կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-02 13:14
Քաղաքական

Ասոցացման պայմանագրի նախապատրաստման համար ԵՄ-ից հատկացված գումարը ինչի՞ վրա է ծախսվել

Ասոցացման պայմանագրի նախապատրաստման համար ԵՄ-ից հատկացված գումարը ինչի՞ վրա է ծախսվել

Այսօր ԱԺ-ում քննարկվում է 2014թ. բյուջեի կատարողականը էներգետիկ ոլորտում:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին, թե արտարժույթի տատանումներն ի՞նչ ազդեցություն են ունեցել հաշվետու տարվա կատարողականի վրա: Պատգամավորը հարցրեց նաև` 2014-ին կառավարությունը ԵՄ-ից 5,9 միլիարդ դրամի աջակցություն է ստացել Ասոցացման պայմանագրի կնքման նախապատրաստման աշխատանքների համար: Բայց ինչի՞ վրա է ծախսվել այդ գումարը, եթե արդեն 2014թ. սեպտեմբերին պարզ դարձավ, որ Ասոցացման պայմանագիրը չի կնքվելու:

Պատգամավորի հաջորդ հարցը հարկային մուտքերին էր վերաբերում, թե ինչպե՞ս է հաջողվել դրանք ապահովել, եթե տնտեսական աճի ցուցանիշները շատ ցածր են, և արդյո՞ք ստվերը կրճատելու հաշվին է դա եղել:

Ջանջուղազյանը նշեց, որ, բյուջեի կատարման տեսակետից, արտարժույթի տատանումները էական ազդեցություն չեն ունեցել, բայց մի հատվածով ազդել են` դա ներքին շուկայում արժեթղթերի տեղաշարժման ազդեցությունն էր դեկտեմբեր ամսին: Ինչ վերաբերում է ԵՄ-ից ստացված աջակցությանը, նա նշեց, որ արդարադատության ոլորտի բարեփոխումների համար նախատեսված են եղել միջոցներ: Ընդհանուր առմամբ, 7,1 միլիարդ դրամ է նախատեսված եղել ԵՄ-ից` որպես ոչ նպատակային դրամաշնորհ, ուստի հարցը, թե ինչի՞ վրա են ծախսվել այդ գումարները, պատասխան չունի:

Հարկային մուտքերի վերաբերյալ գլխավոր գանձապետը հայտնեց, որ հավաքվել է այնքան հարկ, որքան հնարավորություն է տվել տնտեսությունը:

Արծվիկ Մինասյանը արձագանքեց, որ եթե չեն կարողացել տնտեսական աճ ապահովել, նշանակում է` բեռնվածությունն ավելի մեծ է լինելու, և կանխատեսումները ի սկզբանե սխալ են եղել, ինչը նշանակում է, որ տնտեսության դինամիկան մեր երկրում անկանխատեսելի վիճակում է: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ, նպատակային բյուջետային ծախսերի կապակցվածության տեսանկյունից, մեր բյուջեն աղավաղված է, ուստի Ջանջուղազյանի պատասխանը ոչ բավարար համարեց:


«Ճիշտն ասած` Ձեր` ինձ հետ համաձայն չլինելուն ես համաձայն եմ, որովհետև իմ պատասխանը երևի ճիշտ չի ընկալվել»,- ասաց Ջանջուղազյանը: