կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-11 14:37
Հասարակություն

Գիգանտամանիա ու ավելորդ պերճանք արդի եկեղեցաշինության մեջ

Գիգանտամանիա ու ավելորդ պերճանք արդի եկեղեցաշինության մեջ

Այսօր լրագրողների հետ զրույցում ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն անդրադարձավ եկեղեցաշինությանը` օրեցօր ավելացող եկեղեցիների համատեքստում: Մկրտիչ Մինասյանը նախ նշեց, որ հնարավոր չէ մեղադրել որևէ մեկին այն բանում, որ ցանկանում է իր ֆինանսական միջոցներով եկեղեցի կառուցել, սակայն նոր եկեղեցիների քանակը մոտենում է 100-ի, մինչդեռ կան արժեքներ, որոնցով հայ ժողովուրդը միշտ հիացել է, կան հինավուրց եկեղեցիներ, որոնք գտնվում են ոչ բարվոք վիճակում, սակայն դրանց վերականգնման ուղղությամբ միջոցառումներ չեն իրականացվում:


«Եթե ժամանակին ճիշտ քաղաքականություն տանեինք, և հիմա էլ ուշ չէ, և ներդնողները դրա իմաստը հասկանային, օգնեին պետությանը` վերականգնել ու բարեկարգել այդ հին եկեղեցիները, ապա այսօր այլ վիճակ կունենայինք»,- ասաց Մկրտիչ Մինասյանը` հավելելով, որ վերականգման վրա ավելի քիչ ֆինանսական միջոցներ են ծախսվում, քան նորերը կառուցելու վրա:

 

Նա օրինակ բերեց Ավան թաղամասում գտնվող եկեղեցին, որը միջնադարյան եկեղեցի է, սակայն գտնվում է ոչ բարվոք վիճակում: Բանախոսը հավատացած է, որ եթե ճիշտ քաղաքականություն տարվի, ապա հայ ժողովուրդը կկարողանա պահպանել իր ժառանգությունը:


Մկրտիչ Միանսյանը կարծում է, որ այսօր եկեղեցաշինության մեջ որևէ առաջ քայլ չի կատարվում, որովհետև կառուցվող եկեղեցիները կրկնում են նախկինում ստեղծված տիպային եկեղեցիները:


«Եկեղեցիների պակաս ոնց որ թե չունենք, բայց ականատեսն ենք դառնում նորանոր եկեղեցիների կառուցմանը: Եթե մոլեռանդորեն մի բան շատ ես անում, դա հակառակ արդյունքի է հանգեցնում, որովհետև այսօր շատ բացեր ունենք` դպրոցներ պետք է կառուցվեն, մշակույթի օջախների կարիք ունենք: Չտեսնված Սանահին ունենք, որը սոսկալի վիճակում է գտնվում: Պետությունը չի կարող վերականգնել հազարավոր եկեղեցիները, բայց եթե ճիշտ քարոզչություն իրականացվի ադմինիստրատիվ ռեսուրսի ու եկեղեցու կողմից, ապա ավելի լավ արդյունքներ կունենանք»,- ասաց նա:


Ճարտարապետը նշում է, որ հայ ժողովուրդն իր պատմության մեջ չի ունեցել պճնված եկեղեցիներ, ավելորդություններ եկեղեցիներում ու դրանց կառուցման մեջ չեն եղել, ամեն ինչ եղել է չափի ու ճաշակի մեջ, քանի որ խոսքը վերաբերում է հավատքին, և ամեն քանդակ ունեցել է իր իմաստը: Այնինչ` հիմա կառուցվում են եկեղեցիներ, որոնց պատն ամբողջովին ծածկված է խիտ քանդակներով` գործի նման, և դա արդեն ավելորդություն է:


«ՀՀ նախագահը և կաթողիկոսը չեն կարող արգելել բարերարներին` կառուցել եկեղեցիներ, բայց նրանք կարող են ասել, որ եթե կառուցում ես մեկ եկեղեցի, ուրեմն մեկ երկու եկեղեցի էլ վերականգնիր»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:


Նա անդրադարձավ նաև արդեն կառուցված նոր եկեղեցիներին` նշելով, որ քանի դեռ բարերարներն են ֆինանսական ներդնողները, ապա ինչ ուզում, անում են, կարող են անունը դնել Սուրբ Աննա, կարող են հսկայական չափերի եկեղեցի կառուցել, այնինչ` գիգանտամանիան հայ եկեղեցաշինությանը բնորոշ չէ, ավելին` դա ճնշող է ու չի նպաստում հոգեհարազատ միջավայրի ձևավորմանը:


Ինչ վերաբերում է Կոմիտասի անվան այգում կառուցվելիք հսկա եկեղեցուն, Մկրտիչ Մինասյանը նշեց, որ իր համար զարմանալի է եկեղեցու հսկա չափերի իմաստը: «Շատ հնարավոր է, որ եկեղեցու ճարտարապետի դուրն էլ չի գալիս, բայց տերը նա է, ով փող է ներդնում, և ով ինչ ուզի, կանի, առայժմ այդպես է»,- ասաց նա: