կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-19 16:58
Քաղաքական

Քաղաքականության մեջ հակափաստարկներով պետք է խոսել. Արծվիկ Միանսյանը՝ Լևոն Զուրաբյանին

Քաղաքականության մեջ հակափաստարկներով պետք է խոսել. Արծվիկ Միանսյանը՝ Լևոն Զուրաբյանին

ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որն առաջարկել են ՀՅԴ պատգամավորներն ու «Ժառագության» պատգամավոր Թևան Պողոսյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ նախագծում երկու թերություն է նկատում:

 

Ըստ պատգամավորի` եթե ընտրությունների ժամանակ Ընտրական օրենսգիրքն ապահովում է թեկնածուների համար հավասար պայմաններ հանրային հեռուստաընկերությամբ և ռադիոյով, ապա այս դեպքում բացթողում կա: «Օրինակ` օրենքը պետք է նախատեսեր, որ հավասար ժամանակ տրվեր «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցներին՝ հաշվի առնելով հանրաքվեի կարևորությունը»,-ասաց նա:

 

Երկրորդ նկտառումն այն էր, որ այստեղ ներառված չեն ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման վերաբերյալ ընդդիմադիրների առաջարկությունները, որոնց, ի դեպ, համամիտ էր նաև Դաշնակցությունը: Խոսքը վերաբերում է ցուցակների հրապարակմանը, ռեգիստրի մաքրմանը, տեսանկարահող սարքերի տեղադրմանը և այլն: «Եթե իշխանության նպատակն այն է, որ այս նախագիծը հանրաքվեի համար է, այս հարցերն էլ լուծեիք, ինչո՞ւ չեք արել»,- հարցրեց Զուրաբյանը:

 

Արծվիկ Մինասյանը նշեց, որ նշված առաջարկությունները ՀՅԴ-ն էլ է կարևորում, բայց դրանք ավելի շատ քաղաքական որոշման հարց են, քան իրավական: Նրա խոսքով՝ այդ գաղափարները չեն ներառել երկու պատճառով՝ որ կարողանան սահմանադրական փոփոխությունների շրջափուլում ակտիվ ներգրավել կողմերին և պահանջներն իրացնել սահմանադրական եղանակով: Ըստ Մինասյանի` այդ փոփոխությունները կառաջարկեն սահմանադրական փաթեթում:

 

Իսկ թե ինչո՞ւ հստակեցված չէ քարոզչության համար նախատեսված եթերը, Մինասյանը պատասխանեց, որ եթե թեկնածուների ժամանակ ամեն ինչ հստակ է, այս դեպքում հստակ չեն «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցները: «Հանրաքվեի ժամանակ չունենք թեկնածուներ, կան տեսակետներ արտահայտողներ, ինչպե՞ս պետք է որոշվի, սրանք խնդիրներ են: Ուրախ կլինենք քննարկել, եթե լինեն համատեղելի լուծումներ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Լևոն Զուրաբյանը հակադարձեց. «Առաջինը` իշխանությանը դրանով տալիս եք քաղաքական բազարի հարց, այսինքն` իրենք կասեն` դե լավ, կգնանք փոփոխությունների, եթե սահմանադրական փոփոխություններն ընդունեք: Երկրորդ՝ այն ուժերը, որոնք «ոչ» են ասում սահմանադրական փոփոխություններին, բայց կողմ են ընտրությունների անցկացման փոփոխությանը, դուք մի փաթեթի մեջ եք դնում և մեզ անհարմար վիճակի մեջ դնում, որ եթե մերժում եք սահմանադրական փոփոխությունները, նաև մերժում եք այդ փոփոխությունները: Ինչո՞ւ չէր կարելի հենց հիմա` մինչև սահմնադրական փոփոխությունները, անցկացնել այն»:

 

«Կարծում եմ` թերի մոտեցումներն ամեն մի քաղաքական ուժ պետք է ինքն իրեն տա, հետո նոր դիմացի ուժին»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ փաստ է, որ 20 տարուց ավելի է` հանրաքվեի ամբողջականությունը չի փոխվել:

 

«Այն, որ ձեր և նախորդ իրավանախորդ քաղաքական ուժի տեսակետների հետ մենք միշտ եղել ենք հակասության մեջ՝ սահմանադրության կարևոր կետերից մեկում, երկրի կառավարման մոդելի հարցում, դա էլ փաստ: Ելնելով այդ ամենից` գնահատական տալը թերի է, տեղին չէ: Գոնե քաղաքականության մեջ հակափաստարկներով պետք է խոսել, դրա համար առաջարկում ենք բովանդակային տեսքով քննարկել, ոչ թե` հայտարարությունների տեսքով»,- ասաց նա: