կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-29 16:25
Մշակույթ

Վահան Հովհաննիսյանի` դեպի լուսաբաց տանող «մայրամուտը»

Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է տեսել yerkir.am կայքի և ՀՅԴ Երևանի «Կոմիտաս» կոմիտեի նախաձեռնությամբ: Երկլեզու գրքում /հայերեն, ռուսերեն/ զետեղված է Հովհաննիսյանի համանուն խորագրով հոդվածաշարը` 4 մասից բաղկացած: Գրքի շնորհանդեսին ներկա էին Հովհաննիսյանի մայրն ու որդին, հարազատները, կուսակից և ոչ կուսակից ընկերները, ԱԺ պատգամավորներ, մտավորականներ և պարզապես ընթերցողներ:

Yerkir.am-ի հետ զրույցում Հովհաննիսյանի մայրը` Սյուվերա Հովհաննիսյանը, նշեց, որ հիշում է Վահանի նամակները, և նրա գրիչը, որը վերին աստիճանի սրամիտ էր, բայց` մեղմ: «Նա հայտնի էր նաև իր հումորով, որը նույնպես շատ մեղմ էր, ոչ մեկին վիրավորելու մտադրություն չուներ: Ես կարոտում եմ նրան, զգում նրա կարիքը»,- ասաց նա:

Տիկին Սյուվերան նշեց, որ Վահանն իրեն էր նվիրել «Մանդիլիոն» գրքի մի օրինակ և մակագրել: Նա ցավով նշեց, որ տղայի մահից հետո հարազատներից մեկը տարել է այդ գիրքը և չի վերադարձրել. «Ես շատ եմ տանջվում դրա համար, ախր մակագրությունն ինձ համար էր` ինձ ուղղված»:

Վահան Հովհաննիսյանի մայրը նշեց նաև, որ որդու մեծ ցանկությունն էր հենց գրքի խորագիրը` մայրամուտը հարկավոր է կասեցնել: «Նա չէր ուզում, որ մայրամուտ լինի մեր երկրի համար»,- ասաց նա:

Վահան Հովհաննիսյանի տղան` Հայկ Հովհաննիսյանը, նշեց, որ հայրը մահից առաջ հասկանում էր` ինչ է կատարվում, ու ամեն ինչին սկսել էր ավելի խորն ու փիլիսոփայաբար նայել: «Նա մեզ` ընտանիքի անդամներին, երբեք ուղիղ ձևով խորհուրդներ չէր տալիս, բայց վերջին շրջանում սկսել էր ուղիղ խոսել այն ամենի մասին, ինչ մտահոգում էր իրեն` մեզ հետ կապված: Ես միշտ էլ գիտեի, որ նա հայրենասեր է, բայց կյանքի վերջի տարիներին համոզվեցի, որ նա հստակ առաքելություն ուներ` հոգ տանել հայրենիքի մասին: Ինքն ամեն ինչ հասցրեց անել, հողին հանձնվելուց առաջ իր բոլոր պատգամները հասցրեց ասել»,- նշեց Հայկը:

Նա ասաց նաև, որ օրերս է կարդացել «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գիրքը, և կարծում է, որ այն ստիպում է հայ մարդուն մտածել այն ամենի մասին, ինչը մենք առօրյայում կա'մ չենք անում, կա'մ կիսատ ենք թողնում: «Թեև կոչվում է մայրամուտ, բայց ավելի հստակ ու կառուցողական պատգամ կա հոդվածներում` աշխատել ու ավելի քիչ բողոքել»,- ասաց Վահան Հովհաննիսյանի որդին:

Գրքի խմբագիր Հարություն Հարությունյանն էլ, իր հերթին, նշեց, որ երբ նախաձեռնում էր հրատարակել Վահանի այս գիրքը` ապրիլի 24-ին ընդառաջ, ոչ մի կերպ չէր ստացվում, ամեն անգամ ինչ-որ խնդիրներ էին առաջանում, բայց երբ եկավ Հանրապետության օրը, հալած յուղի պես գնաց հրատարակչական աշխատանքը:

«Յուրաքանչյուր հոդված լույս տեսնելիս Վահանը զանգում էր ինձ և հարցնում. «Ջե'յմս, ինձ դեռ չեն հեռացրե՞լ կուսակցությունից»: Հետո հավելում էր, թե` հեռացնեն-չհեռացնեն, մեկ է, գրելու եմ: Բայց Վահանի հոդվածներին սպասում էին բոլորը, որովհետև ՀՅԴ-ն այն կուսակցությունն է, որտեղ և՛ Վահան կա, և՛ գրիչ կա, և՛ թուր կա»,- ասաց Հարությունյանը:

Գրքի շնորհանդեսին ներկա` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հիշեց, որ երբ Վահան Հովհաննիսյանը լավ տրամադրություն ուներ իրեն դիմում էր` «նաչալնիկ», բայց երբ վատ տրամադրության մեջ էր կամ պիտի քննադատեր, ասում էր` «հանցավոր աշխարհի ներկայացուցիչ»:

«Նրա հետ շատ հետաքրքիր էր զրուցել, հաճելի էր աշխատել: Կարծում եմ, որ Վահան Հովհաննիսյանն այն մարդկանցից է, ով ողջ է այնքան, որքան մենք իրեն հիշում ենք: Այսօր, երբ գիրքը գնում էի, հիշեցի, որ «Մանդիլիոն» վեպի շնորհանդեսի ժամանակ ես նրան գրիչ էի նվիրել, և նա փորձեց հենց այդ գրիչով մակագրել ինձ հանձնելիք գիրքը: Գրիչը սկզբում չէր գրում, նա էլ ասաց, թե` «էս իշխանություններից ե՞րբ ենք խեր տեսել, որ…», բայց հետո, երբ սկսեց գրել, ասացի, որ ընդամենը համբերության խնդիր է իշխանությունների հետ աշխատելը: Շատ ջերմ հիշողություններ ունեմ»,- ասաց նախարարը` հավելելով, որ Վահան Հովհաննիսյանի տեղը Հայաստանի քաղաքական դաշտում դատարկ է մնացել: «Ես չեմ տեսնում մարդ, ով կարող է լցնել այդ տեղն իր մեծությամբ, խորությամբ, սրությամբ և ինտելեկտով»,- ասաց Աշոտյանը:

Խոսելով Վահան Հովհաննիսյանի գրչի մասին` նա նշեց, որ նրա նախորդ` «Մանդիլիոն» գիրքն ընթերցելիս հպարտանում էր, որ մեր քաղաքական դաշտում կա մարդ, ով նման ստեղծագործություն է տվել մեզ: «Ստեղծագործություն, որտեղ պատմականը, ազգայինը, դետեկտիվն ու ժամանակակից մատուցման ձևերը միախառնված էին: Շատ ուրախ եմ, որ գիրքը նրա մահից հետո էլ շարունակում է իր հաղթարշավը և հասնում տարբեր ազգի ներկայացուցիչ ընթերցողներին»,- ասաց նախարարը:

Գրքի շնորհանդեսի հետ կապված մանրամասները` դիտեք տեսանյութում: