կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-15 11:27
Առանց Կատեգորիա

25 տարի չմարող հույսը

Բագրատ Ավանեսյանը 80 տարեկան է: Ապրում է Արարատի մազրի Նորաբաց գյուղում: Ծնվել է Մարտունու շրջանի Կենդխուր գյուղում: Պահարանում բոլոր հուշերն են, որ մնացել են նրա ծննդավայրից: Սովորել և աշխատել է Բաքվում` որպես փայտագործ: Հիշում է, որ, երբ արդեն անհանգիստ ժամանակներն էին, աշխատել է 3 ամիս՝ հոկտեմբերից մինչև նոր տարի, որից հետո ազատել են աշխատանքից: «Ասացին` վերջին հայն ես, գնա, որ բան չլինի: Էդ էլ ա հարգանքի նշան, էլի»,- հիշում է Բագրատ պապը:

 

1989 թվականին ընտանիքին ճանապարհել է, ինքն էլ մնացել այն հույսով, որ ամեն ինչ կկարգավորվի: Մինչև վերջին պահը չի ցանկացել լքել հայրական տունը, շատ է կապված եղել: Իր հետ Հայաստան կարողացել է բերել միայն տան փաստաթղթերն ու դստեր նվիրած` իր սիրելի գործիքները, որոնցով մինչև հիմա փայտագործությամբ է զբաղվում: 5 տարի դպրոցում է բնակվել: Մինչև կարողացել է տան տեր դառնալ:

 

«Տունը թողել եմ, եկել եմ ստեղ, երկու հատ տուն եմ սարքել: Կանաչ խոտի վրա, ոնց կրակ կանես, այ տենց ես ինչ աշխատել եմ, դրել եմ էս տան վրա: Մի լումա չեմ ստացել է Հայաստանից, մի լումա չի եղել օգնություն»,- ասում է Բագրատ Ավանեսյանը:

 

Կորուստը միայն առարկայական չի եղել: 5 երեխա է ունեցել: Հայաստանում երկուսը զոհվել են, մյուսներն էլ` բռնել արտագաղթի ճամփան: Համոզել է երեխաներին, որ մնան, իր տան մեջ բոլորին էլ տեղ կգտնվի, սակայն երեխաները վերցրել են իրենց ընտանիքներն ու լավ կյանքի ակնկալիքով հեռացել Ռուսաստան: «Լավ պայմաններից չեն գնացել, է, վատ պայմաններից են գնացել… Շատ էլ, որ կարոտել եմ, ի՞նչ պիտի անեմ, մի տեղից փախել, եկել եմ, որ հիմա ստեղից գնա՞մ»,- նշում է 80-ամյա Բագրատ պապը:

 

Երեխաներից օգնություն չի ակնկալում, ասում է, որ նրանց կարիքը ունենա, կօգնեն: «Իմ ձեռքերը ոսկի ա, ինչի՞ ինձ պետք ա օգնեն: Ես եմ իրանց օգնում»,- հպարտությամբ խոսում է Բագրատ Ավանեսյանը: Նա հիմա իր փոքրիկ հողակտորն է մշակում: Իրեն ու կնոջը բավականացնում է: Բաքվում թողած տան փաստաթղթերը խնամքով պահում է՝ հույսով, որ մի օր փոխհատուցում կստանա:

 

Գևորգ Խաչատրյան