կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-05 16:13
Տնտեսական

Ամեն ինչ տվել ենք «Գազպրոմ»-ին. փոխնախարարի անհանգստացնող հանգստությունը

Ամեն ինչ տվել ենք «Գազպրոմ»-ին. փոխնախարարի անհանգստացնող հանգստությունը

Այսօր էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը, պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Հայաստան-Իրան գազատարի Քաջարան-Մեղրի` 40 կիլոմետրանոց հատվածը «Գազպրոմ»-ին վաճառելուն, պատասխանեց. «Շատ հանգիստ եմ վերաբերվում այդ վաճառքին: Ի վերջո, եկեք պրագմատիկ դաշտում նայենք. ամբողջ գազամատակարարման և տրանզիտային ցանցը գտնվում է «Գազպրոմ-Արմենիա»-ի ենթակայության տակ` որպես սեփականություն: Միայն մի փոքրիկ հատվածը՝ Քաջարան-Մեղրի հատվածը, գտնվում էր «Բարձրավոլտ ցանցեր» ընկերության բալանսում: «Բարձրավոլտ ցանցեր»-ը, սակայն, գազամուղներով չի զբաղվում, այն էլեկտրաէներգետիկայի շուկայի մասնակից ընկերություն է: Այսինքն` մասնագիտական առումով, «Բարձրավոլտ ցանցեր» ընկերությունը չի կարող ո\'չ շահագործումն ապահովել, ո\'չ ծախսերը կազմակերպել: Միանշանակ եմ ասում, ես` որպես մասնագետ, համարում եմ, որ ճիշտ է այն վաճառել այն կազմակերպությանը, որը մասնագիտացած է այդ ոլորտում: Եթե քաղաքական դաշտում եք նայում, դա այլ հարց է»:

Հարցին, թե չի՞ խանգարի «Գազպրոմը», եթե Հայաստանը ցանկանա Իրանի հետ գազային գործարքներ կնքել, փոխնախարարը պատասխանեց. «Ո՞նց կարող է խանգարել, ամեն ինչը գտնվում է լիզենզավորման դաշտում, եթե այդ ընկերությունը պայմանագրային հարաբերություններ ունի, ապա չի կարող խոչընդոտել այդ գործընթացին, որովհետև իրավասու չէ: «Գազպրոմը» ընդամենը ապահովում է շահագործումը, մատուցում է ծառայություն տրանզիտի համար, բայց պայմանագրի տերը, ասենք, ՋԷԿ-ը կարող է լինել: Որևէ տեղ անհանգստության կարիք չկա»:

Եթե ընկերությունը տրանզիտով է զբաղվում, ապա, ըստ նախարարի, դրա համար Հայաստանը պետք է վճարի, որովհետև կոմերցիոն պայմանագիր է կնքվում:

Հարցրեցինք` այսինքն` սուվերենության կորուստ չկա՞, Արեգ Գալստյանը պատասխանեց. «Ոչ, սուվերենության կորուստը` մենք արդեն ամբողջ ցանցը՝ խողովակներով, տրանզիտով, բանով, բնականոն ձևով տվել ենք իրենց, իրենք էլ նորմալ շահագործում են: Այլ հարց է, որ հավակնություններ կան՝ թանկ է, թե էժան է: Իսկ պրոֆեսիոնալ մասով` միանշանակ շահագործմամբ պետք է զբաղվի դրանում մասնագիտացած ընկերությունը՝ «Գազպրոմը»: