կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-29 21:21
Հասարակություն

Չմարող անցեալը. Այսպէս ծագեց, արեգակեց․․․

Չմարող անցեալը. Այսպէս ծագեց, արեգակեց․․․

Սարդարապատ, Ղարաքիլիսէ, Բաշ-Աբարան․․․ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հետ մէկ բուռ դարձած մի ողջ երկիր ու ժողովուրդ տուեց իր հերոսամարտերը և 1918 թուականի Մայիս 28-ին իր՝ հայոց պատմութեան մէջ դրեց Հայաստանի Առաջին հանրապետութեան անջնջելի կնիքը։

Հայաստանի պատմութեան մեջ ձևաւորուեց իր անդրանիկ կառավարութիւնն ու առաջին օրէնսդիր մարմինը՝ Խորհրդարանը, կազմաւորուեց 60,000-ի հասնող ազգային բանակը, հիմնադրուեց Պետական Համալսարան, ստեղծվուց քաղաքային ոստիկանութիւնը, նորաստեղծ հանրապետութիւնն ունեցաւ իր ազգային դրօշը՝ Եռագոյնը, իր զինանշանը, ազգային դրամն ու դրոշմաթուղթը։ Իսկ արդէն 1920 թուականի օգոստոսի 10-ին Սևրի մեջ Հայաստանի Հանրապետութեան պատուիրակ Աւետիս Ահարոնեանը, ոսկեայ գրիչով ստորագրեց Սևրի դաշնագիրը՝ յանուն Միացեալ, Անկախ, Ազատ Հայաստանի։

Մայիսի 28-ը դարձաւ յաղթանակի, ազգային հպարտութեան տօն, ամենուր վեհօրէն ծածանւում էր մեր պետականութեան խորհրդանիշ Եռագոյնը։ Հայոց պատմութեան մէջ այս փառահեղ էջը նոր լուսաբաց էր ոչ միայն Հայաստանի համար, այլև աշխարհասփիւռ հայութեան՝ գաղութահայութեան, որ զրկուել էր հայրենի իր պետութիւնից․ նա այլևս ունէր հայկական իր պետութիւնը՝ նաև որպէս աշխարհասփիւռ հայութեանը միաւորող գոյութիւն։

Բայց յաղթական պատմութեան ընթացքը խարխլեցին, փոխեցին, Ազատ, Անկախ Հայաստանը դարձաւ խորհրդային Հայաստան, չծածանուեց էլ Եռագոյնը, այն իր հիմնադիրների հետ բռնեց տարագրութեան ճամբան մինչև Սփիւռք, ով պատուով ընդունեց և տէր կանգնեց իր հայրենի վտարանդի պետականութեանը։ Չնայած իր դժուար պայմաններին, իր բոլոր կարողականութեամբ Հայաստանի Առաջին Հանրապետութեանը թիկունք դարձած Սփիւռքի առջև էլ Հայրենիքում փակուեցին դռներ, բայց, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան լուրջ դերակատարութեամբ, սփիւռքը, ամէն գաղութի մէջ, կազմակերպուեց որպէս Հայրենիք, ամէն ընտանիքում սրբօրէն գուրգուրուեց և պահուեց Եռագոյնը՝ որպէս ազգային խորհրդանիշ հայոց պետականութեան։

Այո՛, Հայաստանից հանեցին Ազատ և Անկախ բառերն իրենց իմաստով, բայց ո՛չ վերջնական և ո՛չ հայի մտքից ու ոգուց, հայը երբեք չկտրուեց իր արմատներից, իր սկզբունքներից, իր հաւատքից․․․
Չնայած ամեն հնարաւոր ջանքերի, սակայն անկարելի եղաւ Հայաստանում արմատախիլ անել Մայիս 28-ի պատգամը և 1991 թուականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերականգնեց իր կորցրածը, և կրկին հերոսամարտով՝ Արցախի ազատագրումով հաստատեց իր Ազատ, Անկախ Հանրապետութիւնը։

«Ես այնուամենայնիւ հաւատ ունիմ խորունկ եւ ժայռի պէս անսասան, որ նա պիտի գայ վերստին, Ազատութեան այն աստուածային գեղեցկուհին։ Այդ հաւատը, հոգուս պորանում ճառագայթող անշէջ բոց է, որ ոչինչ եւ ոչ ոք կարող է մարել»-Աւետիս Ահարոնեան։
Եւ եղաւ Սփիւռքում փայփայուած Եռագոյնն ու Մայիսի 28-ը վերադարձան այլևս Ազատ, Անկախ Հայրենիք։

Գանատայի ՀՅԴ պատմութեան էջերն են, որ պատմում են դաշնակցական գաղափարակիրների, գաղթական հայորդիների ուղին դէպի Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստան՝ մտքերում ու հոգիներում ամուր պահած Մայիս 28-ի պատգամը, իսկ ձեռքերում՝ վեհ ծածանուող Եռագոյնը։

1920 թ․ Մայիս 23․ ՀՅԴ Պրենտֆորտի կոմիտէի ընկերական ժողովի արձանագրութիւնից հատուած
«Նկատելով Հայաստանի Հանրապետութեան երկրորդ տարեդարձի մօտենալը, ընտրուեցաւ յանձնախումբ մը, որուն թելադրուեցաւ որ տեղւոյս չէզոք յանձնախումբին դիմելու տօնել հանրապետութեան Բ տարեդարձը»։

1920 թ․ Մայիս 29․ ՀՅԴ Համիլթըն կոմիտէի արձանագրութիւնից հատուած։
«ՀՀ տարեդարձը տօնելու հարցը որոշուեցաւ համաձայնութեամբ։ Կօմիտէի վարչութիւնը տեղւոյն յայտարարութիւններ ցրուի գաղութիցն մէջ։ Գաղութը հրաւիրել խորհրդակցական ժողովի։ Կարգադրութիւններ ընել Հայաստանի Հանրապետութեան տարեդարձը տօնելու»։

1937 թ․ մայիսի 23․ ՀՅԴ Պրենդֆորտի կոմիտէի ժողովի արձանագրութիւնից հատուած։
«Յետոյ Հայաստանի Հանրապետութեան 19-րդ տարեդարձին տօնակատարման հարցը առաջարկ բերաւ ընկեր Մ Ափիկեան։ Այդ կենսունակ հարցն առանց ընդդիմականութեան անմիջապէս ժողովը տուաւ իր որոշումը, որ է Մայիս 30-ին հանդիսաւոր կերպով կատարել տօնը»։

1945 թ․ Մայիսի 20․ Պրենտֆորտի կոմիտէի արձանագրութիւնից հատուած
«Պրէնթֆորդի կօմիտէս ունեցաւ իր հրապարակային ժողովը Հայաստանի Հանրապետութեան 27-րդ տարեդարձի առթիվ, Մայիս 20-ին։ ․․․․Ժողովը բացուեցաւ «Մեր Հայրենիք» երգով ․․․․․Հայաստանի Հանրապետութեան ծնունդը, 1918 Մայիս 28 գրաւեց ներկաներու ուշադրութիւնը․․․»։

Ամինէ Թաշճեան Մուքոյեան