Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղի է ունեցել Հայաստանի գրողների միության նախագահության ընդլայնված նիստ՝ վերջերս համացանցում և հասարակության լայն շրջանակներում տարբեր մեկնաբանությունների նյութ դարձած ՀԳՄ և Նկարիչների միության շենքերի վերաբերյալ ՀՀ դատախազության՝ ՀՀ վարչական դատարանին ներկայացված հայցադիմումի քննարկման օրակարգով։
Գրողների միությունից հայտնում են, որ ՀԳՄ նախագահության անդամները իրենց անհամաձայնությունը և մտահոգությունն են հայտնել տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ՝ ներկայացնելով փաստարկներ, որոնց հանդեպ անհիմն ու անտրամաբանական են դատախազության մտադրությունները 1999 թ. մարտի 12-ի ՀՀ կադաստրի ՀԳՄ շենքի սեփականաշնորհման որոշման առնչությամբ։ ՀԳՄ շենքը կառուցվել է հենց գրողների միության համար և գրողների միջոցներով՝ Ավետիք Իսահակյանի անմիջական ներդրումով։
«Տեղի ունեցողն, իսկապես, անհանգստացնող է, լուրջ վտանգներով հղի երկրի հոգևոր-մշակութային կյանքում, ինչն էլ հաշվի առնելով՝ նախագահության նիստում որոշվեց 2024 թ. ապրիլի 13-ին, ժամը 12.00-ին հրավիրել Հայաստանի գրողների միության համաժողով՝ հարցը առավել ընդգրկուն ու մանրազնին քննարկելու համար։
Նախագահության անդամները ընդգծեցին, որ ԳՄ անդամները՝ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի, հետևողական են լինելու ՀԳՄ սեփականության հանդեպ ցանկացած ոտնձգության դեմ և չեն կասկածում, որ հասարակության լայն շերտերը, առավել ևս մտավորականությունը և մշակույթի մարդիկ լինելու են գրողների միության կողքին»,- նշում են Գրողների միությունից։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը հանդես է եկել «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու նախաձեռնությամբ, քանի որ «ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ»։ Դատախազությունը մեկնաբանել է միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը։
Հիշեցնենք՝ որ խնդրին անդրադարձել էր նաև Yerkir.am-ը և թեմայի շուրջ զրուցել «Գրական թերթի» խմբագիր, դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանի հետ, ում կարծիքը կարող եք կարդալ՝ այստեղ։