կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-06 12:55
Քաղաքական

ԲՀԿ մամլո խոսնակը չի միացել Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին

ԲՀԿ մամլո խոսնակը չի միացել Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին

ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Գոհար Ենոքյանի ձերբակալությանը, նշեց, որ այդ առիթով իր տեսակետը մեկն է` գործը գտնվում է հատուկ քննչական ծառայության և իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, ուստի ինքը չի կարող իրավական գնահատականներ տալ:

 

«Բարոյական մասով միայն կարող եմ դիտարկումներ անել: Հայտնի է արդեն, որ պատգամավորների կողմից ստորագրահավաք էր սկսվել` դիմել գլխավոր դատախազին` խափանման միջոցը փոխելու համար: Ես անձամբ տեխնիկապես չեմ հասցրել մասնակցել ստորագրահավաքին, բայց կարծում եմ` դա մարդասիրական քայլ է: Քանի որ տիկին Ենոքյանը 73 տարեկան կին է, կարծում ենք, որ նրա առողջական վիճակն էլ պետք է հաշվի առնել: Բայց կոնկրետ գործի վերաբերյալ զերծ կմնամ գնահատականներ տալուց»,- ասաց Բաբայանը:

 

Ուշագրավ է, որ նա այդպես էլ չպարզաբանեց, թե ինչ տեխնիկական խնդիրների պատճառով է, որ չի միացել ստորագրահավաքին, և սա այն դեպքում, երբ երեկ ԱԺ-ում էր:

 

Հարցին, թե` ի վերջո, իր կարծիքով, Գոհար Ենոքյանն արդյոք ունա՞կ էր նման հանցագործություն կատարել, Բաբայանը պատասխանեց. «Ես չեմ կարող անհատապես ասել` մարդիկ ունակ են, թե ունակ չեն: Ես ԱԺ պատգամավոր եմ և ԲՀԿ-ի մամուլի խոսնակը և չեմ կարող անհատական կարծիք հայտնել: Քանի կա իրավական մոտեցումը, մարդկային մոտեցումներն այս հարցում երկրորդական են»: