է ստանալ: Նա, որ դպրոց գնալու նախօրեին մորից լսել էր իր ճակատագրի մասին գաղտնիքը, մինչև երրորդ թե չորրորդ դասարան լոռեցու պարզամտությամբ, հատկապես քառորդային գնահատականների վկայականը տուն բերելու ճանապարհին, ինքն իրե՞ն, թ՞ե մեկ ուրիշին լուռ հարցնում էր՝ բա էդ ճակատագիր որտե՞ղ է, ի՞նչ եղավ, ու՞ր մնաց:
Նախանշաններ
ՆԱԽԱՆՇԱՆ ԱՌԱՋԻՆ: Միջին դասարաններից սկսած՝ Լևոնի հարցին թեև ուշացումով, դանդաղ, ծոր տալով, բայց սկսեցին պատասխանել: Լևոնը դա զգաց վեցերորդ դասարանի առաջին քառորդի ավարտին, ավելի ճիշտ՝ տեսավ, երբ բացեց քառորդային գնահատականների վկայականը:
Էդպես շարունակվեց մինչև ավարտական զանգ: Նույն ամռանը դարձավ ուսանող, հինգ տարի անց ավարտեց, անցավ աշխատանքի: Մի քանի աշխատանք փոխեց… Ժամանակն անցնում էր, բայց Ճակատագիրը կարծես այլ գործերով էր զբաղված:
ՆԱԽԱՆՇԱՆ ԵՐԿՐՈՐԴ: Սպասումների մեջ հաճախ էր այցելում սրճարաններ, ծանոթանում հին ու նոր, մեծ ու փոքր, նշանավոր և աննշան բանաստեղծների, նկարիչների, դերասանների, երգահանների հետ: Իրեն պատկերացնում էր նրանցից մեկն ու մեկի դերում, իհարկե՝ շատ զգույշ, որ ոչ ոք գլխի չընկնի:
Ու որոշեց գրել պատմվածքներ, քանի որ բանաստեղծության չափն ու կշիռը, ռիթմ ու հանգը դժվար էին տրվում, ներկերից ու պատկերներից հեռու էր, թեև շատ էր սիրում բնապատկերներ, երգչի տվյալներ՝ լսողություն, ձայն չուներ, դերասաններին էլ չսիրեց. իրենց թողած՝ ուրիշներին էին ներկայացնում:
Մտածեց՝ գրող կդառնա. ոչ հանգ ու չափ է պետք, ոչ լսողություն, ձայն ու նոտա, ոչ ներկ ու պատկեր ստեղծելու վարպետություն:
Առանց շտապելու, հանգիստ ու ինքնավստահ 31 տարեկանում գրեց մի պատմվածք, հետո ևս մեկը, էլի մեկը, և ՕԺՏՎԱԾ կամ ՇՆՈՐՀԱԼԻ արձակագրի ճանաչումը գոնե Պապլավոկում և Չորրորդ խանութում (արվեստագետների և արվեստասերների սրճարանները անկախացումից առաջ) ապահովված էր:
Ճակատագրին ընդառաջ
Պատմվածքներին հաջորդեցին գրքերը: Արդեն ՏԱՂԱՆԴԱՎՈՐԻ անուն հանած արձակագիրը հոգու խորքում սկսեց անհանգստանալ. տարիներն անցնում էին, իսկ ՆՇԱՆԱՎՈՐ դառնալու հույսը ցամաքող առվի նման սկսել էր բարակել: Ու մի օր էլ, թեև Պետրարկայի մասին շատ էլ տեղյակ չէր, նրա նման որոշեց գործը խոշորացնել՝ վեպ գրել: Որոշեց ու անցավ գործի:
Վերնագրից էլ պարզ էր, որ շարքային բան չէր գրում. այն, մի քիչ ավելի, մի քիչ պակաս, Պետրարկայի պոեմի հավակնություններն ուներ: Ապագա գլուխգործոցը ոչ միայն մատնում էր հեղինակի տագնապներն ու սպասելիքները, այլև, առանց այլևայլի, անմիջականորեն ուղղված էր հասցեատիրաջը. վեպի վերնագիրն էր «ՃԱԿԱՏԱԳՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ»: Լոռվա մտածողությամբ՝ որտե՞ղ ես, ու՞ր մնացիր, ի՞նչ եղար…
ՆԱԽԱՆՇԱՆ ԵՐՐՈԴ ԵՎ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ: Վեպը գրելու ընթացքում, ինքն էլ չգիտենալով էդ մասին, հանգստյան պահերին Պետրարկայի նման փոքր-մոքր (ծավալով) պատմվածքներ ու էսսեներ էր գրում, որոնք շատ էլ չէր կարևորում, քանի որ գրված էին, ինչպես ինքն է ասում, ծնկան ծերին: Դրանց նայում էր մի տեսակ ներողամիտ ժպիտով: Այնինչ վեպի շարադրանքին անցնելուց առաջ խորհրդավոր ժպտում էր գրասեղանից մի փոքր վերև՝ դիմացի պատին ամրացված հայելու մեջ, գրեթե հանդիսավորությամբ նստում վեպը գրելու նպատակով հնավաճառից գնած հնաոճ ու փափուկ աթոռին և ինքնագոհ շփում ձեռքերը: Իսկ դժվարին պահերին նայում էր Թումանյանի՝ հայելուց փոքր-ինչ վերևում կախված անհանգիստ ու զարմացած հայացքով նկարին:
Ու մի օր էլ նկատեց, որ երբ պատմվածքներ ու էսսեներ է գրում, Թումանյանի նկարը ժպտում է բարի ու խրախուսող հայացքով, իսկ երբ անցնում է վեպին, Մեծ Լոռեցին նայում զարմացած ու անհանգիստ հայացքով:
Ապագա մեծածավալ վեպի՝ իր հաշվարկներով կեսն էր գրել, երբ հայտնաբերեց էս բանը և … Հաջորդ րոպեներն ամենանշանավորը դարձան Լևոնի ստեղծագործական կյանքում. Էդ ընթացքում մոտ 150 էջ կազմող սին հույսերն ու սպասելիքները թերթ առ թերթ անվերադարձ հայտնվեցին… պատմության աղբամանում, թեև ճիշտ կլիներ էդ աղբամանն անվանել պատմական:
Վերջաբան
Լևոնին աստիճանաբար ավելի ու ավելի էին նկատում ու տեղ տալիս գրական աշխարհում: Լույս էին տեսնում պատմվածքների և էսսեների ժողովածուները, ինքն էլ մրցանակներ ու շքանշաններ էր ստանում, բան-ման …
Գնահատականների մեջ տաղանդավոր բառի կողքին ավելի ու ավելի էր հանդիպում նշանավոր բառը, ՆԸ-ՇԱ-ՆԱ–ՎՈՐ…
Եղան հայտնի գրականագետներ, որ նրան համարեցին ՄԵԾ գրող:
Բայց մի օր Լևոնն ինձ, որպես գաղտնիք, ի միջի այլոց ասաց. «Տաղանդավոր պատմաբան Ալբերտ Ստեփանյանն ասել է՝ դու ոչ թե ՄԵԾ, այլ ԽՈՇՈՐ գրող ես»։
Հայկազուն Ալվրցեան
«Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն,
հայագետ