կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-20 12:21
Առանց Կատեգորիա

Ադրբեջանցիները եւս լինում են անմեղ

Ադրբեջանցիները եւս լինում են անմեղ

Երբ որեւէ երկրում սկսում ես պայքար տանել քեզ համար անցանկալի օլիգարխների հետ` զավթելով, խլելով, գրավելով նրանց օրինական կամ ոչ այնքան օրինական ունեցվածքը, ապա նաեւ պատասխան հարվածի պետք է սպասես: Ադրբեջանը պատրաստվում է այս տարվա ամռանը Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին, որոնց ողջ ընթացքում պետք է հանդես գա անվտանգության բացառիկ երաշխիքների տրամադրմամբ եւ անվտանգ մթնոլորտի առկայությամբ:

 

Իսկ ունեզրկված օլիգարխները, ունենալով երկրում դեռ որոշակի լծակներ եւ ռեսուրսներ, խաղերից առաջ բնակելի շենքի հրդեհով կարող է եւ պատասխանում են Իլհամ Ալիեւին, նրա վերջին գործողություններին: Ուշագրավ է, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ինքը հրդեհի հետաքննությունը վերցնում է իր վերահսկողության տակ, ինչը նշանակում է, որ Ալիեւն այս կերպ ոչ միայն հերթական անգամ սեփական ժողովրդին անչափ սիրող նախագահ է խաղում, այլ նաեւ հրդեհից անձնական վտանգ է զգում:

 

Ավելորդ չէ նշել նաեւ, որ երեկ հրդեհի գործով ձերբակալվեց երկրի մեծահարուստներից մեկը` Global Construction-ի ղեկավարը: Բանն այն է, որ Ադրբեջանում սուպերնախարարի կոչում ունի ոչ թե, ենթադրենք, ֆինանսների նախարարը, այլ արտակարգ իրավիճակների նախարար Քեմալեդդին Հեյդարովը: Իսկ հրդեհը հիանալի մեսիջ է, որ ոչ միայն Իլհամ Ալիեւը, այլեւ Քեմալեդդին Հեյդարովն ամենակարող չեն: Նման բան ցույց տալու համար ուժ եւ միջոցներ են պետք, իսկ Ադրբեջանում ուժ եւ միջոցներ, բացի Ալիեւից եւ Հեյդարովից, ունեն միայն օլիգարխները…

 

Այս ամենը միայն ենթադրություններ են, թեկուզ` տրամաբանական: Փաստն այն է, որ Ադրբեջանում բնակելի շենք է հրդեհվել, զոհերի թիվը հասնում է երկու տասնյակի, կան մի քանի տասնյակ վիրավորներ, տուժածների թվում կան երեխաներ: Իսկ այս համատեքստում Հայաստանում ոմանց ուրախությունն առնվազն անհասկանալի է:

 

Իրականում ոչ թե Ադրբեջանի նախագահի նստավայրը կամ պաշտպանության նախարարության շենքը կամ ԱԳ նախարարի «դաչան» է հրդեհվել, ոչ էլ, անգամ, Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամի շենքը /որը ղեկավարում է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւա- Փաշաեւան/, այլ անմեղ մարդկանց տներ: Մահացել են անմեղներ, ինչպես լինում է գրեթե միշտ, երբ մեղավորները շատ են:

 

Այլ հարց է, թե ինչպե՞ս ադրբեջանցիները կարձագանքեին, եթե, Աստված չանի, մեզ մոտ նման իրավիճակ լիներ, գուցեեւ ուրախանային, թերեւս` կուրախանային, լավ` հաստատ կուրախանային: Բայց մենք ինչ-որ մի բանով պե՞տք է տարբերվենք նրանցից…

 

Հովիկ Աֆյան