Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գործարար Լևոն Հայրապետյանի ընկերոջ` Արթուր Սաֆարյանի խոսքով` Լևոն Հայրապետյանի առողջականի հարցում դրական փոփոխություն չկա: Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով Լևոն Հայրապետյանի առողջական վիճակի մասին, նա նշեց, որ կալանավորելու պահից սկսած նրա առողջական վիճակը վատ է եղել, և բանտային պայմանները ավելի են խորացրել վիճակը:
Նշենք, որ Բասմանյան դատարանի որոշմամբ` Լևոն Հայրապետյանը կալանավորված է և գտնվում է «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանի երրորդ հարկում տեղակայված բուժմասում: Լևոն Հայրապետյանի փաստաբանը բողոքարկել է այդ որոշումը`պահանջելով փոխել խափանման միջացը, և դատարանը երեք շաբաթյա ժամկետում պետք է դատական նիստ անցկացնի ու հրապարակի բողոքարկման պատասխանը:
«Հիվանդանոց տեղափոխելու հարցը որոշում է բժշկական կոմիսիան, սակայն նման որոշում դեռ չկա»,- ասաց Արթուր Սաֆարյանը:
Նա նշեց, որ հուլիսի 31-ին Երևանի Ազատության հրապարակից, ժամը 17-ին երթ է կազմակերպվելու` ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի, որից հետո կկազմվի համապատասխան հայտարարություն, որն էլ կփոխանցվի ՀՀ-ում ռուսական դեսպանատանը և ՄԻՊ-ին:
Ինչ վերաբերում է Լևոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ Ռուսաստանի քաղաքական շրջանակների արձագանքին, նա նշեց, որ դեռևս որևիցե արձագանք չկա, բայց կա Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինայի կոչը` ազատ արձակել Լևոն Հայրապետյանին` հակառակ դեպքում դա կհանգեցնի «Մագնիտսկու գործին»:
Մեր այն հարցին` արդյոք բավարա՞ր է Հայաստանի քաղաքական շրջանակների արձագանքը Լևոն Հայրապետյանի կալանավորման հետ կապված, Արթուր Սաֆարյանն այսպես արձագանքեց. «Բայց Հայաստանի քաղաքական շրջանակից արձագանք եղե՞լ է: Որոշ անհատներից եղել են սատարման հայտարարություններ, բայց պետական մոտեցում չկա, որ գոնե միջնորդեն խափանման միջոցը փոխելու, որովհետև բազմաթիվ ձևեր կան: Իհարկե, պետությունը իրավունք էլ չունի իրավական առումով միջամտի այնպիսի հարցին, որով նախաքննություն է ընթանում, մանավանդ որ Լևոն Հայրապետյանը Ռուսաստանի քաղաքացի է, բայց պետությունը կարող է հոգ տանել իր ազգակցի մասին, և խնդրի Ռուսաստանին կալանքի ձևը փոխել` Լևոն Հայրապետյանի ծանր առողջական վիճակից ելնելով»:
Մեր այն հարցին, թե ինչո՞վ է բացատրվում Հայաստանի իշխանությունների պասիվ կեցվածքը, պատասխանեց. «Չգիտեմ, չեմ կարող բացատրել»:
Գործի վարկածների հետ կապված Արթուր Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ այն ունի ներռուսաստանյան քաղաքական դրդապատճառներ: