կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-15 16:23
Քաղաքական

Կառավարությունը վստահեցնում է, որ Հայաստան-Իրան երկաթգիծը կառուցվելու է

Կառավարությունը վստահեցնում է, որ Հայաստան-Իրան երկաթգիծը կառուցվելու է

Այսօր ԱԺ-ում քննարկվում է ՀՀ նախագահի կողմից ստորագրված` Ղրղզստանի կողմից ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը Հայաստանի կողմից վավերացնելու հարցը:

Հիմնական զեկուցող` միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանին հարց ուղղեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Մինչ հիմա, ինչ Հայաստանը ԵՏՄ անդամ է, ի՞նչ օգուտներ է ստացել: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Իրան երկաթգծի վերաբերյալ ռուսական դիրքորոշումը, որովհետև եթե մենք ցանկանում ենք ինտեգրվել որևէ տնտեսական տարածքում, ապա ինչո՞ւ է Ռուսաստանը այսպիսի կոշտ դրսևորումներով հանդես գալիս»,- հարցրեց նա:

Սուրեն Կարայանը նշեց, որ դա ոչ թե Ռուսաստանի դիրքորոշումն է, այլ մասնավոր ընկերության ղեկավարի: Ինչ վերաբերում է Իրանի հետ կապված խնդիրներին, ապա, ըստ փոխնախարարի, ԵՏՄ անդամ երկրները արդեն համաձայնություն են տվել, որ Իրանի և ԵՏՄ-ի ինտեգրումը արագորեն զարգանա, և մոտ ժամականերս կսկսվեն բանակցություններ Իրանի և ԵՏՄ-ի միջև:

Զարուհի Փոստանջյանը առարկեց` ասելով, որ խոսքը ոչ թե մասնավոր ընկերության դիրքորոշման մասին է, այլ այդ ընկերությունը հստակ շահ է հետապնդում, այն ռուսական կապիտալով ռուսական շահ հետապնդող ընկերություն է, հետևաբար, այդ ընկերությունը իրականացնում է ՌԴ քաղաքականությունը, որն անում է ամեն ինչ, որ Հայաստանը չկարողանա դուրս գալ շրջափակումից:

Սուրեն Կարայանը վստահեցրեց, որ Հայաստան-Իրան երկաթգծի խնդիրը Հայաստանի որոշելիք հարցն է, այն կառուցվելու է` արդեն աշխատանքներ են սկսվել: Ըստ նրա` Իրանի հետ ԵՏՄ-ի տնտեսական համագործակցությունը միայն ու միայն կնպաստի Հայաստան-Իրան երկաթգծի կառուցմանը: