կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-08 16:33
Քաղաքական

Թուրքիան` մեծ փոփոխությունների շեմին

Թուրքիան` մեծ փոփոխությունների շեմին

Թուրքիայում ավարտված խորհրդարանական ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ստանալով ընտրողների ընդամենը 40 տոկոսի քվեները, զրկվել է Միլի մեջլիսում բացարձակ մեծամասություն ունենալու իրավունքից: Բացի նախագահ Էրդողանի գլխավորած կուսակցությունից, խորհրդարան են անցել նաև ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը՝ մոտ 25 տոկոս ձայներով, ազգայնական Ազգային ժողովրդական կուսակցությունը՝ մոտ 16 տոկոսով, և քրդական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը՝ մոտ 13 տոկոսով:

Էրդողանը, որի կուսակցությունը, նախորդ ընտրությունների համեմատ, մոտ 10 տոկոսով քիչ ձայներ է ստացել, ստիպված կլինի կառավարություն ձևավորելու համար նախ կոալիցիա կազմել նշված երեք կուսակցություններից մեկի հետ: Սա նախանշում է «Արդարություն և զարգացում» կուսակցության 12-ամյա միահեծան իշխանության ավարտը` դրանով առաջիկա տարիների համար կանխորոշելով շրջադարձային փոփոխություններ Թուրքիայում և դրա շուրջ:

Առաջին հերթին սա նախագահ Էրդողանի անձնական պարտությունն էր: ԱԶԿ-ն իշխում էր արդեն 12 տարի, և պարզ էր, որ արագ փոփոխությունների, ցնցումների սովոր թուրքական հասարակությունը, որը հոգնել է Ռեջեփ Էրդողանի՝ գնալով ավելի էքսցենտրիկ, ինչ-որ իմաստով նույնիսկ ցինիկ իշխանավարությունից, պահանջելու էր նոր քաղաքականություն, նոր դեմքեր և նոր ռեֆորմներ: Իրականում` գործող իշխանության հեղինակությունն ու ազդեցությունը նույնիսկ ավելի թույլ են, քան արձանագրում է նրա ստացած 40-տոկոսանոց քվեն: Ողջ նախընտրական շրջանը և բուն քվեարկության ընթացքն ուղեկցվել են կոպտագույն խախտումներով: Եթե նախընտրական շրջանում պայթեցվում էին մրցակից ուժերի գրասենյակները, ապա քվեարկության ժամանակ արձանագրվել են իշխող կուսակցության օգտին քվեաթերթիկների լցոնման, կրկնակի քվեարկության դեպքեր: Որոշ տեղեկություններով` նույնիսկ Թուրքիայում կենտրոնացած սիրիացի փախստականներին են ստիպել նախապես նշագրված քվեաթերթիկներով մասնակցել քվեարկությանը: Այս ամենը լրջորեն կասկածի տակ էն առնում նույնիսկ ԱԶԿ-ի ստացած այդ 40 տոկոս քվեի լեգիտիմությունը՝ էլ ավելի խոցելի դարձնելով գործող իշխանության դիրքերը:

Ամեն դեպքում փաստ է, որ թուրքական հասարակությունն այս ընտրություններով մերժեց իշխանությունն իր ձեռքերում կենտրոնացնելու, փաստացի իր անձնական դիկտատուրան հաստատելու` Էրդողանի անշեղ քաղաքականությունը: Ստիպված լինելով գնալ կոալիցիոն կառավարության ձևավորման ճանապարհով` Էրդողանն, ամենայն հավանականությամբ, առժամանակ կհրաժարվի իր այդ ամբիցիաներից կամ, համենայն դեպս, կչափավորի դրանք՝ իշխանությունը վերջնականապես չկորցնելու նկատառումով: Չի բացառվում, որ Էրդողանը ստիպված լինի նաև չափավորել իր թուրքական կայսերապաշտական նկրտումները, որոնք այդ երկիրը վերածել են տարածաշրջանային անկայունության հիմնական աղբյուրի:

Բայց այս հեռանկարները մեծապես կախված են նրանից, թե խորհրդարանական երեք ուժերից որի հետ Էրդողանը կոալիցիա կձևավորի: Երեքից միայն ազգայնական կուսակցությունն է հնարավոր համարել կոալիցիոն համագործակցությունը ԱԶԿ-ի հետ, իսկ դա կարող է նույնիսկ ավելի վատ հետևանքներ ունենալ, հատկապես` արտաքին կայսերապաշտական նկրտումների, ինչպես նաև թուրքական հասարակության ծայրահեղ բևեռացման և ավտորիտարիզացման խորացման առումով: Սա ուղղակի առնչվում է Հայաստանի շահերին: Նախագահ Էրդողանը զգալիորեն կոշտացրել է հայկական ուղղվածության հռետորիկան, որը կարող է դրսևորվել կոնկրետ գործողություններով:

Այս առումով զսպող հանգամանք է հատկապես քրդական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության պատկառելի ներկայության ապահովումը Մեջլիսում: Սա իշխանության արտաքին քաղաքականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ավելի մեծ ռեսուրս է ապահովում, ինչի ազդեցությամբ թուրքական իշխանությունները գուցե ստիպված լինեն սահմանափակել սիրիական ապստամբներին և «Իսլամական պետության»-ը նյութական ու ռազմատեխնիկական աջակցության ցուցաբերումը, որն ուղղակի սպառնալիք է ստեղծում նաև Հայաստանի համար: Քրդական տարրը Թուրքիայում վերածվում է լուրջ քաղաքական խաղացողի: Հաշվի առնելով ծայրահեղական իսլամիստների այդ խունտայի միջոցով տարածաշրջանում հայկական գործոնը թուլացնելու, հնարավոր է` նաև վերացնելու ուղղությամբ թուրքական ներկայիս իշխանությունների ակտիվ, բայց թաքնված գործունեությունը, քրդական քաղաքական գործոնը, փաստորեն, ակամա բուֆերային դեր է ստանձնում ԻՇԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքների և Հայաստանի սահմանների միջև: Սա քրդերին վերածում է Հայաստանի համար բնական դաշնակիցների, նաև` դեպի արևելք Թուրքիայի տարածման ձգտումներին դիմակայելու իմաստով:

Մյուս կողմից, սակայն, քրդական գործոնի ուժեղացումը խնդիր է առաջադրում Արևմտյան Հայաստանի տարածքների նկատմամբ հայերի և քրդերի հավակնությունների բախման տեսանկյունից, ինչը նոր մարտահրավեր է, և քրդերի հետ ավելի լուրջ հողի վրա հարաբերություններ ճշգրտելու հրամայական է առաջադրում Երևանին:

Պատմական նշանակություն ունի նաև հայկական փոքրամասնության երեք ներկայացուցիչների մուտքը խորհրդարան, որն անախադեպ էր` վերջին 55 տարվա կտրվածքով: Երեք հայերը, իհարկե, թուրքական քաղաքականության մշակման վրա էական ազդեցություն ունենալ չեն կարող: Նրանց ներկայությունը խորհրդարանում, ըստ ամենայնի, պայմանավորված է հայկական գործոնի նկատմամբ Թուրքիայի հանդուրժողականության առասպել ստեղծելու համար: Բայց կարևորն այն է, որ հայ պատգամավորները ներկայացնելու են ոչ թե մեկ, այլ իրար հակակշռող երեք քաղաքական ուժեր, այսինքն` ներկայացնում են գրեթե ողջ քաղաքական ներկապնակը: Սա առաջին հերթին կարևոր է բոլոր կողմերից հայկական համայնքի շահերի պաշտպանության, հայկական թեմատիկան Մեջլիսում պահելու նախադրյալներ ապահովելու իմաստով:

Գևորգ Դարբինյան