կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-08 12:46
Մշակույթ

Արդի արձակի հիմնախնդիրները` երեք սերունդների աչքերով

Արդի արձակի հիմնախնդիրները` երեք սերունդների աչքերով

Ապրիլի 5-6-ը տեղի ունեցավ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության, Երևանի պետական համալսարանի եւ Հայաստանի Գրողների միության կազմակերպած  գիտաժողովը` նվիրված արդի հայ արձակի հիմնախնդիրներին: Ապրիլի 6-ին գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին գրողների` Ծաղկաձորի ստեղծագործական տանը, ուր նաեւ քննարկումներ տեղի ունեցան: Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան շուրջ 22 գրականագետներ` Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից:

 

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության նախագահ Լիլիթ Գալստյանը կարեւորեց գրականությունը վերլուծելու ցանկացած փորձ, քանի որ գրականությունը, ըստ նրա, այն պաշարն է, որն ինքնաճանաչողության, ինչպես նաեւ աշխարհը ճանաչելու դռներն է բացում:

 

Երևանի պետական համալսարանի գրականության տեսության եւ գրաքննադատության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ Ժենյա Քալանթարյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ գիտաժողովի ընթացքում արծարծված հարցերը բավականաչափ բազմակողմանի էին, եւ մասնակիցները տարբեր հեղինակների գործերն էին վերլուծել: Ըստ Քալանթարյանի` չի կարելի փոքրացնել նման միջոցառումների նշանակությունը:

 

«Սակայն ես ավելի փոքր շրջանակում ավելի քիչ խնդիրների խորքային քննություն կուզեի լսել: Ասենք ` դրվեր մեկ-երկու խնդիր, եւ հենց այդ հարցերը ներկաները խորացնեին, օրինակ` անդրադարձ կատարվեր հերոսների, մեթոդի խնդրին, քննադատության դերին: Հերոսի խնդիրը շատ կարեւոր է, քանի որ հերոսը բնորոշում է թե՛ գրողի գեղագիտությունը եւ թե՛ ժամանակաշրջանի ոգին»,-ասաց գրականագետը:

 

Քալանթարյանի հավաստմամբ` գրողների ակնկալիքները գիտաժողովի ոչ մի ձեւաչափ չի արդարացնում, քանի որ բոլորն էլ ուզում են նկատված լինել: Ըստ նրա` նման դեպքերում գրողների մի մասը վիրավորվում է, որ իր գործերը չեն քննարկում, կամ ոչ բոլորի մասին է ցանկալի խորությամբ խոսք լինում, իսկ գրականագետները բողոքում են, որ ելույթի համար հատկացված սուղ ժամանակի պատճառով չհասցրին իրենց տեսակետն ամբողջությամբ ներկայացնել. «Այնուհանդերձ, նման գիտաժողովը իրազեկման առումով մեծ նշանակություն ունի, քանի որ հաճախ գրականագետը, զբաղված լինելով իր աշխատանքով, միգուցե մեկ-երկու նոր գործ բաց թողնի»:

 

Երեւանի պետական մանկավարժական համալսարանի Սփյուռք գիտա-ուսումնական կենտրոնի հիմնադիր, բ.գ.դ., պրոֆեսոր, գրականագետ, գրաքննադատ Սուրեն Դանիելյանն էլ նշեց, որ արձակի բոլոր հիմնախնդիրները իմի բերելը եւ վերլուծելը բավական երկար ժամանակ կպահանջեր:

 

Նրա կարծիքով` ուրախալի էր այն հանգամանքը, որ երեք տարբեր սերունդներ էին կողք կողքի նստած, եւ նրանք իրենց հայացքներն էին ներկայացնում. «Գուցե երբեմն ծայրահեղ էին, անմիջական ու հախուռն էր նրանց տեսակետը, բայց այն, որ յուրաքանչյուրն ուզում էր գրական նյութերի նոր գիտական եզրակացության հանգել, փաստ է: Մեր մասնակիցների խոսքը բավական ծանրակշիռ էր, գրողները ներկայացված էին իրենց հիմնական շեշտերով»:

 

Մյուս կողմից, ըստ Դանիելյանի, գիտաժողովի խորագիրը` արդի արձակի հիմնախնդիրները, շատ վերացական է, քանի որ, նրա կարծիքով, արձակը շատ խնդիրներ ունի, եւ ավելի լավ կլիներ, եթե, ասենք, մոտ 3 հիմնախնդիր վերցվեր. «Կար մի ընդհանուր հարց էլ` սփյուռքահայ արձակի խնդիրների մասին անդրադարձ գրեթե չեղավ, ինչպես նաեւ մենք խնդիր ունենք արդի արձակի հիմնախնդիրները համընդհանուր արձակի դաշտում քննելու, քանի որ արձակի ժանրում առկա խնդիրները մի փուլի, էտապի խնդիրներ չեն»:

 

Թատերագետ, ՀԹԳՄ քարտուղար Լեւոն Մութաֆյանը կարծում է, որ գրականագետները հիմնական ուշադրությունը սեւեռել էին այն հեղինակների վրա, որոնք այսօր որոշակի հանգրվանային արժեքներ են ձեւավորել արձակի ճանապարհին:

 

«Չնայած նրան, որ կրկնվեցին հեղինակներն ու ստեղծագործությունները, ես ուրախացա, այսպես ասած` անունների եւ նրանց նկատմամբ ձեւավորված վերաբերմունքի առումով, ես ինձ բավարարված եմ զգում: Սակայն, մյուս կողմից, շատ դժգոհ եմ, քանի որ չշոշափվեցին գեղագիտական խնդիրները, ինչպես նաեւ գրականագիտական հայացքն ու արժեւորումն էր բացակայում, շատերի զեկուցումները թողնում էին հաղորդումի տպավորություն»,- ասաց Մութաֆյանը` հավելելով, որ, այնուամենայնիվ, սա այն կարեւոր փորձերից էր, որը մեր արձակի վիճակը խորապես քննելուն հանգեցրեց: