կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-22 12:40
Քաղաքական

Կյանքը կստիպի քաղաքական ուժերին նորից իրար հետ համագործակցել. Լևոն Զուրաբյան

Կյանքը կստիպի քաղաքական ուժերին նորից իրար հետ համագործակցել. Լևոն Զուրաբյան

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ամփոփելով քառօրյան, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ ամենակարևոր հարցը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցն էր, բայց ամեն ինչ արվեց քաղաքական մեծամասնության կողմից, որ այդ հարցը չարծարծվի:

 

«Այս անգամ հասարակության ընդվզումը շատ ավելի ուժեղ է, քան նախորդ թանկացումների ժամանակ: Դրա վկայությունն այն երթն էր, որը նշանակված է մայիսի 27-ին: ՀԱԿ-ի կողմից կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել այդ երթին, մենք կգնանք այդ երթին, այն պետք է դարձնել հզոր երթ, որը կսթափեցնի իշխանություններին ու կհասկացնի, որ ամեն ինչ չէ, որ իրենք կարող են մարսել»,- ասաց նա:

 

Պատգամավորի կարծիքով` էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանն ասել է ճշմարտությունը, որ ՀԷՑ-ում տեղի է ունեցել գողություն, բայց երբ նա, միաժամանակ,  ասում է, թե փաստեր չունի, ապա դա, ըստ նրա, դեմագոգիա է, նույն դեմագոգիան, որը նախարարն անում էր «Նաիրիտ»-ի դեպքում:

 

Զուրաբյանի համոզմամբ՝ գլխավոր դատախազը պետք է լիներ ՀԷՑ-ում, զանգվածային ստուգումներ նախաձեռներ, նույնը վերաբերում է «Նաիրիտ»-ին, «Արմավիա»-ի գործին, բայց դատախազությունը, ըստ պատգամավորի, ցուցաբերում է անգործություն, որի պատճառը նախագահ կողմից տրված ցուցումներն են:

 

Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է նոր քառյակի կամ եռյակի ձևավորում խորհրդարանում` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարելու համար, Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ կյանքն է ստիպում քաղաքական ուժերին համագործակցել: «Փետրվարյան հարձակումներից հետո այդ համագործակցության ձևաչափը խարխլված է, և կարծում եմ` կյանքը ստիպելու է քաղաքական ուժերին նորից ձևավորել համագործակցության ձևաչափեր»,- ասաց պատգամավորը: